03/06/2015 20:00
Ես գիտեմ այստեղ հարգված ու ճանաչված շատ դերասանների, ովքեր դրսում ինքաստորացմամբ են զբաղվել. Մանուկ Հախվերդյան
Երևանի պետական Կամերային թատրոնումի դերասան, հումորիստ Մանուկ Հախվերդյանը, տևական ժամանակ է, բացակայում է էկրաններից: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս չվարանեց և նշեց, որ իր էկրանային լռությունը պայմանավորված է հրավերների բացակայությամբ: Սակայն աշնան հետ շատ բան կփոխվի, և` դեպի լավը:
-Այժմ հիմնականում ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Հիմնականում զբաղված եմ իմ սիրելի թատրոնում` Երևանի պետական կամերային թատրոնում:
-Նախկինում բավականին ակտիվ էիք նաև հեռուստանախագծերում: Ինչո՞վ է պայմանավորված ներկայիս պասիվությունը:
-Երևի մարդիկ հավես չունեն թարմ ու հավեսով, որակով նոր բան անելու: Ես երբեք չեմ հրաժարվում, մեծամտության սինդրոմ, «աստղային հիվանդություն» չունեմ, նորմալ մարդ ու դերասան եմ: Իսկ թե որքանով եմ շնորքով ու տաղանդավոր, դա արդեն բոլորովին այլ թեմա է:
-Միգուցե դո՞ւք որևէ նախագիծ առաջարկեք հեռուստաընկերություններին:
-Հավանաբար աշնանը պրոյեկտ կառաջարկենք, որը կլինի և́ մանուկնրի, և́ մեծերի համար: Չեմ ցանկանում նախապես շատ խոստումներ տալ: Ավելի լավ է խոսեմ այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ կլինի:
-Իսկ նախագիծը մտադիր եք առաջարկել Ձեզ համար հարազատ դարձած Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի՞ն, թե՞ այլ հեռուստաընկերությունների:
-Հեռուստաընկերություններն այսօր շատ են, լայն հնարավորություն կա: Դեռևս չենք մտածել, թե որ հեռուստաընկերությանը կառաջարկենք: Ընդհանրապես, լավ ապրանքը տերն է որոշում ում վաճառի, ում` ոչ: Գնորդին որոշողն այդ պարագայում վաճառողն է:
-Պարոն Հախվերդյան, իսկ ֆիլմերո՞ւմ Ձեզ ինչու չենք հանդիպում:
-Դուք աչքիս նախապես որոշել եք իմ տրամադրությունը գցե՞լ (ժպտում է):
-Ընդհակառակը, որոշել եմ այդ բացի մասին բարձրաձայնել:
-Կարծում եմ, այդ հարցը պետք է կինոռեժիսորներին տալ, ասել. «Ես կարծում եմ` Մանուկ Հախվերդյանը անշորք դերասան չի, ինչո՞ւ չեք նկարահանում: Մարդը մեծացավ-մեծացավ, շուտով կլինի 106 տարեկան, դուք դեռ չեք նկարում: Խնդիրն ինչո՞ւմն է» (ծիծաղում է):
-Խոսքս միայն գեղարվեստական ֆիլմերի մասին չէ. դուք, եթե չեմ սխալվում, տարիներ առաջ, որպես հումորային ժանրի դերասան, արժանացել եք հատուկ պատվոգրի...Այսօր հումորային սերիալները շատ են: Զարմանալի է, որ Ձեզ չենք հանդիպում այդ սերիալներում: Ընդհակառակը, նրանցում ավելի շատ նեգրավված են «Չդերասանները»:
-Դա այսօրվա ամենաբարդ հարցերից մեկն է: Գիտե՞ք, ինչ վիճակ է. Մի պահ պատկերացրեք, որ բոլոր վարորդները բժիշկ աշխատեն, վարսավիրները` հացթուխներ, հացթուխները` լարախաղացներ…
-Ինչո՞ւ եք ապառնիով խոսում, ներկայում էլ շատ դեպքերում այդպես է:
-Դե, դա մեր իրականությունն է, այսօրվա կյանքը: Դրանից ո՞ւր կարող ենք փախչել…Պատճառն, ըստ իս, սա է. «Հացը մի տուր թխելու հացթուխին, որ մեկ հաց ավել չտաս»: Հայտնի խոսք է չէ՞, որ ասում են` հացը հացթուխին տուր, որ թխի, իրեն էլ մի հատ ավել հաց տուր, որ շատ լավ թխի: Բայց մեզ մոտ հիմա այդպես չեն անում: Հաց թխելու կարևոր գործը տալիս են կոշկակարին: Գործը վստահվում է այնպիսի մասնագետների, ովքեր բացարձակ տեղյակ չեն, թե ի՞նչ պետք է անեն: Ինչո՞ւ պետք է 1000 դրամ մասնագետին տան, եթե 300 դրամով ով ասես կհամաձայնի: Հետևանքների մասին չեն մտածում, այսօրվա օրով են ապրում:
-Այսօր մտավորականները որքանո՞վ են գոհ իրենց ապրելակերպից, գործունեությունից:
-Այսօր մտավորական բառն էլ շատ պայմանական է: Եթե նախկինում գիտելիքների բազա ունենալը հայտ էր, որ այդ մարդը կարող է կոչվել մտավորական, այսօր բավական է ունենաս մորուք, երկար մազեր, մի երկու սերիալում նկարահանվես, արդեն վերջ, մտավորական ես կոչվում… Այնպես չի, որ ես դրանից նեղսրտում եմ, մտածում, որ աշխարհի վերջն է, բացասական բաները շատ են… Ոչ, դա էլ է պետք, բայց ոչ այսքան շատ: Այն արդեն դառնում է ուղենիշ ու մարդկանց տանում իր հետևից:
-Որքան հիշում եմ, դուք ժամանակին տարբեր քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնակից էիք…
-Վառ ընդգծվար, արտահայտված չեմ երևացել ոչ մի տեղ: Բայց Երևանի քաղաքապետարանին մի առաջարկ եմ արել, ինչի մասին կցանկանայի նորից հիշեցնել. «Կվարտալից» դեպի քաղաք թեքվող ճանապարհին կանգառի համար սահմանված մի գոտի կա, որտեղ կանգառի նշան չի դրվում, բայց մարդիկ հավաքվում և երթուղայինի են սպասում: Այդտեղ անընդհատ խցանումներ են լինում, չհաշված` որ հաճախ վթարային վիճակ է ստեղծվում: Ժողովրդին ինչպես հարմար է, այդպես պետք է արվի. եթե մարդիկ այդտեղ կանգառ են ուզում, միևնույն է` կանգնելու են, ապա թող օրինական կանգառ սարքեն… Եթե այդ հարցը կարողանամ «գլուխ բերել», խիղճս հանգիստ կլինի, ինձ այս երկրի քաղաքացի կզգամ: Ինձ խոստացան, որ այդ հարցով կզբաղվեն, բայց չզբաղվեցին:
-Արդյոք այսօր մեր ամենամեծ խնդիրը կանգառն է: Ի դեպ, ժողովրդի կարծիքն այսօր հաշվի առնվո՞ւմ է: Հավատո՞ւմ եք Ձեր դիմումի ի կատար ածվելուն:
-Ինչ վերաբերում է խնդրին, ամեն ինչ այդտեղից է սկսում… Բնականաբար, հաշվարկային հարցեր կան, ոչ-ոք չի հարցնի. «Ժողովուրդ, ուզո՞ւմ եք Ձեր հացը, հոսանքը, ջուրը թանկացնենք», որ ժողովուրդն էլ պատասխանի. «Ո́́́́́́́́́́́́́́́́չ́»: Գուցե մեզ այդ հաշվարկները հասու չեն: Բայց կան բաներ, որ մենք ավելի լավ ենք պատկերացնում, քան պետական բարձրաստիճան այրերը:
-Պարոն Հախվերդյան, եթե չեմ սխալվում, դուք Աշտարակում եք ապրում:
-Այո, բայց այնտեղ չեմ ծնվել:
-Ծնվել եք Իրանում:
-Այո, ծնվել եմ Իրանում, ապրում եմ Աշտարակում, աշխատում` Երևանում:
-Փաստորեն, Ձեր ժամանակի մի մասը վատնում եք ճանապարհին:
-Լինում են օրեր, որ փորձ, ներկայացում չեմ ունենում: Այդ օրերին գալիս եմ քաղաք, «ներկա» ստանում ու գնում (ծիծաղում է):
-Ավտոմեքենա ունե՞ք այդ ճանապարհը հաղթահարելու համար:
-Ոչ, ես հույսս դնում եմ ինձ հարգող, ճանաչող վարորդների վրա, ովքեր մեծահոգաբար ինձ երբեմն տեղափոխում են Երևանից Աշտարակ, Աշտարակից` Երևան:
-Տարիներ առաջ նման սրտացավ մարդիկ կային: Այսօ՞ր էլ մարդկանց մեջ «ապրում» է այդ հոգատարությունը:
-Չեմ կարող միանշանակ պնդել ու ասել` այո. գուցե ինձ ճանաչելո՞վ են տեղափոխում: Բայց ես միտված եմ մտածել, որ Փառք Աստծո, դեռ կան ազգային սովորույթներ, որոնք բնորոշ են մեզ: Նաև մեզ մոտ է, որ բոլորը բոլորին` ծանոթ, թե անծանոթ, բարևում են:
-Գաղտնիք չէ, որ դերասանի այսօրվա աշխատավարձը չնչին է: Գումարի որոշակի հատված էլ ծախսում եք ճանապարհի վրա…Ինչպե՞ս եք, հայեցի ասած, «ծայրը-ծայրին» հասցնում…
-Չեմ հասցնում… Փառք Աստծո, դրսում քույր ու եղբայր ունենք, ովքեր օգնում են:
-Իրենց միանալու մասին չե՞ք մտածել: Մեր դերասաններից շատերն են փորձում դրսում կամ այլ աշխատանք գտնել, կամ դերասանական գործունեությունը այնտեղ շարունակել:
-Գնում են, «փոշմանում», բայց ամաչում են ետ գալ: Ես գիտեմ այստեղ հարգված ու ճանաչված շատ դերասանների, ովքեր դրսում ինքաստորացմամբ են զբաղվել: Ես չեմ ցանկանում դասվել այդ մարդկանց շարքերում: Չեմ ասում, որ այստեղ շուտով դրախտ է դառնալու, բայց լավատես եմ: Եթե այդ լավատեսությունը չլիներ, կարծում եմ, շատ վաղուց ինքնասպան եղած կլինեի: Մինչև ե՞րբ կարող է այսպես վատ լիել, այդքան երկար չի կարող տևել:
-Երբևէ չեք մտածե՞լ Աշտարակից Երևան տեղափոխվելու մասի:
-Մի ժամանակ ուզում էի, բայց չստացվեց ու մտածեցի` «խերն» այդ է: Պատկերացրեք, որ արդեն չեմ նեղվում այս ճանապարհից: Միայն ձմեռները, երբ ներկայացումներն ուշ են ավարտվում, մի քիչ նեղվում եմ: Բայց դե դրա մեջ էլ շունչ ու հոգի կա, հետաքրքրություն կա, ճակատագիր...Պետք է տուն ունենաս, հետո չունենաս, մրսես, հետո տաքանաս... Ամեն ինչ փոխաբերական է...
-Նյութական կորուստներ կյանքում շա՞տ եք ունեցել:
-Մութ ու ցուրտ տարիներին շատ արժեքավոր բաներ եմ վաճառել, բայց գտնում եմ, որ այդպես էլ պետք է լիներ:
-Չե՞ք ափսոսացել:
-Ոչ, հիմա էլ չեմ ափսոսում:
-Պարոն Հախվերդյան, մեզ նաև Ձեր ընտանիքի մասին կպատմե՞ք:
-Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր, մեկ որդի և մեկ կին: Այնպես չստացվեց, որ ամեն մի երեխայի համար մի կին ունենայի (ծիծաղում է): Տղաս կրկեսային ակրոբատ է, Հայաստանում միակ նման մասնագետն է: Դստրիկներիցս մեկը սովորում է համալսարանում, անգլերենի մասնագետ է, մյուս դուստրս կորեերեն, չիներեն է ուսումնասիրում:
-Ձեր տղան Հայաստանո՞ւմ է աշխատում:
-Մոսկվայում է աշխատում, երկու ամիս առաջ է եկել Հայաստան, բայց հավանաբար նորից կգնա: