21/05/2015 13:05
Զինծառայողների՝ օտարերկրյա պետություններում բուժվելու մասին նախագիծը հաստատվեց
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենքի նախագծին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում ՀՀ տարածքում համապատասխան բուժման անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացնել արտերկրում, բուժումը առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին՝ հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաև ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը. հարցը քննարկվել է Արդարադատության նախարարության հետ։
Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ նախագծի ընդունմամբ մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների համար օտարերկրյա պետություններում պետական բյուջեի հաշվին բուժումը լրացուցիչ խթան կհանդիսանա առանձնահատուկ պայմաններում զինվորական ծառայության պատշաճ իրականացման համար, ինչպես նաև կբարձրացնի զինծառայողների պաշտպանված լինելու հանգամանքը: