01/06/2015 20:45
Հայտնիներն՝ իրենց մանկության մասին. Այսօրն ու երեկը, համակարգչային և իրական խաղերը. Լուսանկարներ
Չնայած այն հանգամանքին, թե ի՞նչ պայմաներում ու ժամանակներում է անցնում մանկությունը, ի՞նչ դժվարություններ են լինում հաղթահարելու, միևնույն է, դա յուրաքանչյուրիս կյանքի ամենագեղեցիկ, ամենաբաղձալի շրջանն է, երբ անկախ գերիշխող գույներից` շուրջբոլորն ամեն ինչ գունավոր է, հաղթահարելի, ապագան` տեսանելի… Aysor.am-ի հետ իրենց մանկության ամենավառ հիշողություններով կիսվեցին հանրային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները. համեմատեցին այսօրն ու երեկը, համակարգչային և իրական խաղերը:
Նաիրա Մովսիսյան. դերասանուհի
Մենք ավելի պարզ և վարդագույն էինք տեսնում ամեն բան. ամռանը բակի երեխաներով խաղում էինք գործնագործ, պահմտոցի, կլասս, ռեզին: Իսկ ձմռանը ձնեմարդ էինք պատրաստում և ձնագնդիկ խաղում, շատ էինք սիրում սահնակ «քշել»: Մութ ու ցուրտ տարիներն էին, բայց նույնիսկ լուսերի «գնալն» ու «գալը» մեզ համար հրճվանք էր: Ինքնաթիռ էր թռչում, նորից ուրախանում էինք… Հիմա նման բաներ չկան, միայն տեխնիկա է, որը վաղ թե ուշ մարդկությանը կհասցնի դաունիզմի:
Ռուսական հեռուստաընկերությամբ ցուցադրվող հեքիաթ-ֆիլմերն էի սիրում, որը ցուցադրվում էր յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 15:00-ին: Ո~նց էի սպասում ես այդ հեքիաթ-ֆիլմերին: Մուլտֆիլմերից սիրում էի «Կապիկները», «Դե սպասիր», «Թոմ և Ջերրի», «Պույ-պույ մկնիկը», «Անտոշկա», «Կատուների տունը»… Մենք անընդմեջ զբաղված էինք, մեզ հետաքրքրում էր մանկական յուրաքանչյուր հետաքրքիր նորություն` լիներ խաղի, թե́́ մուլտֆիլմի տեսքով:
Շատ վառ մանկություն եմ ունեցել: Երեք տարեկանից սկսած` հիշում եմ ամեն բան. բարբի տիկնիկները նոր էին դուրս եկել, ես նրանց համար շորեր էի կարում, թղթե պայուսակներ: Ամեն ամառ բակում ճամբար էինք պատրաստում, պարի մրցույթներ կազմակերպում:
Սուրեն Առուստամյան. դերասան-հաղորդավար
Մանկությունս շատ լավն է եղել, շատ է տարբերվում այսօրվա երեխաների մանկությունից. Չէինք խոսում համակարգիչներից, համակարգչային խաղերից: Խաղում էինք գործնագործ, յոթ քար, բռնոցի, գետնից բարձր, պախկվոցի… Շատ անգամ էլ հարևանի այգուց ցոգոլ էինք գողանում, կամ գաղտնի վարդեր էինք պոկում: Իսկ ամենատպավորիչն այն է, որ շաբաթը մեկ բակի տղաներով տանից կարտոֆիլ էինք վերցնում, խարույկի վրա խորովում ու բակային քեֆ անում: Ափսոսում եմ, որ այսօր նման բաներ չկան… Բակային ճամբար էինք սարքում. թելերով սահման էինք գծում ու վրան կոնֆետների և պահածոների պիտակներ (յառլիկներ) կպցնում: Այնուհետև միջոցառում էինք կազմակերպում և որպես հանդիսատես` հրավիրում ծնողներին: Նաև շատ տպավորված էի «դոնալդ» և «տուրբո» ծամոնների թղթերով. «չին-գա-չունգ» էինք խաղում հարևան բակի տղաների հետ:
Հրաշալի մանկություն եմ ունեցել: Մեծ սիրով մինչև այսօր նայում եմ մանկությանս ֆիլմերը` «Էլեկտրոնիկի արկածները», «Թանկարժեք տղան», «Երեխաները տիեզերքում»… Սովետական շրջանի լավագույն ֆիլմերն էին: Իսկ այսօր իմ տղայի համար հերոսներն ուրիշ են, հետաքրքրությունները` նույնպես…
Էռնա Էլիզբարյան. հաղորդավար, մեկնաբան
Կարծում եմ` իմ սերնդակիցներն ավելի լավ ու անհոգ մանկություն են ունեցել, քան այժմյան փոքրիկները: Հիմա մի տեսակ նյութականացվել է ամեն ինչ, անգամ փոխահարաբերություններն են հիմնված նյութեղենի վրա: Ժամանակին մեզ գաղափարներ էին սերմանում՝ հարգել տարիքով մարդականց, սիրել քեզ շրջապատող աշխարհը, գթասիրտ լինել ամեն ինչի ու յուրաքանչյուրի նկատմամբ: Մարդկաց մեջ փոխադարձ հարգանք կար: Մեր ժամանակ ավելի շատ բարին էր իշխում, գրքեր էինք շատ կարդում, քանի որ հանգստյան ժամի համար դա միակ և լավագույն տարբերակն էր: Իսկ խաղալու, լիցքաթափվելու համար նախընտրում էինք բակը, բակային խաղերը:
Երազում էինք տեզերագնաց, բժիշկ կամ մանավարժ դառնալու մասին: Հիմա մի տեսակ այդպես չէ: Երեխաների մեծ մասը` «Ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին հստակ պատասխան ունի. ԳՈՐԾԱՐԱՐ…Տեխնիկայի զարգացմանը զուգահեռ մարդկանց սրտերն էլ մի տեսակ դարձել է կամ «չիպ», կամ «կալկուլյատոր» կամ հաշվեհամար…
Բայց որ այսօրվա սերունդը շատ գեղեցիկ է ու խելացի` երկրորդ կարծիք լինել չի կարող…
Հիշում եմ, ամառային արձակուրդներին սրտատրոփ էինք սպասում, քանի որ դասերին փոխարինելու էին գալու բակն ու տարատեսակ խաղերը` պարան, ռեզին, կլասս…
Հիմանականում «Մոսֆիլմ» կինոարտադրության գեղարվեստական ֆիլմերն էինք դիտում, որտեղ բարին էր քարոզվում և հոգեբանական հաղթանակը` խրախուսվում, և ոչ թե ծեծն ու ջարդը:
Մանկական հիշողություններիցս մեկը կապված է հեծանիվի հետ. այնքան արագ էի վարում, որ վերքերն ինձնից անպակաս էին (ժպտում է):
Նարա Դիլանյան. դերասանուհի
Մանկության տարիների հետ կապված երկու պատմություն կհիշեմ Ձեզ համար. մի անգամ լացելով տուն եմ եկել ու ասել. «Կարմիրս տարավ, կարմիրս տարավ»: Այնքան եմ ասել, որ բոլորը տանից դուրս են եկել` հասկանալու, թե ի՞նչ ի նկատի ունեմ: Պարզվել է, որ ես պոմիդոր շատ էի սիրում, իսկ շունը իմ պոմիդորը տարել էր (ծիծաղում է):
Մենք 5-րդ հարկում էինք ապրում: Ես ոչ-ոքի տուն չէի թողնում… Մի անգամ տանը մենակ էի ու ոչ մեկի առջև դուռը չէի բացում: Ի վերջո, վերամբարձ կռունկի օգնությամբ տնեցիները տուն մտան...
Սարգիս Գրիգորյան. դերասան
Քանի որ մութ ու ցուրտ տարիներ էին, այնքան էլ վառ մանկության հուշեր չունեմ: Իմ երեխաներն ավելի լավ մանկություն են տեսնում: Իմ հիշողությունների ծալքերում են մութը, ցուրտը, աղքատությունը: Թեև, չէի ասի, որ դժբախտ մանկություն եմ ունեցել: Որպես երեխա, ինտեգրվել եմ այդ իրավիճակին ու ապրել: Կարծում եմ, այդ տարիների բոլոր փոքրիկներն էլ նույն դժվարություններն են տեսել: Այժմ ես ամեն ինչ անում եմ, որ իմ երեխաները նման դժվարություններ չտեսնեն, փորձում եմ հրաշալի մանկություն ապահովել նրանց համար:
Կյանքն առաջ է շարժվում, այս ժամանակներն այլ խաղեր, այլ հետաքրքրություններ են թելադրում: Ժամանակին մեր հայրերն էլ մեզանից, մեր պապերն էլ` մեր հայրերից էին դժգոհ: Վաղն էլ մեր թոռներն են մեր զավակներից տարբեր ապրելու: Սա բնական ընթացք է, ուղղակի մենք ենք վատ զգում, որ մեր երեխաները մեր խաղերը չեն խաղում, այլ հետաքրքրություններ ունեն: Բայց ինչպե՞ս կարող ես 21-րդ դարում ապրող երեխային այլ կենսակերպ պարտադրել: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անես, որ իր համար իր մանկությունը էլ ավելի հետաքրքիր դառնա: Կարևորը, որ երեխաները ժպտում են, երջանիկ են…
Իմ մանկական երազանքն այն է եղել, որ կյանքում հաջողության հասնեմ, քանի որ դրա պակասը շատ եմ զգացել փոքր ժամանակ: Ծնողներս համեստ կյանքով են ապրել… Ես ձգտել եմ դառնալ այն մարդը, ում կհարգեն, կպատվեն. պիտանի մարդ դառնամ կյանքում: Կյանքում շատ դժվարություններ տեսնելով` հասկացել եմ` պետք է չվհատվես ու առաջ գնաս: Երբեք չեմ երազել ավտոմեքենա կամ «սամոկատ» ունենալ… Հաջողակ մարդիկ ինձ համար միշտ չափանիշ են եղել: Ցանկացել եմ հասնել նրան, ինչին իրենք են հասել. ապրել բարեկեցիկ, լինել սիրված ու հարգված: Ձգտել եմ ապրել քեռիիս պես, ով հրաշալի կյանք է ունեցել…
Ցանկանում եմ, որ ոչ մի փոքրիկ առանց հայր կամ մայր չմեծանա: Աստծո` մեզ տված ամենամեծ երջանկությունը մեր փոքրիկներն են: Թող նրանց ժպիտը երբեք չպակասի. և́ հայր լինի, և́ մայր, և́ խաղաղություն… Թող միշտ արև լինի: Արևը տաքություն է, ջերմություն է, սեր է: Թող ոչ մի ամպ երբեք չգա ու մեր երեխաների գլխավերևը չպատի:
Էմիլ Գալստյան. դերասան
Իմ մանկությունն անցել է ավանդական բակայի խաղերով` Պախկվոցի, յոթ քար, գործնագործ… Հիմա I Pad կա և այն ամենը չկա արդեն: Կարծում եմ, նախընտրելի է մեր սերնդի մանկությունը, քան այսօրվա «կոմպյուտերացված» վիճակը:
Թեև, դպրոցում լավ չէի սովորում, անընդհատ ուսուցիչներիս նմանակումներն էի անում: Միշտ դասարանում մեկը լինում է չէ՞, որ բոլորին ծիծաղեցնում է: Մեր դասարանի այդ մեկը ես էի, այդ պատճառով էլ անընդհատ ծնող էին կանչում ու բողոքում, որ խանգարում եմ դասերին: Սակայն, շատ հանգիստ և խելոք երեխա եմ եղել: Այն պահանջկոտ երեխաներից չեմ եղել, ովքեր անընդհատ «մամայից» այս ու այն են ուզել:
6 տարեկանում խաղացել եմ ներկայացման մեջ, ինչից շատ էի տպավորվել: Հովհաննես Թումանյանի «Մեր մանկության պոեմը» ներկայացումն էր, որը բեմադրել էր ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենցը: Ներկայացման մեջ նա ևս խաղում էր, իսկ ես ներկայացնում էի իր մանկությունը: 8 տարեկանում Վլադիմիր Մսրյանի և Կարեն Ջանիբեկյանի հետ նկարահանվեցի «Գնա խաղաղությամբ» կարճամետրաժ ֆիլմում: Ռեժիսորը նորից Զ. Բեկ-Գասպարենցն էր:
Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն, ուրախ լինեն, միշտ ժպտան, կտրվեն «կոմպյուտերային» վիճակներից: