29/05/2015 16:53
Շուշան Պետրոսյանը՝ Հայաստանի եվրատեսիլյան ելույթի մասին. Այս տարի ի սկզբանե հաղթելու խնդիր չկար
Կարծում եմ՝ այս տարի ի սկզբանե հաղթելու խնդիր չկար, քանի որ 100-ամյա տարելիցն է ու այդ թեմային նվիրված երգ: Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Եվրատեսիլում Հայաստանի ելույթին, ասաց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը.
«Մեր երգն իր ֆորմատով բոլորովին եվրատեսիլյան չէր: Սիրուն, երգեցիկ երգ էր: Կար իմաստ, կար երգ, կոնցեպցիան լավն էր՝ այսքանը: Ես հաղթանակ չէի էլ սպասում, այն պետք չէր»,- ասաց երգչուհին:
Նա նկատեց, որ ելույթի հետ կապված կփոխեր միայն մեր ներկայացուցիչների հագուստը: Շուշան Պետրոսյանի այս միտքը կիսեց նաև ասուլիսի մյուս բանախոս՝ «Dogma» ռոք խմբի մեներգչուհի Զառա Գևորգյանը:
«Միգուցե մանուշակագույնը սիմվոլիկ էր, բայց, կարծում եմ, այդ գույների մեջ մեր արտիսները կորում էին բեմում: Կցանկանայի երգին զուգահեռ բեմում նրանց տեսնել, այսպես ասած, վերածնված»,- ասաց ռոք երգչուհին:
Շուշան Պետրոսյանն ընդգծեց, որ իրականում Հայաստանի երգը սիրվել է աշխարհում ու ինքը բազմաթիվ նամակներ է ստանում այլազգի իր ընկերներից: Երգչուհիները կոչ արեցին չցավեցնել Հայաստանը ներկայացրած «Geneology» խմբի կատարողներին:
«Բոլորը հասկանում են, որ իրենք անմիջական, դրական էներգիայով մարդիկ են ու արտիստին ցավեցնել չի կարելի: Նրանք բեմում երգում ու շարժվում են այնպես, ինչպես որոշվել է: Միգուցե ավելի վաղ պետք էր ինչ-որ բան փոխել, բայց հիմա արտիստին նեղացնել պետք չէ»,- ասաց Զառա Գևորգյանը: