02/06/2015 14:07
Ջանջուղազյան. Արտարժույթի տատանումները 2014-ի պետական բյուջեի կստարման վրա էական ազդեցություն չեն ունեցել
Անցած տարվա վերջին արտարժույթի տատանումները ՀՀ 2014թ. պետական բյուջեի կստարման վրա էական ազդեցություն չեն ունեցել: Այս մասին ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
«Հաշվի առնելով, որ այդ տատանումները տեղի են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին, էական ազդեցություն չէին կարող ունենալ պետական բյուջեի կատարման վրա: Բայց, այդուհանդերձ, գոնե մի հատվածով մենք ազդեցությունը զգացել ենք: Խոսքը ներքին շուկայում պետական արժեթղթերի տեղաբաշխման հնարավորության մասին է: Վստահ եմ, որ դուք առիթ ունեցել եք տեսնելու, որ դեկտեմբերի ընթացքում մենք ունեցել ենք կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, որոնց համար ընդհանրապես որևէ հայտ չի ներկայացվել, ինչն աննախադեպ էր պարտատոմսերի շուկայի գոյության պատմության մեջ»,- հայտարարեց նա:
Ա. Ջանջուզյանի խոսքով՝ սա էական ազդեցություն չի ունեցել ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման վրա. «Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա գործառությունները, ըստ էության, էական ազդեցություն չունեցան պետական բյուջեի կատարման վրա: Միևնույն ժամանակ, դա չէր կարող սահմանափակվել միայն դեկտեմբերով և իրավիճակն իր ազդեցությունը պետք է թողներ հաջորդ ժամանակահատվածի վրա, ինչը տեղի է ունեցել: Սակայն կրկնում եմ՝ կոնկրետ 2014թ. պետական բյուջեի կատարման վրա տատանումներն էական ազդեցություն չեն ունեցել»,- եզրափակեց Ա. Ջանջուղազյանը: