22/05/2015 14:37
ՍԴ նախագահ. Մենք պարտադրված ենք սահմանադրական փոփոխություններն իրականացնել միայն վիրահատական միջամտության ճանապարհով
Սահմանադրական զարգացումներին չի կարելի մեխանիկորեն մոտենալ, դրանք անընդհատ շարունակվող գործընթացներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ճիշտ ՀՀ երեք իշխանություններից յուրաքանչյուրի գործողությունները մշակել և գործի դնել նոր Սահմանադրություն:
Նրա խոսքով՝ այդ զարգացումների հնարավորությունները պետք է նախատեսված լինեն Սահմանադրությամբ և լինեն իրացվելիք, սակայն, դժբախտաբար, մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դինամիկ զարգացումների հնարավորությունները խիստ սահմանափակված են:
«Այդ զարգացումը երաշխավորելու համար մենք չունենք օրգանական օրենքներ և իշխանությունների՝ սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման ինստիտուտ: Այս պարագայում մենք պարտադրված ենք սահմանադրական փոփոխություններն իրականացնել միայն վիրահատական միջամտության ճանապարհով: Եթե այդ ճանապարհն էլ արհեստականորեն փակենք, ապա Սահմանադրությունը կվերածվի արգելակման միջոցի»,- ասաց նա:
Նա մատնանշեց Գերմանիայի՝ 1949 թվականին ընդունված Սահմանադրությունը, որում 200-ից ավելի փոփոխություններ են կատարվել:
Գ. Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումները պետք է պայմանավորված լինեն անհրաժեշտությամբ, ոչ թե իշխանությունների ցանկությամբ և դրա հիմնավորումները կան բարեփոխումների հայեցակարգում: