30/05/2015 11:49
Այստեղ բոլոր լավ տղամարդիկ արդեն ամուսնացած են, ով էլ ամուսնացած չէ` նույնիսկ իրեն չի կարող ապահովել. Ջուս
Կիրակի օրը Արմենիա-Մարիոթ հյուրանոցում Հայաստանի լավագույն գեղեցկության սրահները կիրականացնեն Հայաստանի վարսահարդարների մրցույթ: Կլինեն հյուրեր տարբեր երկրներից: «FULL FASHION LOOK» անվանակարգում գեղեցկության սրահներից մեկի կողմից որպես մոդել է ընտրվել երգչուհի Ջուսը:
Aysor.am-ը նրա հետ զրուցեց մոդելային կարիերայի սկզբի, դերասանի մասնագիտության հանդեպ ունեցած հետաքրքրության, «հետ տված» նշանի և մայրանալու մասին:
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ ընտրությունը հենց Ձեզ վրա կանգ առավ:
-Իսկապես, երգչուհիներից միայն ես եմ ներկայացնելու: Կարծում եմ, որ մտածեցին` ինձանից կարելի է ստանալ տարբեր կերպարներ: Ես հանդես կգամ ցնցող կերպարում: Մեր ցանկությունը հաղթանակն է և կհասնենք դրան: Ասեմ, որ իմ վարսահարդարն է լինելու Լիանա Բիրագովան, կկրեմ Սերժ Հարությունյանի պատրաստած զգեստը, որը հատուկ ինձ համար է կարված: Դիմահարդարը Մերի Հարությունյանն է: Նոմիացիաները շատ են, իմ նոմինացիայում արգելված է գլխին արհեստական մազ կպցնել, ամեն ինչ պետք է լինի բնական: Ինձ համար սա շատ հետաքրքիր է, առաջին անգամ եմ որպես մոդել ներկայանալու, տեսնենք ինչ հաջողություններ կունենամ այս բնագավառում: Դա ինձ համար կարևոր է:
-Իսկ արդեն գիտե՞ք, թե ի՞նչ կերպարում կներկայանաք, ի՞նչ սանրվածքով և հագուստով հանդես կգաք: Արդյոք Ձեր տեսակին բնորոշ` համարձակ, ինտրիգային կերպարում կլինեք:
-Իհարկե գիտեմ, թե ինչ կերպարում եմ լինելու. 5 ժամ կանգնել եմ, և զգեստն ինձ վրա են պատրաստել, որպեսզի կարողանան ստանալ այն, ինչ ուզում են: Գաղտնիքները չեմ կարող բացել, բայց մի բան հաստատ է` ցնցող տեսք եմ ունենալու ու բոլորը «շոկի» մեջ են լինելու:
-Ջուս, հնարավո՞ր է, հետագայում որոշեք երգարվեստը թողնել և մոդելային գործունեությամբ զբաղվել:
-Իհարկե ոչ: Ֆոտոմոդել ես միշտ էլ կարող եմ լինել, բայց բեմը բոլորովին այլ աշխարհ է: Կարող եմ ուժերս փորձել արվեստի տարբեր ճյուղերում` մոդել, դերասանուհի... Փորձարկումներ անելն ինձ հետաքրքիր է:
-Դերասանուհու կարգավիճակում հանդես գալու առաջարկներ ունե՞ք:
-Վերջերս առաջարկեցին նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, բայց հրաժարվեցի: Նախ, գումարը չբավարարեց, նաև` պետք է երկար ժամանակ գյուղում ապրեի… Դա բարդ աշխատանք է, պետք է լավ վարձատրեն: Հակառակ դեպքում մերժում եմ: Լավ ֆիլմը պետք է լավ հովանավորներ ունենա, այլապես կինոն չի հաջողի:
-Կա՞ մի գումար, որի դիմաց կհամաձայեք նկարահանվել ցանկացած տեսարանում:
-Ցանկացած տեսարանում` ոչ: Մեզ մոտ կիսամերկ տեսարանները գեղեցիկ չեն նկարահանվում: Եթե ռուսական, արտասահմանյան ֆիլմերում նման առաջարկ ունենամ, գուցե և նկարահանվեմ, քանի որ նրանք այդ տեսարանները «վուլգար» չեն ներկայացնում: Մեզ մոտ շատ «վուլգար» է ստացվում, այդ պատճառով հաստատ կմերժեմ:
-Նշեցիք, որ քիչ գումար են վճարում ֆիլմերում նկարահանվելու համար: Որքա՞ն հոնորար է պետք, որպեսզի համաձայեք դերասանուհու մասնագիտությունը «փորձել»:
-Չեմ կարող հստակ թիվ նշել: Ընդհանրապես, դերասաններին օրավարձով են վարձատրում: Եթե պետք է օրը 20.000 դրամ վճարեն, ապա երբեք չեմ համաձայնի նկարահանվել:
-Ակումբներում դրանից շա՞տ եք աշխատում:
-Իհարկե, եթե լավ պատվերներ լինեն, կարող ես օրական 1000 դոլար աշխատել: Այնպես որ չարժի ֆիլմերում նկարահանվել շատ փոքր գումարով: Ռեժիսորները ցանկանում են, որ նկարահանվողները շատ հայտնի լինեն ու քիչ գումար ուզեն: Նման բան չի կարող լիել: Թող սկսնակների վերցնեն, 20.000-ով հաստատ կհամաձայնեն:
-Ջուս, նոր երգ չե՞ք պատրաստում:
-Այո, պատրաստում եմ, հիմա բառերն են գրվում: Ռիթմիկ, շատ վառ երգ է լինելու և անմիջապես կսիրվի ու կհիշվի, կարծում եմ: Ամառվա ընթացքում, հավանաբար, նաև տեսահոլովակը կնկարահանենք և պրեմիերան աշնանը կլինի: Երգը պատրաստում եմ DJ Donz-ի հետ: Սա մեր միասնական երկրորդ աշխատանքն է, առաջինը կոչվում է «Իմ ստրուկ»: Նաև պատրաստ է «No fashion» երգը, սակայն դրա համար տեսահոլովակ չեմ կարողանում դեռևս նկարահանել, քանի որ հովանավորներ չկան: Նաև ասեմ, որ երկուշաբթի օրը` հունիսի 1-ի, մասնակցելու եմ երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգին:
-Նման գեղեցիկ տոնի կապակցությամբ միջոցառման եք մասնակցում: Ձեզ մոտ մայրական բնազդը դեռ չի՞ ակտիվացել: Չե՞ք ցանկանում մայրանալ:
-Վաղուց այդ բնազդը կա, բայց տղամարդ չկա:
-Եթե խոսքը ընտանիք կազմելուն է վերաբերում, ապա տարածված երևույթ է, երբ հայտնի կանայք ընտրում են միայակ մայրերի կարգավիճակը:
-Դա իմ տարբերակը չէ: Ես ցանկանում եմ ունենալ լավ ընտանիք: Այդպես ավելի հետաքրքիր է: Միևնույն է, տղամարդը պետք է լինի, բայց լավ, որակով տղամարդը:
- Չէ՞ որ մայրանալը տարիք ունի… Ձեզ համար ուրվագծե՞լ եք որևէ տարիք. եթե մինչ այդ Ձեր տղամարդուն չգտնեք, ընտանիք չկազմեք, գոնե որոշեք մայրության բերկրանքը վայելել:
-Այսօր շատերն առաջին անգամ մայրանում են 50 տարեկանում: Այնպես որ դեռ շատ ժամանակ ունեմ: Եթե այլևս հույս չունենամ, մանկատնից երեխա կորդեգրեմ… Ամենավերջին տարբերակը կատու և շուն պահելն է: Բայց դեռ ջահել ենք, «ֆռֆռում» ենք բեմի վրա (ժպտում է):
-Ջուս, նախորդ տարի նշանադրվեցիք, այնուհետև ինքներդ այդ նշանադրությունը չեղյալ հայտարարեցիք: Չե՞ք զղջացել, նորություններ չունե՞ք անձնական կյանքում:
-Ոչ մի նորություն չկա անձնական կյանքումս, նորությունները միայն ստեղծագործական կյաքումս են: Պատկերացրեք, որ ոչ մի վայրկյան չեմ զղջացել:
-Սկզբում շատ գոհ էիք Ռիչարդից, մեծ ակնկալիքներ ունեի: Ի՞նչը Ձեզ չգոհացրեց, իր մեջ չգտա՞ք Ձեր նշած որակները:
-Եթե տղամարդն ինչ-որ բան խոստանում, բայց չի անում, և դա հաճախակի կրկնվող երևույթ է դառնում, սկսում ես հիասթափվել: Անկախ ամեն ինչից, տղամարդը պետք է ասի ու անի: Իսկ երբ այսօր ու վաղն է գցում, նաև կողքից այլ չիրականացրած խոստումների մասին ես իմանում, արդեն հիասթափվում ես:
-Իսկ ո՞ր խոստումն է, որ չի կատարվել և առավել մեծ հիասթափություն է առաջացրել:
-Այդպիսի շատ բաներ կային և անձնական կյանքում, և կարիերայում: Թեև, ինձ համար անձնական կյանքին վերաբերող խոստումներն առավել կարևոր էին: Շատ-շատ բաներ նա ասել ու չէր արել: Դա շատ վատ է, ես նման բաներ չեմ սիրում… Կապ չունի, թե դիմացինս ով է` սիրելի, հարազատ, ընկերուհի, եթե խոստումներ են տալիս ու չեն իրականացնում այդ խոստումները, խաբում են, սկսում եմ հիասթափվել այդ մարդուց, աչքիցս ընկնում է ու սերն անցնում է: Ինձ մոտ դա շատ արագ է կատարվում, ինչքան էլ սիրեմ` արագ եմ «թողնում» մարդուն իմ կյանքից դուրս:
-Մի՞շտ է այդպես եղել:
-Այո, ինչո՞ւ սիրես ու տանջվես, եթե չես գնահատվելու:
-Արդյոք դա նյութապաշտություն չէ: Միգուցե մարդը չունի՞ այդ հնարավորությունը, չի կարող իրականացնել ֆինանսական միջոցներ պահանջող խոստումները
-Այստեղ հարցը նյութապաշտությունը չէ, այլ խոսքին տեր լինելը: Եթե մարդը հնարավորություն չունի, կարող է ասել այդ մասին և ոչ թե ասել, թե այս ու այն եմ անելու, բոլորը «գժվելու» են… Եթե ես որևէ բան չեմ կարող անել, սկզբում ասում եմ այդ մասին:
-Ջուս, միգուցե Ձեզ մոտ սեր չի՞ եղել, պարզապես գայթակղվել եք այդ խոստումներով…
-Ոչ, նման բան չկա: Իմ կողքին կան շատ հարուստ տղամարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե միշտ իրենց հետ լինեմ: Բայց ես չեմ ցանկանում լինել սիրուհի, դա իմը չի: Նախընտրում եմ ունենալ ուժեղ, ամուր ընտանիք, ունենալ իմ ընտանիքը, իմ ուժեղ կեսը, ով թիկունքիս կլինի ու թույլ չի տա մտածեմ որևէ բանի մասին: Սակայն, դեռ չեմ հանդիպել այնպիսի տղամարդու, ում մեջ այս բոլոր գծերը ներդաշնակ կլինեն:
-Եթե հանկարծ հանդիպեք այնպիսի տղամարդու, ում հետ սերը փոխադարձ կլինի, նա էլ խոստումներին տեր կկանգի, բայց, նաև ամուսնացած կլինի` չե՞ք ընդունի միասին լինելու առաջարկը: Սիրուհու կարգավիճակին չե՞ք համաձայնի:
-Օյ, ոչ, եթե համաձայնեի, վաղուց կլիներ: Ես միշտ էլ նման առաջարկներ ստանում եմ, շատ վաղուց կարող էի բենթլի ունենալ, տներ` աշխարհի տարբեր երկրներում… Բայց ես ուզում եմ միակն ու իմը:
-Ի՞նչ եք կարծում, հայ տղամարդկանց մեջ կգտնե՞ք Ձեր իդեալին, ով և́ ֆինանսական մեծ հարավորություններ կունենա, և́ խոստումները կիրականացնի, և́ Ձեզ հետ կամուսնանա:
-Կարող է լինել, բայց, ինձ թվում է` ոչ Հայաստանի հայ: Օրինակ, կարող է Իսպանիայում ապրող հայ լինել, ինչո՞ւ ոչ: Այստեղ բոլոր լավ տղամարդիկ արդեն ամուսնացած են, ով էլ ամուսնացած չէ` նույնիսկ իրեն չի կարող ապահովել, ուր մնաց ընտանիքը: Տեսնենք` ինչպես կլինի: