22/05/2015 18:32
Ի՞նչ անդրադարձներ կան հռչակագրում Հայաստանի վերաբերյալ
ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասով հռչակագրում նշվում է, որ գագաթաժողովի մասնակիցները ողջունում են 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքներով հաստատված այն մոտեցումը, որ պետք է գործընկեր երկրների հետ զարգացնել տարբերակված մոտեցումներ:
«Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի և ԵՄ-ի միջև ձեռք բերված ընդհանուր ըմբռնումը` ուղղված Հայաստանի և ԵՄ-ի միջև ապագա համաձայնագրին, որը կոչված է նպաստելու շահագրգիռ ոլորտներում երկուստեք համակողմանի համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը»,- նշված է հռչակագրում:
Գագաթաժողովի մասնակիցները նաև ողջունել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիա) համաձայնագրով Հայաստանի մինչ օրս իրականացրած բարեփոխումները` հույս հայտնելով, որ արդեն առաջիկայում կմեկնարկեն առանց վիզային ռեժիմի հաստատման շուրջ բանակցությունները:
Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության մասով հռչակագրում նշվում է, որ գագաթաժողովի մասնակիցները նաև հույս են հայտնում, որ ի թիվս այլ կրթական ծրագրերի, Հայաստանը ավարտին կհասցնի «Հորիզոն 2020» հետազոտական և նորարարական թեմաներին վերաբերվող ծրագրի միանալու գործընթացը:
Հռչակագրում գագաթաժողովի մասնակիցները նաև հույս են հայտնել, որ Հայաստանը ապագայում կմասնակցի նաև փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացմանն ուղղված ԵՄ ծրագրին: Հռչակագրով նախատեսվում է նաև առաջին իսկ հնարավորոթյան դեպքում մեկնարկել ՀՀ-ԵՄ Ավիացիոն համաձայնագրի կնքման շուրջ աշխատանքները: