03/06/2015 17:31
Այսօր կկայանա հանրահայտ «Anathema» և «The beautified project» ռոք խմբի համերգը
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կկայանա հանրահայտ «Anathema» և «The beautified project» ռոք խմբի համերգը: Համերգի կազմակերպիչ «One Production» ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանի խոսքով՝ իրենք փորձում են այնպես անել, որ նույն բեմում ելույթ ունենան համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր և հայ երաժիշտները:
Երկուսուկես ժամ տևողությամբ համերգի ընթացքում կհնչեն հին և նոր կատարումներ:
Ասուլիսին ներկա «The beautified project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը ասաց, որ «Anathema»-ի գործունեությանն սկսել է հետևել 15 տարեկանից, երբ խումբը ելույթ էր ունենում ակումբներում և ինքը տեսել է՝ ինչպես է խումբը զրոյից հասնում համաշխարհային ճանաչման:
«Երազային բան կա այս ամենի մեջ, որովհետև մեծացել եմ «Anathema» լսելով և այսօր նրանց հետ եմ ելույթ ունենալու, բացի այդ, երբեք չէի պատկերացնի, որ կվերադառնամ հայրենիք, կապրեմ այստեղ և բեմ կկիսեմ «Anathema»-ի հետ»,-ասաց նա՝ նշելով, որ Լոնդոնում ապրելու տարիներին որոշ ժամանակ աշխատել է նրանց հետ և այսօր իրեն տեսնելով՝ նրանք անմիջապես իրեն հիշեցին:
Նրա խոսքով՝ նման խմբին Հայաստան հրավիրելը մշակութային մեծ իրադարձություն է, ինչպես նաև՝ ռիսկային քայլ:
«Շատ հեշտ է բերել հին անուններ և տոմսերի վաճառքով ապահովել մեծ շահույթ, իսկ «One Production»-ը արածը նման է մշակութային ներդրման, որը շատ ավելի կարևոր է Հայաստանի համար»,-ասաց նա՝ նշելով, որ նրանք բերում են այն երաժշտությունը, որը այսօր լսում է աշխարհը: