28/05/2015 17:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնի գլխավոր գործընկեր
Երևանի` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պատանի երաժիշտ-կատարողների` «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Միջոցառման ընթացքում պատանի երաժիշտները հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից:
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ավստրալիայի և Վրաստանի մինչև 18 տարեկան չորս տասնյակից ավելի շնորհալի երաժիշտներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
«Փառատոնի անունը` «Նոր անուններ», արդեն իսկ խոսուն է. արվեստի ցանկացած ճյուղի կենսունակությունը պայմանավորված է սերնդափոխության ապահովմամբ, նոր անունների բացահայտմամբ, քաջալերմամբ և աջակցմամբ: Դասական երաժշտության աշխարհում առաջին քայլերն անելն իր դժվարություններն ունի նույնիսկ ամենաօժտված պատանիների համար: Անհրաժեշտ է հարթակ, որտեղ նրանք կկարողանան աշխարհին ներկայացնել իրենց տաղանդը և տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Այս փառատոնը հենց այդպիսի հարթակներից է. այստեղ տարբեր երկրների բազմաթիվ պատանի երաժիշտներ մեծ բեմ դուրս գալու, միմյանց հետ շփվելու, նոր փորձ ձեռք բերելու, մասնագիտական հմտությունները հղկելու հնարավորություն են ստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով է աջակցում այս հրաշալի նախաձեռնության իրականացմանը»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի՝ «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան): Այն կանցկացվի Երևանում` 2015թ. մայիսի 28-ից 31-ը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: