22/05/2015 12:04
Գ. Հարությունյան. Մշակվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին բաժինը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Սահմանադրական բարեփոխումների հայցեկարգին հավանություն տալուց հետո հանձնաժողովը սկել է առաջին բաժնի մշակումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Հանձնաժողովում կատարվել է աշխատանքի որոշակի բաժանում, դեռևս բացի առաջին երեք բաժիններից հանձնաժողովում մյուս բաժինների վերաբերյալ քննարկումներ չեն եղել և դիտարկումներ չկան»,-ասաց Գ. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս հարցում գերագույն խնդիրը իրավունքի գերակայությունն է, մարդակենտրոն սահմանադրություն ունենալը, ինչպես նաև այն, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված, իսկ մշակված երեք գլուխները մայիսի 17-ին և 18-ին ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկմանը:
«Ինձ համար անձնապես ամենապատասխանատու բաժինները հենց իրավունքի գերակայության երաշխավորումն ու մարդակենտրոն Սահմանադրության ձևավորումն ապահովող բաժիններն են, որոնք թույլ չեն տալիս հայեցողության սկզբունք: Դրա համար անհրաժեշտ էր մանրակրկիտ աշխատանք, ինչը կատարվել է և ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովը ստեղծել է փորձագետների խումբ, որոնց հետ քննարկումներ են կատարվում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ եվրոպացի մասնագետները ներկայացրել են մի շարք նկատառումներ, բայց հայտնի չէ, թե երբ կլինեն նրանց դիտարկումները, իսկ առանձին քաղաքական ուժերի հետ քննարկումներ չեն եղել:
«Նախատեսում ենք մինչև հունիսի 12-ը հանդիպել այն կուսակցությունների հետ, ովքեր իրենց դիտարկումներն են արել հայեցակարգի վերաբերյալ, իսկ մինչ այդ, 2 հանդիպում արդեն եղել է ՀՅԴ-ի և «Ազգային ինքնորոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդիպել ենք նաև ԲՀԿ ներկայացուցչի հետ, ով շեշտել է, որ իրենք պատրաստակամ են բովանդակային քննարկումներին»,- ասաց նա: