22/05/2015 20:07
Առաջին բանաստեղծության, առաջին սիրո, երջանկության ու տխրության մասին. Աստղերը հիշում են իրենց վերջին զանգը
Այսօր Հայաստանի դպրոցներում վերջին անգամ հնչեց ուսումնական տարվա վերջին զանգը: Aysor.am-ն այդ առթիվ խոսեց հանրային ճանաչում ունեցող հայ երիտասարդ արվեստագետների հետ: Պատահականության սկզբունքով` մեր զրուցակիցները միայն արական սեռից են… Ո՞ր դպրոցն են ավարտել, ինչպիսի աշակերտ են եղել, դպրոցական 10 տարիների ընթացքում ի՞նչ խենթություններ են արել և արդյոք այսօր հաճախ են հանդիպում դպրոցական ընկերներին… Ահա այն հիմնական հարցերը, որոնց պատասխանել են մեր հյուրերը:
Ավետ Բարսեղյան (հաղորդավար)
Ավարտել եմ 1997 թվականին` Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: Շատ ակտիվ և լավ սովորող աշակերտ եմ եղել: Ի տարբերություն ուսանողական տարիների, դպրոցում հրաշալի եմ սովորել և ավարտել եմ կարմիր վկայականով: Հետագայում հենց այդ դպրոցում էլ դասավանդել եմ: Քանի որ մեծ ցանկությու ունեի ընդունվել Պոլիտեխնիկ ինստիտուտ, առավել հակում ունեի մաթեմատիկական, ֆիզմաթ առարկաների նկատմամբ: Սակայն հետագայում այնպես ստացվեց, որ հումանիտար ուղղություն ընտրեցի:
Առաջին լուրջ, գիտակցական տարիքի սերս հենց դպրոցում է ծնվել: Իհարկե, սիրահարվծ եղել եմ մեր դասարանի լավագույն աշակերտուհուն, բայց ընկերություն և լուրջ հարաբերություն ունեցել եմ դպրոցի այլ հոսքի դասարանի աղջկա հետ:
Առաջին անգամ երգի խոսքեր գրելու փորձեր արել եմ հենց վերջին զանգի կապակցությամբ:
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, թող նրանց վերջին դպրոցական զանգը ազդարարի գեղեցիկ կյանքի սկիզբը:
Խաչիկ Եղոյան (ռեժիսոր)
Ավարտել եմ Շենգավիթ համանյքում գտնվող Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցը` 1995 թվականին: Թեև շատ չարաճճի երեխա եմ եղել, բայց մինչև օրս էլ ուսուցիչներս խոստովանում են, որ որքան էլ «չար» էի, միևնույն է` համովն էի: Մեր չարաճճիությունները չի կարելի համեմատել այսօրվա երեխաների վարքի հետ. հիմա սոսկալի բաներ են կատարվում, մեծին հարգելու գիտակցությունը, ցավոք, այսօր նվազել է:
Ասեմ, որ դասերին, իհարկե, մատների արանքով էի նայում ու գերազանցիկ չեմ եղել, բայց ծույլիկ էլ չեմ եղել: Կարող էի հարվածային լինել, բայց միջակ դարձա հենց իմ չարաճճիությունների պատճառով: Հիմա շատ եմ զղջում դրա համար, պետք էր ավելի շատ ժամանակ տրամադրել դասերին:
Շատ խենթություններ եմ արել դպրոցական տարիներին: Այն ժամանակ ամեն մեկը չէր, որ տեսախցիկ ուներ: Մենք երազում էինք, որ մեր վրա «կամերաներ» տեղադրված լինեին, որ տարիներ անց նայեինք ու լիաթոք ծիծաղեինք: Փաստորեն, այդ գյուտը 20 տարի առաջ մենք ենք անգիտակցաբար կատարել (ծիծաղում է):
Երբ ավարտեցինք, մեզ թվում էր, թե մեր դասարանն աշխարհի ամենալավ դասարանն է: Բայց արի ու տես, որ արդեն շուրջ 10 տարի չենք տեսնվել, հավաքվել: Մեր ավարտելու 15-րդ տարվա կապակցությամբ բոլորիս նույն տեղում հավաքելու փորձ արեցի. չստացվեց` ցավոք: Երևի այս տարի էլ չփորձեմ (ժպտում է): Թեպետ, ափսոս, բոլորս էլ լավ մարդիկ ենք, երանի բոլորիս կյանքում ամեն ինչ լավ լինի:
Շրջանավարտներին մաղթում եմ այն ամենը, ինչ կմաղթեի եղբորս, ընկերոջս, կամ իմ երեխային (երանի իմ երեխաների նոր կյանք մտնելն էլ տեսնեմ մի օր)…Թող ամեն մեկն իր անհատականություն լինելը գիտակցի ու գնահատի: Մեծ ուժ դառնա ու երկիրը ծաղկացնի: Թող Աստված օրհնի և́ հայ, և́ աշխարհի բոլոր երեխաներին` լցնելով նրանց հոգիները բարությամբ ու սիրով: Բարի գալուստ նոր կյանք:
Ռաֆայել Երանոսյան (դերասան)
Ավարտել եմ 1998 թվականին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի Ջիվանու անվան միջնակարգ դպրոցը: Վերջին զանգի միջոցառումից հետո քեֆ արեցինք, ուրախացանք, հաջորդ օրն էլ ամբողջ դասարանով գնացինք երկու օրով հանգստանալու: Շատ չեմ փոխվել. ինչպիսին եղել եմ այն ժամանակ, այդպիսին էլ հիմա եմ:
Թեև սովորելու հետ սեր չեմ ունեցել, բայց կարդալ շատ էի սիրում: Սովորող չէի, բայց հայոց լեզու և գրականություն առարկաներից միշտ հինգ էի ստանում: Բավական էր ուսուցիչը մեկ անգամ պատմեր, դասը բացատրեր, ես անգիր էի անում: Մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, անատոմիա առարկաները չէի սիրում… Այնպես որ լավ չսովորող աշակերտ եմ եղել, սակայն դպրոցից հետո որոշեցի պարապել, որպեսզի կարողանամ մասնագիտություն ընտրել:
Մենք այն տարիներին ենք սովորել, երբ երկիրը կամաց-կամաց սկսում էր ոտքի կանգնել: Դասերը տևում էին 15 րոպե, քանի որ ցուրտ էր ու նորմալ չէր ջեռուցվում: Ռուսերենի դաս ընդհանրապես չէիք անում: Այնպես որ շատ խառը տարիներ էին, ես էլ հասցրել եմ սովորել այնքան, ինչքան հնարավոր էր:
Դպրոցական խենթություներ շատ էին լինում, բայց ամենատպավորիչն այն է, որ մեր դասարանի աղջիկների հետ միշտ կռված էինք լինում: Դա մեզ համար քեֆ անելու հրաշալի առիթ էր ստեղծում… Ամեն ամսվա սկզբին կռվում էինք, որ ամսվա վերջ «բարիշենք» ու այդ ուրախ առիթը քեֆով նշենք: Այնպես որ, մեր 10 տարին քեֆ-ուրախությունով է անցել:
Ցանկանում եմ, որ մեր շրջանավարտները գեղեցիկ կյանք ոտք դնեն, ապագայում հասարակության համար դառնան պիտանի մարդիկ, լսող ու հասկացող լինեն: Բոլորին շատ-շատ սիրում եմ:
Գնել Սարգսյան (դերասան)
Ես 10-րդ դասարան չեմ ավարտել, դա երկար ու շատ գեղեցիկ պատմություն է… Սովորել եմ 174 և Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցներում: 1994 թվականին ավարտել եմ 8-րդ դասարանը: Կինո Ռոսիայի հարևանությամբ գտնվող 53 դպրոցից մի աղջկա էի «թաքուն» սիրահարված, բայց ինձ տեղափոխեցին 174 դպրոց, որտեղ սովորել էի մինչև 3-րդ դասարան: Սակայն, մտքերով անընդհատ նախորդ դպրոցում էի: Չէ՞ որ ՆԱ այնտեղ էր: 8-րդ դասարանից դուրս եկա և ընդունվեցի Թեթև արդյունաբերության տեխնիկում, քանի որ այն գտնվում էր 53 դպրոցի հարևանությամբ: Հույս ունեի, այդ աղջկան գոնե երբեմն դասի գնալիս տեսնեմ: Իհարկե, ինքս դասից երբեք չէի ուշանում, որպեսզի առավոտյան նրա կողքով անցնելու հնարավորությունը բաց չթողնեմ: Ափսոս, այդպես էլ ոչինչ չստացվեց. դա եղել է իմ ամենամեծ սերը, ինչի մասին պատմելիս միշտ մարմնովս հաճելի դող է անցնում:
Շատ ընդունակ աշակերտ եմ եղել, նաև շատ սիրված էի ուսուցիչների ընկերների կողմից: Բավական աշխույժ էի ու մասնակցում էի բոլոր միջոցառումերին: Բավականին լավ էի սովորում: Իհարկե, ունեի սիրած և չսիրած առարկաներ, բայց հիմնականում հինգեր էի ստանում: Հայրս մինչև այսօր կրկնում է, որ լավ կլիներ սովորեի ինստիտուտում, իրավաբանի կամ բժշկի կրթություն ստանայի: Սակայն տեխնիկումին զուգահեռ սովորեցի «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում: Բայց ասեմ, որ լավ սովորելուս հետ մեկտեղ նաև շատ չար էի. ուսուցիչները երբեմն ծնողական ժողովի ընթացքում ասում էին, որ ավելի լավ է սովորեմ վատ, բայց դասերի ընթացքում խելոք մնամ.. Այդ պատճառով երեք անգամ դպրոց եմ փոխել (ժպտում է):
Դպրոցական խենթություններից այնքան բան կա հիշելու, բայց մեկ է, կարծում եմ, ամենամեծ խենթությունս հենց սիրահարված ժամանակս էր. չէ՞ որ երրորդ անգամ դպրոցից հեռացա` միայն թե նրան մոտիկ լինեմ: Թեև արդեն իմ դպրոցում էլ կային աղջիկներ, որոնցից մի քանիսն ինձ էին դուր գալիս, մի քանիսն էլ, գիտեի, որ ինձ էին սիրահարված: Մի փոքր անհամեստություն կանեմ ու կասեմ. սովոր էի, որ ինձ սիրեն: Բայց այն միակը մինչև վերջ էլ ընդհանրապես իմ կողմը չնայեց (ժպտում է):
Մինչև ամուսնությունս` կնոջս պատմել եմ իմ ապրած բոլոր խնթությունների մասին: Բոլոր այն աղջիկների մասին, ովքեր եղել են իմ կյանքում: Նա գիտի, որ դա իմ անցյալն է, որը ես շատ եմ հարգում: Իսկ իմ ներկան ու ապագան, չնայած` արդեն անցյալից մի մեծ հատված էլ, նա է:
Մեր բոլոր շրջաավարտներին մաղթում եմ մեծ սեր: Թող սիրեն իրենց ընտանիքը, մասնագիտությունը, այն կյանքը, որն ապրելու են: Այսօր իմացա, որ իմ լավագույն ու շատ սիրելի ընկերուհու` Գայանե Ասլամազյանի որդու վերջին զանգն էլ է: Բավականին մեծացել, մեծ տղա է դարձել: Ի դեմս նրա` շնորհավորում եմ բոլորին. սիրելի երիտասարդներ, շնորհավոր Ձեր տոնը: Եղեք սիրող և սիրված, եղեք հաջողակ: