22/05/2015 13:45
ՍԴ նախագահ. Իշխանության համար վերարտադրվելն ավելի հեշտ է այսօրվա սահմանադրությամբ
Եթե գործող իշխանությունը ցանկանա վերարտադրվել, ապա դա կարող է անել ավելի հեշտ այսօրվա սահմանադրությամբ, քան՝ փոփոխությունների միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե շատերը ասում են, որ սահմանադրական փոփոխությունները իշխանություններն իրականացնում են վերարտադրության համար:
Հարցին՝ Սահմանադրական դատարանը երբևէ կարո՞ղ է անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանը միշտ կարող է անվավեր ճանաչել նախագահական ընտրությունները, եթե դրա սահմանադրական հիմքերը կան»:
Նա ասաց, որ չի ցանկանում թեկուզ մոտավոր կանխատեսումներ անել բարեփոխումների վերջնական տարբերակի ժամկետների վերաբերյալ:
«Կարող եմ ասել, որ գոնե աշնանը մենք մեզ հետ կապված աշխատանքները կփորձենք իրականացնել և ներկայացնել Նախագահին»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով կառավարման խորհրդարանական կամ նախագահական համակարգին վերաբերվող հարցին՝ նա ասաց, որ տարբերակի ընտրությունը քաղաքական խնդիր է կամ քաղաքական լուրջ տարր պարունակող և տրամաբանական չի լինի, որպեսզի նախաձեռնող սուբյեկտը 2 տարբերակ ներկայացնի Ազգային ժողով:
«Այդ դեպքում կստացվի, որ նախաձեռնող սուբյեկտը դառնում է նաև Ազգային ժողովը, չնայած, իհարկե, ոչ մի փուլում չի բացառվում, որ Ազգային ժողովն էլ կարող է ինքը տարբերակ ներկայացնել, իսկ թե ինչ կլինի, որը կընտրվի, դա արդեն մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ, այլ մեր խնդիրն է»,-նշեց ՍԴ նախագահը: