21/05/2015 15:15
Մեքենայի վրա կրակելու գործով հարցաքննված Տ. Կարապետյանը կդիմի դատարան
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակահերթ բացելու գործով հարցաքննվել է, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդիկ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց Տ. Կարապետյանը:
Նրա խոսքով՝ իրեն հարցաքննության են տարել մամուլում վերջին հրապարակումների հիմնավորմամբ:
Հարցին՝ իր համար տարօրինա՞կ չէր, որ իրեն հարցաքննության են հրավիրել, Տ. Կարապետյանը պատասխանեց, որ իրեն հարցաքննել են իր հետ կապված մամուլում առկա վերջին հրապարակումների հիմնավորմամբ, հարցաքննությունը երկար չի տևել:
«Լրատվամիջոցներով իմ ասածը համատեսքտից ամբողջությամբ կտրվել է, դարձրել են սենսացիա, բայց ես օրենքով ապրող մարդ եմ»,-ասաց նա:
Հարցին՝ շատերի համար տարօրինակ է, որ այդքան կրակոցներից հետո Ս. Խաչատրյանին և նրա ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկին գնդակ չի դիպել և դրանից անմիջապես հետո իրեն հարցաքննել են, արդյոք իր նկատմամբ դիտավորություն չի տեսնում, նա պատասխանեց, որ չի ցանկանում խոսել ենթադրություններով, իսկ դեպքը ինքնին իր համար էլ է շատ զարմանալի և որոշակի դիտավորություն լրատվամիջոցներով իր անունը արատավորելու հետ կապված տեսնում է:
Նա ասաց, որ պատրաստվում է հայցով դատարան դիմել՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ, ով արդեն լրատվամիջոցներով իր անունը տվել է՝ որպես այս հանցագործության հնարավոր կազմակերպչի և բազմիցս զրպարտել է իրեն լրատվամիջոցներով:
Նշենք, որ Aravot.am-ի հարցին՝ Գորիսում ո՞վ կհամարձակվեր Սուրիկ Խաչատրյանի վրա կրակել, Վոլոդյա Հովհաննիսյանը պատասխանել էր. «Նրանք կհամարձակվեին, ովքեր սպառնացել են մարզպետին մի քանի անգամ և արդեն վախենում են իրենց փափուկ ու փողոտ պաշտոնը կորցնել»: Հստակեցրինք՝ անուններ տվեք, մարզպետի խորհրդականն ասաց. «Այդ անունները կտան իրավապահ մարմինները: Կոնկրետ Տիգրան Կարապետյանը սպառնացել է, կամ այն մարդիկ, ովքեր հակասուրիկխաչատրյանական քաղաքականություն են վարում Գորիսում: Կան մարդիկ, որոնք որոշակի իշխող խմբի են հարում, զանգում են ԶԼՄ-ներին որոշակի ապատեղեկատվություն են տալիս և փորձում Սուրիկ Խաչատրյանին հեղինակազրկել: Գորիսում կա չորս-հինգ ընտանիք, որ նման քաղաքականություն է վարում: Սուրիկ Խաչատրյանին սպառնացել են նաև վիրավորված երեխայի ծնողները: Սա դասական մահափորձ է ՀՀ իշխանության ներկայացուցիչ մարզպետի նկատմամբ և դա ներկայացնել որպես պատահականություն կամ սարքովի բան, նույնքան անբարոյական է, որքան արեգակին ասել լուսին»: