23/05/2015 10:25
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտնվեց մեկուսացման մեջ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին (Ռիգա): Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ տրամադրելով հարցազրույցը:
«Ազատություն»․ Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովը, դեռևս այնտեղ բանակցում են, բայց կարծեք թե աշխատանքներն ավարտվեցին: Ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ տվեց այս գագաթաժողովը Հայաստանին: Կարծեք թե այդ ընդհատված գործընթացը, հարաբերականորեն ընդհատված՝ Եվրամիություն - Հայաստան գործընթացը վերսկսվում է նորից:
Էդվարդ Նալբանդյան․ Ես չէի ասի՝ ընդհատված, ես կասեի՝ շարունակվող գործընթաց: Այն, ինչ-որ սպասվում էր, մենք այսօր ունենք։ Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ այս տարվա հունվարի 20-ին՝ Հայաստան - Եվրամիություն խորհրդի նիստին, որ մենք՝ Հայաստանը և Եվրամիությունը, մտադիր ենք շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի հանձնառությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:
Եվ այսօր ընդունված գագաթաժողովի Հռչակագրում հենց դրա մասին է խոսվում. այն գործընթացը, որը մենք սկսել էինք Եվրամիության հետ դեռ անցյալ տարվա նոյեմբերին՝ այդպես կոչված խորհրդատվությունները, ի՞նչու խորհրդատվություններ, այլ ոչ թե բանակցություններ, որովհետև Եվրոպական միության բանակցող թիմը չուներ համապատասխան մանդատ։ Հիմա պարզ է դառնում, որ այդ խորհրդատվությունները, որոնք մենք եզրափակեցինք մարտին և եկանք ընդհանուր հայտարարի, հնարավորություն են տալիս շուտով բանակցություններ սկսել, և դա արտացոլվեց ընդհանուր Հռչակագրում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրամիության խորհուրդը կհաստատի իրենց բանակցող թիմի մանդատը, ինչից հետո մենք կսկսենք բանակցությունները՝ ուղղված նոր իրավական շրջանակային փաստաթղթի մշակմանը՝ մեր հարաբերությունների հետագա զարգացման, ընդլայնման և խորացման նպատակով:
Բացի դրանից, Հռչակագրում նշվեց ևս մեկ կարևոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Փաստաթղթում ընդգծվեց, որ մոտակայում կսկսվի այսպես կոչված վիզային երկխոսությունը՝ արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:
Ինչի՞ մասին է խոսքը գնում: Նրա մասին, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման, և նաև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրամիության հետ և ուժի մեջ մտել 2014թ. հունվարին, ճանապարհ բացեցին նոր գործընթացի մեկնարկի համար, որը տանելու է դեպի արտոնագրային ռեժիմի ազատականացում, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները Եվրամիություն մուտք գործելիս ազատված կլինեն վիզաների պահանջից:
Մենք շարունակել ենք բանակցությունները և շփումները նաև ոլորտային բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով: Դրա մասին նաև որոշակի հիշատակում կա Հռչակագրում՝ «Horizon 2020» ծրագրի հետ կապված, որը գիտական հետազոտությունների բնագավառին է վերաբերում, կամ ձեռնարկատիրության խրախուսման, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների, նաև ավիացիայի և այլ ոլորտներում:
Այսինքն՝ այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք:
Խոսակցություններ էին ընթանում, որ Ռիգայում կստորագրվի ինչ-որ համաձայնագիր կամ չի ստորագրվի։ Այդպիսի հարց չի եղել: Դեռ հունվար ամսին՝ Հայաստան - ԵՄ խորհրդի նիստից անմիջապես հետո, ես հայտարարեցի, որ, երբ Եվրամիության կողմից իրենց բանակցող թիմին տրվի մանդատ, կընթանան բանակցություններ, կմշակվի փաստաթուղթ, կգանք համաձայնության, այն ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրվի:
Ինձ մի քիչ զարմացնում է, որ, չնայած Հայաստանում և Եվրամիության կողմից արված պաշտոնական հայտարարություններին, դրանք նկատի չէին առնվում:
«Ազատություն»․ Բայց լավ լուր կա, չէ՞, ըստ էության, հավանություն տրվել է, որպեսզի Եվրահանձնաժողովը սկսի բանակցությունները, դա արդեն լուրջ առաջընթաց է:
Էդվարդ Նալբանդյան․ Եվրոպական հանձնաժողովը դրական զեկույց է ներկայացրել Խորհրդին, և Խորհուրդը պետք է հաստատի այդ մանդատը, և վստահ եմ, որ շուտով այդ մանդատը կհաստատվի, և մենք կսկսենք բանակցությունները:
«Ազատություն»․ Եթե կարելի է, երկու հարց տամ: Նախագահը իր ելույթում քննադատեց Ադրբեջանին, ասաց, որ Ղարաբաղը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ: Հետո այստեղ խոսակցություններ տարածվեցին, թե Ադրբեջանը առարկում է այդ եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին: Այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ:
Էդվարդ Նալբանդյան․ Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտնվեց մեկուսացման մեջ: ԵՄ 28 երկիր և Արևելյան գործընկերության պետությունները եկել էին համաձայնության, որպեսզի համապատասխան ձևակերպումներ ընդգրկվեն ընդհանուր Հռչակագրում։ Խոսքը գնում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցության մասին, ինչպես նաև` Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին՝ սկսած 2009 թվականից: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և պարունակվող դրույթներին: Ադրբեջանն է, որ մինչ այսօր չի արտահայտվել այդ կապակցությամբ: Այս անգամ այդ հայտարարություններին հղումը մտավ նաև Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր Հռչակագրի մեջ: Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա և, ընդհանրապես, ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող դրույթի հետ: Այդ էր, միգուցե, պատճառը, որ Ադրբեջանի արտգործնախարարը, փաստորեն, լքեց դահլիճը։ Փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց։ Բաքվի հետ անմիջական բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը համապատասխան կետի վերաբերյալ կներկայացնի իր վերապահումը:
Իսկ հռչակագիրն ընդունվեց ինչպես և համաձայնեցված էր։
Հայաստանը, Եվրամիության անդամ երկրները և Արևելյան գործընկերության այլ պետությունները միակարծիք էին այս հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը կրկին դուրս եկավ բոլորի դեմ և հայտնվեց մեկուսացման մեջ:
«Ազատություն»․ Եվ վերջին հարցը: Բոլորն այստեղ խոսում են այն մասին, որ Բելառուսը և Հայաստանը դեմ էին «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթին: Այդ հարցն ինչպե՞ս հարթվեց:
Էդվարդ Նալբանդյան․ Ընդհանուր Հռչակագրի նախագծում կային մի շարք եզրույթներ, ձևակերպումներ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր կարծիքներ ունեին։ Բնականաբար, մենք էլ ունեինք մեր կարծիքը: Կարծում եմ, որ Բելառուսի անունից չեմ կարող խոսել, բայց Հայաստանի ներկայացված առաջարկները և գաղափարները ըմբռնումով ընկալվեցին և մեծ մասամբ ընդունվեցին և արտացոլվեցին Հռչակագրում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17