26/05/2015 15:11
Հայաստանից Բաքու կմեկնի 25 մարզիկ. Առաջին խումբը՝ հունիսի 10-ին
Հայաստանից առաջին Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով Բաքու կմեկնի 25 մարզիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա ընդգծեց՝ Բաքու մեկնող հայ մարզիկներին տրվել են անվտանգության՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքները:
«Անվտանգության երաշխիքները ստացել ենք երեք կողմից՝ Ադրբեջանի, Միջազգային օլիմպիական կոմիտեի ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից: Առանց այդ նախադրյալներն ունենալու ՀԱՕԿ-ը որոշում չէր կայացնի, մենք չէինք մեկնի Բաքու»,- ասաց Հ. Ռոստոմյանը:
Նա նշեց, որ լուծված են նաև բոլոր կազմակերպչական հարցերը:
«Մեր պատվիրակության առաջին խումբը Բաքու կմեկնի հունիսի 10-ին: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ես եմ և առաջինը կմեկնեմ: ՀԱՕԿ-ի նախագահն ինձ հանձնարարեց կարճ ժամկետում կազմակերպել այս մարզիկների հավաքներն ու միջազգային մրցաշարերին մասնակցելը պատշաճ մակարդակով:
Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվեց Բաքվի աջակցությունից և բոլոր ֆինանսական ծախսերը տրամադրվեց ՀԱՕԿ-ի նախագահի կողմից»,- ասաց բանախոսը:
Նա ընդգծեց՝ ՀԱՕԿ-ի որոշումը զուտ մարզական է:
«Ես չգիտեմ մի հայ, որ շատ ցանկանա Բաքու գնալ, բայց ունենք այն, ինչ ունենք: Եվրոպական խաղերը չեն պատկանում Ադրբեջանին և մենք որոշեցինք չմեկուսանալ այս կարևորագույն մարզական իրադարձությունից»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը: