25/05/2015 19:50
Դինա Ակոպովնա. Իմ հայրենիքից երբեք չեմ նեղանա, ուղղակի նեղվում եմ երկրում տիրող վատ մթնոլորտ ստեղծողներից
Ավարտվեց առաջին համացանցային հիթ-շքերթը` «Արարատ» մրցանակաբաշխությունը` Դինա Ակոպովնայի հետ, որը մեկնարկել էր փետրվարի 14-ին: Մեզ հետ զրույցում Դինա Ակոպովնան վստահեցրեց, որ նախագիծը շարունակություն է ունենալու և շուտով կսկսվի երկրորդ եթերաշրջանը: Մինչ այդ, հաղորդավարուհին պատրաստվում է վերադառնալ ԱՄՆ` համերգային ծրագիր վարելու: Այնտեղ նաև հեռուստատեսային նոր նախագծի առաջարկ է ստացել, սակայն փակագծերը դեռևս չցանկացավ բացել: Մեր այն հարցի, թե արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ նա Հայաստանից վիրավորված է գնում, պատասխանեց.
«Ես իմ երկրի զավակն եմ եղել, կամ ու կլինեմ: Իմ հայրենիքից երբեք չեմ նեղանա, ուղղակի նեղվում եմ երկրում տիրող վատ մթնոլորտ ստեղծողներից»:
Անդրադառնալով ֆինանսական տեսակետին և համեմատելով այստեղի և այնտեղի եկամուտները` վերջինս վստահեցրեց, որ համեմատությունը հօգուտ Հայաստանի չէ. «Երբեք հնարավոր չէ համեմատել: Երբ ես ԱՄՆ-ում եմ գտնվում, կրկնակի շատ եմ վարձատրվում ու գնահատվում»:
Հաղորդավարուհու դուստրն ապրում և սովորում է Հայաստանում, Թատերական ինստիտուտի վերջին կուրսի ուսանողուհի է. «Այսօր նա զբաղվածություն ունի ներկայացումներում, վերջերս էլ նկարահանվեց «Ֆուլ հաուսում»` Անժելայի դերում: Այնպես որ, իմ երկրի հետ կապող շատ օղակներ ունեմ»:
Երիտասարդ կնոջ համար այնքան էլ հեշտ չէ միայնակ ապրելն ու սեփական խնդիրները լուծելը: Aysor.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ մտածում կողակից ունենալու մասին: «Ինչքան հասկանում եմ, այս հարցն արդեն ազգի մեծ մասին է անհանգստացնում: Ինքս իմ առջև պայման էի դրել` երբ աղջկաս մեծացնեմ ու հասցնեմ իր նպատակին, նոր կմտածեմ իմ անձնական կյանքի մասին: Այնպես որ, սկսել եմ լուրջ մտածել այդ ուղղությամբ»,- ժպիտով նշեց մեր զրուցակիցը:
Ըստ ոմանց, Դ. Ակոպովնան եթերում «իրական» չէ, շատերն էլ կարծում են, որ նա այնպիսին է, ինչպիսին կա. «Ես նույնն եմ և եթերում, և կյանքում: Իհարկե, լինում են հատուկ տեղեր, որտեղ ինձ նման չեմ լինում, բայց դա շրջապատի «պարտադրանքն» է: Սիրում եմ շփվել, ընկերներ ունենալ` առանց տարիքային սահմանափակումների, չմտածել ճանաչման մասին: Ասեմ, որ հիմնականում ընկերություն եմ անում այն մարդկանց հետ, ովքեր «եթերային» չեն»:
Նրա կյանքում հաճախ են արգելքներ դրվել` երբեմն իր, երբեմն` ուրիշների կողմից.
«Ես իմ առջև շատ արգելքներ եմ դրել, շատ դեպքերում էլ դրել են… Անցել ու անցնում եմ դժվար ուղի. մեծացնում եմ աղջկաս, աջակցում ընտանիքիս: Աշխատում ու վաստակում եմ մեն-մենակ, ինչն էլ ինձ դարձնում է կին-ռոբոտ: Ես ինձ համարում եմ այնպիսի կին, ով կարող է վստահ, ճակատը բաց շրջել ու հպարտանալ իր զավակով: Դա է ինձ համար կյանքի կարևոր ու թանկ արժեքը, որը վաստակել եմ»:
Ըստ իր` հաջողության գրավականներից մեկն այն է, որ չի սիրում «պարապ-սարապ» նստել, անընդհատ աշխատում է, փնտրտուքի մեջ է: «Արդեն մի քանի օր է, աշխատում եմ նաև «Camino» ակումբում, որն ամենաընտանեկան, բացօթյա ակումբն է: Շոու ծրագրերի ղեկավար և հաղորդավար եմ: Շատ եմ սիրում բեմական գործը, քանի որ միշտ խնամված ես ու բեմի վրա»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Դինա Ակոպովնան: