29/05/2015 12:03
ԵՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտին վերաբերող նոր համաձայնագիր է քննարկվում. Նախարար
ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ԵՏՄ անդամակցության հետ կապված, ի՞նչ սոցիալական ընթացակարգեր են գործում: «Մենք ունենք սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ: ԵՏՄ տարածքում նրանք որևէ արտոնություններ կամ այլ հնարավորություններ կունենան, թե՞ ոչ»,- նշեց պատգամավորը, ով հետաքրքրվեց նաև մահացածների ընտանիքներին տրվող միանվագ գումարներից. «Մենք ահազանգեր ենք ստանում, որ այդ գումարները ուշացնում են, ու դատական քաշքշուկներ են լինում: Ուզում եմ իմանալ՝ օրենքով ի՞նչ ժամանակահատվածում կարող են մարդիկ այդ գումարը ստանալ: Եվ որքա՞ն ընտանիք է ստացել այդ գումարները»,- հավելեց Բաբայանը:
Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ ԵՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտին վերաբերող նոր համաձայնագիր է քննարկվում, սակայն դա չի վերաբերելու ուժային կառույցների ներկայացուցիչներին: Նա տեղեկացևրեց նաև, որ գործում է օրենքը, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր իր մոտ պետք է ապահովի աշխատած ժամանակահատվածի համար արված վճարումներ:
Ինչ վերաբերում է մահացած անձանց ընտանիքներին տրվող միանվագ գումարներին, նախարարը հստակեցրեց, որ այդ համակարգը հստակ գործում է: «Տվյալ ամսվա ընթացքում դիմումներ ներկայացնելու պարագայում վճարումներն անխափան պետք է կատարվեն: Ներդնելու ենք նաև նոր նախագիծ, ըստ որի՝ բանկերի հետ կլինի համագործակցություն, որ երեք օրվա ընթացքում դիմում տալուց հետո այդ գումարները ապահովվեն»,- ասաց նա: