02/06/2015 20:25
Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կյանքում նման փորձառություն ունեցա. Շողեր Գրիգորյան
Aysor.am-ն այսօր զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասանուհի Շողեր Գրիգորյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև մի շարք սերիալներից: Հայաստանում ուսում առած և Փարիզում վերապատրաստված դերասանուհին, թեև բազում հնարավորություններին` նախընտրել է հայկական թատերարվեստը: Առաջիկա ծրագրերի և անձնական հարցերի շուրջ կարդացեք հարցազրույցում:
-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք, ի՞նչ եք անում:
-Այժմ զբաղված եմ ընթացիկ ներկայացումներով, թեև թատերաշրջանը շուտով կփակվի: Նաև թատրոնից դուրս, որպես հրավիրված դերասանուհի, զբաղված եմ երկու ներկայացումներում: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, նկարահանումները կսկսենք հուլիս ամսին: Ֆիլմը լինելու է կոմեդիայի ժանրում: Երբ ծանրաբեռնվածությունս մի փոքր թեթևանա, ցանկանում եմ նորից երգարվեստով զբաղվել… Դեռևս չեմ կարող փակագծերը բացել և ասել, թե որ բենդի հետ կհամագործակցեմ, բայց պրոդյուսերներից մեկը ցանկանում է ինձ հետ աշխատել: Այժմ բանակցությունների, քննարկումների փուլում ենք:
-Դուք նաև երաժշտական մասնագիտություն ունեք, եթե չեմ սխալվում, ավարտել եք Փարիզի Կոնսերվատորիան:
-Այո, բայց դա թատերական կոնսերվատորիա է, ավարտել եմ Փարիզի պետական Թատերական ինստիտուտը: Վոկալի դասերին շատ մեծ ուշադրություն էր դարձվում, պարապել եմ բարձրակարգ մասնագետի մոտ:
-Ինչպե՞ս է, որ Ձեր թատերական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնում չեք շարունակել:
-Կարծում եմ, ես առավել շատ դրամատիկ դերասանուհի եմ, դրամատիկ դերերում ինձ ավելի հանգիստ եմ զգում: Նաև, Սունդուկյան թատրոնն այն թատրոնն էր, որտեղ դեռ ուսանող տարիներից ես երազում էի աշխատել: Պարոնյան թատրոնի բեմում այժմ միայն «Սիրո կամուրջ» մյուզիքլում եմ խաղում… Շատ եմ սիրում մյուզիքլը, միշտ պատրաստ եմ նման առաջարկներ ընդունել, բայց իմ հիմնական ուղղվածությունը դրամատիկ ուղղվածությունն է:
-Շողեր, Ֆրանսիայում սովորելու գաղափարն ինչպե՞ս ծնվեց:
-Ես հատուկ սովորելու նպատակով էի մեկնել: Այնտեղի Թատերական ինստիտուտ ընդունվում են արդեն իսկ թատերական բազա ունեցող մարդիկ: Մեր երկրի նման չի, որ դպրոցն ավարտես և անմիջապես գնաս Թատերական ինստիտուտ: Պետք է որոշակի կրթություն ունենս, որպեսզի կարողանաս պետական ինստիտուտում սովորել… Այնտեղ են սովորել Սառա Բերնարը, Բելմոնդոն և շատ հայտնիներ: Ես մեկ տարի եմ սովորել, բայց կարելի է ասել, որ 7 տարվա կյանք եմ ապրել այդ մեկ տարվա մեջ…Ֆրանսիան շատ թատերային, արվեստասեր երկիր է, դերասանի նկատմամբ յուրահատուկ հարգանք, վերաբերմունք ունեն:
-Ասացիք, որ մեկ տարի եք սովորել: Կիսա՞տ եք թողել, թե՞ ուսումը մեկ տարվա կտրվածքով է:
-Տեղացիների համար ուսումը տևում է 3 տարի, իսկ եթե դրսից ես և մեկ ինստիտուտ արդեն ավարտել ես, ապա այն քեզ համար վերապատրաստման միջոց է` 1 տարի տևողությամբ: Ուսման վերջում այնտեղ գեղեցիկ ներկայացմամբ հանդես եկանք: Հանդիսատեսի շարքում էր նաև Սերժ Ավետիքյանը: Իմ դերը փոքր էր, բայց այնքան հետաքրքիր լուծում էի գտել, որ բոլորն այդ մասին էին խոսում, հիացմունքով արտահայտվում: Հազվադեպ է լինում, որ ինքս ինձ հավանեմ, քանի որ միշտ քննադատաբար եմ մոտենում, բայց սա այն քիչ աշխատանքներից էր, որ ես ինձանից շատ գոհ էի:
-Որքա հասկացա, դուք ֆրանսերենին հրաշալի եք տիրապետում:
-Այո, ֆրանսիական դպրոցն եմ ավարտել, միշտ սիրել եմ այդ լեզուն, հաճախել եմ ֆրանսերեն թատերական խմբակներ, ֆրանսիական ակումբներ: Բայց ասեմ, երբ գնացի Ֆրանսիա, առաջին մեկ-երկու ամիսներին շատ դժվար էր կարդալ, դերեր խաղալ: Սակայն հետո հրաշալի մի ընթացք եմ ապրել, Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կյանքում նման փորձառություն ունեցա… Հիշում եմ, երբ Երևանի Թատերական ինստիտուտում էի սովորում, մի անգամ մեզ հյուր էր եկել դերասան Վարդան Պետրոսյանը, ում շատ եմ սիրում ու գնահատում, թեև, ուսանող տարիներիս մի փոքր քննադատաբար էի մոտենում: Իրեն ասացի, որ ցանկանում եմ ուսումս շարունակել Փարիզում, ասաց, բայց շատ բարդ է, «կոտորվելու» ես…Նա ճիշտ դուրս եկավ, բայց ես էլ չսխալվեցի. ուժերս հավաքեցի և նպատակս իրականացրեցի:
-Ձեր` Հայաստան վերադարձով, հավանաբար, շատերին եք զարմացրել:
-Ավարտելուց հետո վերադարձա Հայաստան, բայց որոշեցի մագիստրատուրան շարունակել Սորբոնի համալսարանում: Ֆրանսերենի քննություն հանձնեցի և ընդունվեցի: Սակայն հետո գնալու հետ կապված խնդիրներ ծագեցին…
-Փաստաթղթայի՞ն:
-Գիտեք, փաստաթղթային խնդիրները լուծվող խնդիրներ էին… Նախ, այդ շրջանում ինքս էի բոլորին քարոզում` չհեռանալ հայրենիքից; Երբ գալիս է այն պահը, որ մտածում եմ գնալու մասին, սիրտս «կանգնում», հայրենասիրությունս` արթնանում է…
-Զգացմունքայի՞ն անձնավորություն եք:
-Այո, շատ էմոցիոնալ եմ: Սակայն չեմ ցանկանում այն հաղթահարած լինել, քանի որ ինձ շատ է օգնում բեմում:
-Ասացիք, որ շուտով կատակերգական ժանրի ֆիլմում եք նկարահանվելու: Դժվարանալու մտավախություն չկա՞:
-Ներկայումս խաղում եմ «Էպսիդոն» թատերախմբի բեմադրած «Չստացված գողություն» իտալական կոմեդիայում, որին մարդիկ շատ լավ են արձագանքում: Գիտեք, ես հավասարաչափ հաճույք եմ ստանում և́ կոմեդիայից, և́ տրագիկոմեդիայից, թե́ դրամայից ու ողբերգությունից: Սրանք տարբեր վերապրումներ են, զգացողություններ: Նաև մի քիչ անհամեստություն դրսևորեմ և ասեմ` իմ էներգիան սիրվող էներգիա է, մարդիկ հավանում են իմ աշխատաքը: Տա Աստված, որ ֆիլմում էլ այդպես լինի և կարողանամ այս նոր կերպարում իմ էներգիան ճիշտ ուղղորդել:
-Սա Ձեր մասնակցությամբ առաջի՞ն գեղարվեստական ֆիլմը կլինի:
-Ոչ, նկարահանվել եմ Ռոբեր Կեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմում: Այդ ժամանակ նոր էի ընդունվում ինստիտուտ, և բախտն ինձ սկզբից ժպտաց` հայտնվեցի ֆրանսիական կինոյում: Ռ. Կեդիկյանը համարվում է ժամանակակից ֆրանսիական կինոյի լավագույն ռեժիսորներից: Ինձ բախտ վիճակվեց նկարահանվել ֆրանսիական հայտնի դերասանների հետ, սակայն այդ ժամանակ դա այնքան էլ չէի գիտակցում: Վերջերս նկարահանվել եմ «Շքամուտք» ֆիլմում: Ինձ փոքրիկ, բայց հետաքրքիր կերպար էր վստահված: Նաև վերջերս ամերիկյան գեղարվեստա-վավերագրական ֆիլմում նկարահանվեցի, որը, հուսով եմ, այս տարի կներկայացվի Հայաստանում:
-Հեռուստադիտողի մոտ դուք առավել տպավորվեցիք սերիալներից, ինչպե՞ս է, որ այլևս Ձեզ չենք տեսնում սերիալներում:
-Գիտեք, դերասանի կյանքը մի քիչ էտապային է… Եկավ մի շրջան, որ շատ տարվեցի երաժշտությամբ, իսկ այս վերջին շրջանում իմ առօրյան այնքա~ն թատերային ու գերհագեցած էր, որ ուրիշ ոչինչ անել չէի կարող: Մեկ-երկու սերիալային առաջարկ ունեցել եմ, բայց կամ կերպարը սրտովս չէր, կամ չեմ կարողացել ժամանակի մեջ տեղավորվել: Բայց երբ հետաքրքիր առաջարկ ունենամ, անպայման կհամաձայնեմ: Թեև, հիմա ավելի շատ հետաքրքրված եմ նոր բենդի հետ աշխատելու հեռանկարով:
-Փաստորեն, անգործ մնալ չեք սիրում:
-Ուղղակի չեմ կարողանում: Այնքան լավ է, երբ որևէ նախագիծ ավարտվում է և սկսում եմ անհանգստանալ, թե ինչ եմ անելու` մի նոր ու գեղեցիկ առաջարկ է լինում: Հասկանում եմ, որ կյանքն իմ կողմից է: Հանգստյան էտապներն էլ են կարևոր, բայց չեմ սիրում, երբ այն երկարում, ձգձգվում է:
-Դուք մի շրջան համագործակցում էիք նաև ATV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ, զբաղվում էիք սցենարական աշխատանքներով: Այլևս չե՞ք համագործակցում:
-Պատահել է, որ պիեսի վրա եմ աշխատել, կամ որպես լրագրող եմ փորձել օգտակար լինել այս կամ այն ընտանիքին…Ուրախ եմ, որ որոշ մարդկանց օգտակար եղա գործունեությանս այդ շրջանում: Գուցե հետագայում ցանկանամ հեղինակային հաղորդում ունենալ, բայց ոչ այդ ոճի մեջ…
-Շողեր, կծանոթացնե՞ք մեզ Ձեր ընտանիքին:
-Ունեմ մեծ և սիրուն ընտանիք. հայրիկիս կորցրել եմ 5 տարի առաջ: Ինձ շատ են նմանեցնում հայրիկիս: Կարծում եմ, ես ավելի շատ իր տեսակն եմ, իր գենն եմ կրում: Նա, թեև մարդկային փակ տեսակ էր, բայց մենք շատ էինք սիրում միմյանց: Մայրս շատ շնորհալի, հետաքրքիր մարդ է: Կյանքն այնպես է դասավորվել, որ ավելի շատ զբաղվել է երեխաներով: Շատ լավ ձայն ունի, հրաշալի երգում է, բայց… Ես աշխատում եմ, իրականացնել իր չիրականացած երազանքները: Երկու քույր, մեկ եղբայր ունեմ: Քույրերս ավագն են` ինձանից մեծ են 7 և 8 տարով: Ամուսնացած են: Եղբայրս ինձանից փոքր է 2 տարով, նշանված է, նա էլ է մեր քույրը (ժպտում է)…
-Իսկ Ձեր անձնական ընտանիքը ստեղծելու մասին արդեն իսկ չե՞ք մտածում:
-Մտածում եմ, բայց որոշողն Աստված է…
-Կա՞ ինչ-որ մեկը, ում հետ շփվում եք, ով ուրվագծվում է Ձեր ապագայում:
-Չեմ ցանկանա այդ մասին խոսել, քանի որ և չէ-ն սխալ կլինի, և հա-ն…Դեռևս հստակություն չկա իմ անձնական կյանքում:
-Ինչպե՞ս կվերաբերեք, եթե նա ևս Ձեր մասնագիտությունն ունենա:
-Գիտեք, միշտ խուսափել եմ դերասաներից: Երբեմն ինքս ինձ չեմ հանդուրժում, ուր մնաց` դիմացինիս: Դերասանները միմյանց շատ նման են…
-Դա ավելի լավ չէ՞:
-Կարծում եմ, միմյանցից տարբեր մարդիկ ավելի հեշտ են իրար հետ ապրում: Գիտեք, դերասան տղամարդիկ ավելի խանդոտ են, քան այլ մասնագիտության տեր տղամարդիկ: Վերջիններս ավելի սիրով, հանդուրժողականությամբ են գալիս իրենց սիրելիների ներկայացումներին, իսկ դերասաններն ավելի խանդով են լցվում:
-Զարմանալի է, չէ՞ որ դերասանն առավել պետք է գիտակցի, որ դա աշխատանք է:
-Դե, այդպիսի պարադոքս կա… Դա նկատել եմ իմ փորձից, տեսել եմ, ով է խանդում, ով ոչ: Ոչինչ չունեմ ասելու, գուցե խանդն էլ վատ բան չէ, շարժիչ ուժ է: Բայց, ամեն դեպքում, դերասաններից միշտ խուսափել եմ, գուցե սխա՞լ եմ արել: Պետք է վերանայեմ: Ամեն դեպքում, իմ կոլեգաերի հետ մենք կես բառից միմյանց հասկանում ենք, հարազատանում:
-Շողեր, իսկ եթե ՆԱ, օրինակ, լինի քաղաքական գործի՞չ:
-Եթե իմանամ, որ ազնիվ է, առաջադեմ, ժողովրդի մասին մտածող` գուցե համաձայնեմ: Բայց արդյոք այսօր նման քաղաքական գործիչներ կա՞ն: Բայց նման ազնիվ մարդու կողքին պատրաստ եմ և ապրել, և աջակցել: Նույնիսկ, կգնամ զոհաբերության` թողնելով մասնագիտությունս և աջակցելով իրեն` իրականացնելու իր մարդասեր նպատակները:
-Ի դպ, վերջերս Ձեզ հաճախ ենք նկատում այս կամ այն քաղաքացիական ակցիաների շրջանակներում` տրանսպորտի թանկացում, հոսանքի գնի բարձրացում…Հավատո՞ւմ եք, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել:
-Տրանսպորտի թանկացման դեմ պայքարից հետո ինձ մոտ հույս առաջացավ, շատ եմ հավատում մեզ: Կարծում եմ, արդեն եկել է այն պահը, որ անհնար է մեզ հետ հաշվի չնստել, մենք պահանջատեր ենք: Բավականին լուրջ սերունդ է ձևավորվել…Ես հավատում եմ մեզ: