27/05/2015 16:44
Հուլիսի 3-ին Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ Բեթ Հարթը
Հուլիսի 3-ին Երևանում կկայանա աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթի համերգը: Համերգի կազմակերպիչ «One production» ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ համերգը բացառիկ է լինելու, քանի որ Բեթ Հարթը առաջին անգամ ելույթ է ունենալու սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Վ. Դավթյանի խոսքով՝ նա մեծ հաճույքով է ընդունել Հայաստան գալու առաջարկը:
«Բեթ Հարթը աշխարհի ամենաէքսցենտրիկ երաժիշտներից է, հրաշալի կատարող, ով թողարկել է իր նոր ձայնասկավառակը և սկսել է իր համաշխարհային շրջագայությունը, այդ թվում համերգ ունենալով նաև Հայաստանում: Նա ստեղծագործում է մոտ 10 տարի, բայց արդեն նոմինացվել է «Գրեմմի» մրցանակի, ինչը մեծ նվաճում է: Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Այն բացառիկ է, քանի որ համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Բեթ Հարթին Հայաստան հրավիրելու մտահացաղումը մերն է եղել, որովհետև ուզում եմ, որ Հայաստանում լավ երաժիշտներ ելույթ ունենան, տեսնենք՝ ինչպես կստացվի»,-ասաց նա:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ թեև բացառիկ բառը հաճախ է օգտագործվում տարբեր համերգների համար, սակայն սա այն դեպքերից է, երբ համերգը կարելի է բացառիկ անվանել:
«Մեր նվագախումբը տարբեր ֆորմատների մեջ է փորձում ներկայանում և չգիտեմ, թե ինչքանով է դա մեր մոտ ստացվում, այս համերգը բացառիկ է կոնկրետ ֆորմատի մեջ, բացի այդ, Բեթ Հարթը այն երգչուհիներից է, որոնք աշխարհում թրենդ են ստեղծում: Կա նոր սերունդ աշխարհում, որոնք ուզում են նոր բան լսել, և նա այն արտիստներից է, որին հետևում են միլիոնավոր մարդիկ, եթե նա գալիս է Հյասատան և ներկայացնում համերգ, դա միանշանական Հայաստանի և Հայաստան բրենդի համար մեծ նվաճում է, պրակտիկ հաջողություն: Շատ լավ է, որ նա գալիս է Հայաստան՝ այն դիտարկելով որպես պլատֆորմ, որ այլ երկրներից ևս մարդիկ գան և ներկա լինեն իր համերգին: Բեթ Հարթ և սիմֆոնիկ նվագախումբ, կարծում եմ, շատ հետաքրքիր և յուրահատուկ համերգ է լինելու»,-ասաց նա:
Ս. Սմբատյանի խոսքով՝ համերգին կատարվելիք երգերի գործիքավորումը արդեն արվել է, քանի որ դա պետք է պատրաստված թիմի կողմից արվի:
Համերգին հնչելու են Բեթ Հարթի երգերը: Տոմսերի արժեքը 7000-70000 դրամ է: Վ. Դավթյանի խոսքով՝ 70000 դրամ արժեքով տոմսերի գնորդներին անակնկալ է սպասվում, նրանք հնարավորություն ունեն մասնակցելու համերգի afterparty-ին, որի ընթացքում նվագելու է Բ. Հարթը և «Դորիանս խումբը»:
Ընկերության մամուլի պատախանատու Հրաչուհի Բարսեղյանի խոսքով՝ «One production»-ը ունի բազմաթիվ ծրագրեր առաջիկայում մի շարք համաշխարհային աստղերին Հայաստան հրավիրելու հետ կապված, դրանք քննարկման փուլում են, այդ պատճառով էլ այժմ մանրամասներ չներկայացրեց: