03/06/2015 20:24
Պապին Պողոսյանը հյուրախաղերով կշրջի ԱՄՆ-ում
Նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ալեքս» թատրոնը կհյուրընկալի հայ ժողովրդական երգիչ Պապին Պողոսյանին: Aysor.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ մենահամերգի մտահղացումը վաղուց կար, սակայն կազմակերպչական բազում դժվարությունների պատճառով հետաձգվում էր. «Այժմ բավական բարդ է, մարդիք տարված են առօրյա հոգսերով և նրանց, թեկուզ երկու ժամով, դժվար է հանել այդ վիճակից: Սակայն այս տարի «Grand-Party» ընկերության կողմից համերգը կազմակերպելու հետաքրքիր առաջարկ եղավ: Ընկերության մեջ հավաքված են երիտասարդ և իրենց գործի գիտակ մասնագետներ: Միասին որոշեցինք, որ կլինի ոչ թե մենահամերգ, այլ համատեղ համերգ` Գագիկ Բադալյանի հետ»:
Համերգի գեղարվեստական մասը վստահվել է երիտասարդ ռեժիսոր, բանաստեղծ Դավիթ Ասատրյանին: Ծրագրում լինելու են հայկական ժողովրդական, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի նմուշներ: «Գագիկի և իմ համատեղ համերգը բացի մշակութային, գեղարվեստական նշանակությունից, գոնե ինձ համար, ունի մեկ այլ շատ կարևոր իմաստ. երկու տարբեր սերունդների համագործակցություն, որտեղ միավորվում են տարիների փորձն ու երիտասարդ տաղանդավոր մարդիկ: Օրվա գլխավոր հերոսները լինելու ենք ոչ թե մենք, այլ հայ երգն ու այն պատանին կամ երեխան, ում սրտում առաջին անգամ արձագանք կգտնի «պապերի ձայնը»,-մանրամասնեց Պապին Պողոսյանը:
Համերգն ամբողջությամբ ուղեկցվելու է կենդանի նվագակցությամբ: Դահլիճում ներկա կլինեն նաև հատուկ հյուրեր: Ի դեպ, «Grand-Party» ընկերության և մասնավորապես տնօրեն Արտակ Մարտիրոսյանի հետ ծրագրվել է այս համերգը դարձնել հյուրախաղային. Պապին Պողոսյանը և Գագիկ Բադալյանը համերգային ծրագրով կշրջագայեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս, նաև` Հայաստանում: