27/05/2015 20:44
Իմ մասնագիտությունը հավերժ ճախրանք է՝ իր անկումներով. Տաթև Հովակիմյան
Տաթև Հովակիմյանը հասրակության լայն շերտին ճանաչելի դարձավ վերջերս նկարահանված «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից: Օրեր առաջ դերասանուհին ավարտեց Թատերական ինստիտուտը: Նոր կյանք, բուռն և ակտիվ գործունեություն, նորություններ` անձնական կյանքում. Aysor.am-ը շնորհավորելով երիտասարդ դերասանուհուն` հետաքրքրվեց այս և այլ հարցերի շուրջ:
-Տաթև, երկու օր առաջ ավարտեցիք Թատերական ինստիտուտը: Ինչպե՞ս է տրամադրությունը:
-Փոքր ինչ տխրել եմ ավարտելու առիթով, բայց կարծում եմ, այսուհետ եղած զբաղվածությունս կլրացնի ինստիտուտին: Կշարունակեմ զբաղվել իմ սիրած գործով՝ իմ սիրելի թատրոնում, իմ սիրելի ֆիլմերում։ Ավարտելով իմ մասնագիտության առաջին փուլն` անմիջապես երեկոյան՝«Մեռած հոգիները աշխույժ ընթացքի մեջ են» ներկայացմամբ սկսեցի երկրորդ փուլը։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առօրյան, կյանքը` սեպտեմբերի 1-ից:
-Աշխատանք Թատրոնում,աշխատանք ֆիլմում և որպես մագիստրանտ` թատերական ինստիտուտում։ Այնպես որ, շատ բուռն։ Իմիջիայլոց, թատրոնում ամռանն էլ ես ունեմ զբաղվածություն:
-Թատերական ինստիտուտում անցկացրած տարիները, բացի գիտելիքից, ի՞նչ տվեցին Ձեզ:
-Հաղթանակներ տվեցին թե́ թատրոնում, թե́ ֆիլմերում, թե́ ընկերների ձեռք բերման հարցում։ Ես երջանիկ մարդ եմ, շատ երջանիկ։ Թատերականում դու թռչում ես, հետո կոտրվում, հետո` էլի ճախրում։ Իմ մասնագիտությունը հավերժ ճախրանք է՝ իր անկումներով։
-Այս ընթացքում էկրաններին Ձեզ տեսանք միայն «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում: Այլ առաջարկներ չե՞ն եղել, թե՞ չեք ընդունել:
-Եղել են, շատ-շատ առաջարկներ չեմ ընդունել, բայց շատ առաջարկներ՝ հոգեպես ինձ շատ մոտ ռեժիսորների կողմից` ընդունել եմ ու անհամբեր սպասում եմ այդ նախագծերին…
-Թեև միշտ նշել եք, որ սերիալներում չեք նկարահանվի, բայց, ամեն դեպքում, հնարավո՞ր է երբևէ Ձեզ տեսնենք որևէ սերիալում:
-Ես միշտ նշել եմ. կլինեմ այն սերիալներում,որտեղ կլինեն կրկին ինձ հոգեպես հարազատ ռեժիսորներ և այն բաղկացած կլինի 15-20 մասից, որտեղ գիտեմ ինչ եմ խաղալու, կերպարս կունենա սկիզբ ու վերջ։
-Դուք այն դերասանուհիերից եք, ովքեր պրոֆեսիոնալ են մոտենում գործին և համաձայնում են ռեժիսորի կողմից դրված պահանջներին: Դրա վառ ապացույցը բազմիցս չարչրկված` «Անավարտ թռիչք» ֆիլմում համբույրի տեսարանն էր և առավել բաց ևս մի քանի կադրեր: Ամեն դեպքում, կա՞ն տեսարաններ, որոնցում նկարահանվել երբեք չե՞ք համաձայնի:
-Չեմ մտածել նման բաների մասին։ Ամեն բան կարելի է ներկայացնել էսթետիկ։ Իսկ թե ինչից կհրաժարվեմ` չգիտեմ։ Նման խնդրի առջև դեռ չեմ կանգնել։
-Բեմում ևս անկաշկանդ եք` հավատարիմ Ձեր մասնագիտությանը: Հետաքրքիր է, հայկական իրականության մեջ դա խնդիրներ չի՞ առաջացնում:
-Ես շրջապատված եմ իմ մասնագիտությունը գնահատող մարդկանցով։ Մարդիկ, ովքեր գիտեն` բեմում և ֆիլմում կերպարս է ,ոչ թե ես։ Գիտեն ինձ որպես իրենց Տաթև, իրենց ընկեր` միշտ սրտացավ ու ուրախ:
-Ընդհանրապես, կյանքում խնդիրներին նախընտրում եք դիմակայե՞լ, թե՞ խուսափել ու չնկատելու տալ:
-Խնդիրներին միշտ ժպտում եմ։ Խնդիրները մեզ ամեն անգամ մի աստիճան բարձրացնում են: Ես շնորհակալ եմ իմ կյանքի յուրաքանչյուր խոչընդոտի:
-Շատերին կհետաքրքրի` սիրահարվա՞ծ է Տաթև Հովակիմյանը:
-Այո՝ կյանքին ու իմ արվեստին (ժպտում է):
-Ամեն տղամարդ չէ, որ դերասանուհի կին «կհանդուրժի» իր կյանքում… Ընտանիք կազմելու, կողակից ընտրելու կարևոր որոշում ընդունելիս ի՞նչ սկզբունքով կառաջնորդվեք:
-Ամեն բան մտածելու իր ժամանակն ունի։ Ընտանիք կազմելու մասին չեմ մտածել, բայց ընտանիքի լավագույն «ֆորման» ես տեսել եմ, մեծացել այդ ընտանիքում։ Այնպես որ, կառաջնորդվեմ այն սկզբունքներով, ինչ տեսել եմ. ծնողներս իրար սիրող և հասկացող են, մեզ՝ դուստրերին, կյանքից առավել սիրող հայր ու մայր են:
-Տաթև, ըստ Ձեզ, կնոջ համար ամուսնության իդեալական տարիքը ո՞րն է:
-Նայած կին։ Ես ինձ ճանաչելով կարող եմ ասել` 30 ից հետո:
-Բայց հաճախ դերասանուհիները միայնակ կնոջ կարգավիճակն են ընտրում, քանի որ տղամարդիկ «վախենում» են նրանց կողքին հայտնվելուց: Ձեզ չի՞ վախեցնում նման հեռանկարը:
-Ինձ առհասարակ կյանքում ոչինչ չի վախեցնում:
-Խանդո՞տ եք բնավորությամբ:
-Տղամարդկանց հանդեպ` ոչ։ Մայրիկիս ու հայրիկիս հանդեպ եմ շատ խանդոտ, նաև ռեժիսորներիս (ծիծաղում է)։
-Զոհողություններ սիրո՞ւմ եք անել:
-Շատ հաճախ։ Դերասանուհու կյանքում ամեն պահն է զոհողություն:
-Իսկ հանուն ինչի՞ կզոհեք Ձեր կարիերան:
-Միայն հանուն ծնողներիս: