28/05/2015 18:15
Ես չեմ ընդունում այդ կարգի վերաբերմունքը մասնագիտությանը. Ալեքսանդր Խաչատրյան
Արտիստ. այսպես կարող եմ բնորոշել դերասան Ալեքսանդր Խաչատրյանին, ում ներկայացրած բեմական, ֆիլմային և սերիալային կերպարներն այնքա~ն համոզիչ են ու այնքա~ն խոսուն, ում ճանաչում, և որ արվեստագետի համար ամենակարևորն է, սիրում են բոլոր սերնդի ներկայացուցիչները:
«Ժայռ», «Լքված հեքիաթների կիրճը», «Մխիթար Սպարապետ», «Հատակում», «Խնձորի այգին», «Տերը», «Նահապետ», «Դեղատուն խաչմերուկում»… երկար կարելի է թվել նրա մասնակցությամբ ֆիլմերը: Վերջին տարիներին դերասանին հանդիպեցինք նաև «Կյանքի գինը», «Վերադարձ», «Կտակով թագուհին»սերիալներում, որոնց հաջողության գլխավոր գործոններից էր նաև սիրված արտիստի ներգրավվածությունը:
Aysor.am-ի հյուրասրահում ստեղծագործական և անձնական հարցերի շուրջ անկեղծանում է Ալեքսանդր Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք գտնվում:
-Ես արդեն չգիտեմ՝ ավելի շատ Հայաստանում եմ լինում, թե՞ արտերկրում… Արդեն երկու ամիս է, այստեղ եմ, թեև այս ընթացքում 4 օրով մեկնեցի Միացյալ Նահանգներ և վերադարձա:
-Գործնակա՞ն վերադարձ է:
-Այո, ֆիմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել: Հավանաբար, ֆիլմի նկարահանումները կավարտվեն օգոստոսի վերջին: Հնարավոր է, այնուհետև այլ նկարահանումներ սկսվեն և այստեղ մնալս երկարաձգվի, տեսնենք: Ծրագրեր շատ կան, սակայն տնօրինողն Աստված է:
-Իսկ ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը:
-Երիտասարդ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմն է, ով նաև «Թևանիկ» և մի քանի այլ ֆիլմերի ռեժիսորն է: Իր հետ սիրով եմ աշխատում, քանի որ շատ եմ սիրում համագործակցել շնորհալի երիտասարդների հետ: Ֆիլմի աշխատանքային անունն է «Վերջին բնակիչը», չգիտեմ՝ հետագայում կփոխվի, թե ոչ. Սումգայիթի դեպքերն արդեն եղել են, բայց պատերազմը նոր-նոր պետք է սկսվի: Գրեթե բոլոր գյուղերը հայաթափ են եղել ազերիների կողմից: Գյուղերից մեկում մեկ մարդ է մնացել, որը չի ցանկանում գնալ… Ֆիլմի մասին ավելին ասել չեմ կարող:
-Ասացիք, որ այս ընթացքում Հայաստանում շատ ծրագրեր ունեք: Կմանրամասնե՞ք:
-Այո, իսկապես ծրագրեր շատ կան, բայց չգիտեմ՝ որը կստացվի, որը՝ ոչ: Բոլորս էլ գիտենք, որ հատկապես կինոն այն բնագավառն է, որտեղ շատ բան քեզանից չէ կախված, միայն ցանկությունը չի կարող հարց լուծել: Այդ պատճառով չեմ ցանկանում շատ մանրամասնել ծրագրերի մասին:
-Թեև սերիալներն, ինչպես ասում են, «թիթեռի կյանք» ունեն և հաճախ են քննադատվում, բայց Ձեր մասնակցությամբ «Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալները մինչ այսօր մարդիկ հիշում են, կարոտում դերասաններին: Այժմ էլ ցուցադրվում է ԱՄՆ-ում նկարահանված «Կտակով թագուհին»: Հնարավո՞ր է Հայաստանում գտնվելու ամիսների ընթացքում Ձեր մասնակցությամբ ևս մեկ հնչեղ սերիալ նկարահանվի:
-Իհարկե, հնարավոր է: Ասեմ, որ ես սերիալում նկարահանվելը չեմ համարում դերասանին նսեմացնող հանգամանք: Դրանում ոչ-մի վատ բան չկա, իսկ ո՞վ պետք է անի դերասանի գործը: Սերիալն էլ դերասանի ոլորտն է, աշխատանքը: Սերիալ և գեղարվեստական ֆիլմ գիծն այնքան բարակ է, այնքան աննշմար: Ո՞վ կարող է ինձ բացատրել, թե որտեղ է վերջանում սերիալն ու սկսվում մեծ կինոն: Գիտեք, կինոն միայն իր ծախսով չի մեծ, այլ` իր արվեստով: Ինձ համար կան լավ և վատ աշխատանքներ, դերակատարումներ՝ լինի սերիալ, թե գեղարվեստական ֆիլմ: Սերիալն էլ իր դժվարությունն ունի. դու ամեն սերիայում քննություն ես հանձնում որպես դերասան: Նաև շատ բարդ է սցենարին «ոտքի վրա» ծանոթանալով՝ նկարահանվել: Այն դերասանն, ով ասում է, որ սերիալում նկարահանվելը նսեմացնող հանգամանք է և այդ պատճառով չի ցանկանում նկարահանվել, ճիշտ չի ասում: Չի՛ նկարահանվում, քանի որ չե́ն նկարահանում:
-Սերիալում սցենարը երբեմն «ոտքի վրա» են սերտում: Այդ արագացված նկարահանումները չե՞ն ազդում որակի վրա:
-Իհարկե, ազդում են: Եթե դերասանը սցենարին ծանոթանալու, խաղընկերների և ռեժիսորների հետ շփվելու ավելի շատ ժամանակ ունենա, սերիալն էլ առավել բարձր որակ կունենա:
-Բայց եկեք չհերքենք, որ շատ են նաև ձանձրալի և անհետաքրքիր սերիալները, որի պատճառը շատ հաճախ ոչ պրոֆեսիոնալների, ոչ մասնագետների ներգրավվածությունն է:
-Այո, «ոչ դերասաններ» շատ կան սերիալներում, այդ պատճառով էլ շեշտում եմ, որ սա դերասանի աշխատանքն է: Ամբողջ խնդիրը նրանում է, թե յուրաքանչյուր դերասան ինչպես է վերաբերում իր մասնագիտությանը, իր ներկայությանը աշխատանքի այս կամ այն տեսակի մեջ: Տեսակը լավ ու վատ չունի, ինչպես գույնը. Լավ ու վատ գույներ չկան չէ՞… Դերասանը պետք է աշխատի, անի իր գործը և անի լավ, գերազանց: Չեմ ընդունում, որ երբեմն դերասաններից ոմանք ասում են. «Դե, սերիալում «կես ոտ» խաղացի, այ որ կինո լինի, տես ո~նց կխաղամ»… Չե́ս խաղա, քանի որ դու արդեն սովորել ես «կես ոտ» խաղալ, քո խաղը դրանից ավելի «չի ձգի»: Ես չեմ ընդունում այդ կարգի վերաբերմունքը մասնագիտությանը:
-Քանի որ խոսեցինք սերիալների որակից, հետաքրքիր է Ձեզանից իմանալ՝ Հայաստանում սերիալարտադրությունը որակական ի՞նչ փոփոխություն է կրել, այս դաշտում դպրոցը որքանո՞վ է արդյունավետ աշխատում:
-Գիտեք, բոլորի աշխատանքները փոխկապակցված են` սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր, դերասան: Երբ մեկն իր աշխատանքում թերանում է, ամբողջ կազմն է տուժում, գործն է տուժում: Ցավոք սրտի՝ դպրոցը կորում է: Ես նկատում եմ, որ շնորհալի երիտասարդություն ունենք, բայց դպրոցի հետ մեկտեղ սերունդ ենք կորցնում: Ամբողջ աշխարհում մշակույթը պետական հոգատարության կարիք ունի: Խոսքս պարտադիր նյութականի մասին չէ, այլ ուղղակի վերաբերմունքի: Որքան հոգատար լինեն մշակույթին, արվեստն այն տասնապատիկ կվերադարձնի պետությանը: Հիմա նոր սերունդ է, նոր դաստիարակություն, նոր մտածողություն, բավականին շատ արժեքներ են փոխվել…Պետք է արվեստի նկատմամբ այդ հոգատարությունը լինի, որպեսզի այս երիտասարդությունը հասկանա, որ ազգ ու պետություն ներկայացնողը հենց արվեստն է, արվեստի ներկայացուցիչը:
-Պարոն Խաչատրյան, մենա՞կ եք Հայաստան եկել:
-Այո, բայց կինս մի քանի օրից կմիանա ինձ:
-Ձեր կինը դերասանուհի Ալիս Կալպանջյանն է: Նա և՞ս այս ընթացքում նկարահանվելու է ֆիլմում:
-Դեռևս չգիտեմ, բայց շատ կցանկանամ, որ նկարահանվի: Նա, իսկապես, հրաշալի դերասանուհի է, և դա միայն իմ կարծիքը չէ: Շատ եմ ցավում, որ նա, համեմատաբար, քիչ է աշխատել կինոյում...
Շարունակելի...