02/06/2015 13:44
2014-ի պետական բյուջեն կարելի է գնահատել կատարված. Գլխավոր գանձապետ
Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեն իր առջև դրված նպատակների իրականացման առումով կատարված է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Հաշվի առնելով, որ բյուջեի մասին օրենքով սահմանվում է 4 եկամտատեսակ, որոնք կարելի է գնահատել որպես անուղղակի հանձնարարական կառավարությանը, 2014թ. պետական բյուջեն կարելի է գնահատել կատարված»,- հայտարարեց նա:
Վերջինիս խոսքով՝ 2014թ. 1 տրիլիոն 144.8 միլիարդ դրամ է կազմել պետական բյուջեի ընդամենը եկամուտների ցուցանիշը, ինչը ՀՆԱ-ի շուրջ 25.3 տոկոսն է, իսկ բացարձակ թվով 73. 4 միլիարդ դրամով ավելի է 2013թ համեմատ: «Պետական բյուջեն ներքին աղբյուրների հաշվին համալրվել է 1տրիլիոն 128 միլիարդ դրամի չափով, ինչը շուրջ 69.4 միլիարդ դրամով ավելի է 2013թ, համեմատ: Պաշտոնական դրամաշնորհների մասով 2014թ. ստացվել է 17.3 միլիարդ դրամ, ինչը 4 միլիարդով գերազանցել է 2013թ. ցուցանիշը»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:
Հարկային եկամուտներ և տուրքեր ցուցանիշը հաշվետու տարվա համար, ինչպես ասաց նա, կազմել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.51 տոկոսը: «Այս ցուցանիշը 0.27 տոկոսային կետով գերազանցում է 2013թ,. ցուցանիշը: 2014թ. պետական բյուջեի եկամտային մասում հարկային եկամուտների և տուրքերի մասնաբաժինը կազմել է 93 տոկոս, և կարող ենք արձանագրել, որ 2014թ հարկային եկամուտներն ունեցել են հիմնականում կայուն վարքագիծ, քանի որ տարվա գրեթե բոլոր ամիսներին արձանագրվել է մուտքրի աճ՝ նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ»,- ասաց ՀՀ գլխավոր գանձապետը:
Շարունակելով իր խոսքը՝ նա նաև նշեց,, որ ՀՆԱ-ի անվանական մեծության 5.9 տոկոս աճի պայմաններում արձանագրվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի աճ 6.3 տոկոսով կամ 6.2 միլիարդ դրամ ով գերազանցվել է նախորդ տարվա ցուցանիշը: Գլխաբոր գանձապետը հավելեց, որ աճ արձանագրվել է գրեթե բոլոր հարկատեսակների առումով: