29/05/2015 13:51
Եթե վնաս չտան, էս մարդիկ չեն կարող քնել. Դանիել Երաժիշտ
Սոցիալապես որքան արդար, այնքան զորեղ է հայրենիքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանը և դրա դեմ քաղաքացիների մղած պայքարին՝ մաեստրոն նկատեց. «Երբ նախորդ տարի բարձրացվեց միայն գազի սակագինը, ասում էի, որ թունելի ծայրում լույս է վառվում, հիմա՝ էլեկտրաէներգիայի թանկացմամբ այդ հույսի լույսն էլ կմարի։ Եթե վնաս չտան, էս մարդիկ չեն կարող քնել։ Փորձը ցույց է տվել, որ անպայման մի վատ պետք է անեն, որ գիշերը հանգիստ աչք փակեն։ Բայց սա հարցի էմոցիոնալ կողմն է։ Մեր երկրում, եթե չափանիշը վերցնենք արդարությունը ու ստեղծենք արդարաչափ, դրանով պետք է չափենք Հայաստանի զորությունը: Նստած պտղաբեր ծառի տակ՝ սովից մեռնում ենք։ Հայաստանում տնտեսական ստրկություն է տիրում, իսկ ստրուկը հայրենիք պաշտպանել չի կարող»,- ասաց նա։
Երաժիշտը հիշեց Արցախյան ազատամարտի տարիներն ու հավելեց, որ դեռ այն ժամանակ Մոսկվայից հայ ժողովրդին վախեցնում էին, ասում էին՝ սովի միջոցով ծնկի կբերեն: «Մինչև հիմա այդ քաղաքականությունն է վարվում։ Հայրենիքը միայն տարածք չէ, նրա բովանդակությունը ժողովուրդն է, ով ժողովրդին նեղում է, հայրենիքն է վնասում, ժողովրդին, հայրենիքին արհամարհել չի կարելի։ Մի բան ասեմ՝ որքան իրերը թանկանում են, այնքան մարդը էժանանում է։ Այսօր մեր ժողովրդին էժանացնում են»,- հավելեց նա:
Ամփոփելով միտքը՝ արվետսագետը նշեց, որ կցանկանար, որպեսզի իշխանությունները մի խորհրդական ունենային, որպեսզի նրանց հիշեցնի մարդ լինելու մասին։ «Հայաստանում խախտվում են ֆիզիկայի օրենքները։ Ասում են հավերժական շարժիչ չկա, բայց մեզ մոտ այն ստեղծվել է հավերժական թալանի տեսքով»,- ասաց նա։