04/06/2015 20:21
Ես աստղ չեմ, սովորական դերասան տղա եմ, և ամենակարևորը` երևանցի. Արսեն Լևոնյան
Aysor.am-ի հյուրասրահում Արսեն Լևոնյանն է, ով որոշել է մի որոշ ժամանակահատված էկրանային դադար վերցնել: Այժմ դերասանն օրն անցկացնում է սիրելիի, ընտանիքի, ընկերների ու Երևանի հետ: Մեզ հետ զրույցում նա պատմեց առաջիկա զբաղվածության, հանգստի մեկնելու, ամուսնության մասին շրջանառվող խոսակցության, դրսում հնչած քննադատությունների և երկու մասի բաժանված երկրպագուների մասին:
-Արսեն, «Հարազատ թշնամի» սերիալի ավարտից հետո ի՞նչ զբաղվածություն ունեք: Այժմ ի՞նչ եք անում:
-Հիմա ես հանգստանում եմ: Եղան մի քանի առաջարկներ, բայց հոգնածություն էի զգում և ցանկանում էի մի քիչ հանգստանալ:
-Մոտ երկու տարի առաջ հեռացաք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից: Չե՞ք ցանկանում որևէ թատրոնում նորից հաստատվել:
-Հետագայում, հավանաբար, կցանկանամ, բայց ներկա պահին դա մի տեսակ այնքան էլ սրտովս չի:
-Ֆինանսակա՞ն առումով:
-Ոչ, դա ֆինանսի հետ բոլորովին կապ չունի: Թատրոնը լրիվ ուրիշ բան է. որքան էլ ֆինանսը քիչ լինի, այն քո տունն է, քո արվեստը, քո աշխարհը…
-Քանի որ այսօր էկրաններին չեք երևում, թատրոնում չեք խաղում, նոր առաջարկներն էլ մերժում եք, չկա՞ մտավախություն, որ կմոռացվեք:
-Գիտեք, եթե մարդը լավն է, նշանակում է` չեն կարող մոռանալ, իսկ եթե մոռացան, կնշանակի` լավը չեմ:
-Դերասանները հաճախ են հայտնվում հաղորդավարի աթոռին: Ինչպե՞ս է, որ Ձեզ չենք հանդիպում նման կարգավիճակում:
-Մեկ անգամ առաջարկ ստացել եմ, բայց ամենօրյա ռեժիմով աշխատանք էր… Ես այդպես չեմ կարող, դա այնքան էլ իմ սրտով չի:
-Արսեն, կան դերասաններ, որոնց բոլորը սիրում են, կան այնպիսիք, որոնց չեն սիրում: Ձեր դեպքում «բանակը» երկու մասի է բաժանվում: Դա Ձեզ անհանգստացնո՞ւմ է:
-Իհարկե ոչ, միայն այն, որ ինձ կարող են սիրել-չսիրել, արդեն իսկ նշանակում է, որ գոյություն ունեմ: Դա ինձ ավելի շատ օգնում է. եթե չեն սիրում, փորձում եմ հասկանալ` ինչո՞ւ չեն սիրում: Աշխատում եմ իմ մեջ շտկել այդ գիծը, որ սիրեն:
-Պատահե՞լ է, որ առօրյայում հանդիպեք բացասական կարծիքների:
-Իհարկե, մեկ-երկու անգամ պատահել է, բայց սերիալի պատճառով. չէին ցանկանում, որ ես սերիալում նկարահանվեմ, ասում էին` դա ինչ է, որ նկարահանվում եք: Բայց ես այդ ամենին նորմալ եմ վերաբերում: Մարդիկ տարբեր մտածելակերպ ունեն:
-Ինքներդ սերիալներին ինչպե՞ս եք վերաբերում:
-Շատ լավ: Սերիալը դերասանի համար փորձ է: Իհարկե, կապ ունի, թե ինչ սերիալում ես նկարահանվում, ինչ որակ ունի. Կարող է մեկ «կամերայով» նկարահանվես, բայց ամբողջովին ցույց տաս քո` դերասանի վարպետությունը, որևէ մեկին հուզես կամ ուրախացնես…Կարևորն այն է, թե դու ինչի ես ընդունակ: Ես ուրախ եմ, որ մեր հայ դերասանները նկարահանվում են սերիալներում: Դերասանը հենց այնպես չի կարող նստել տանը, նրան արտահայտվել է պետք, չէ՞ որ կյանքն իր մեջ շատ ինֆորմացիա, զգացմունքներ է ներդնում, որը պետք է «դուրս թողնել»:
-Դուք կրթություն, ուսում եք ստացել նաև Սանկտ Պետերբուրգքում: Հնարավո՞ր է, երբևէ որոշեք գործունեությունը շարունակել Ռուսաստանում:
-Մեծ հաճույքով կցանկանայի, բայց մտածում եմ, եթե բոլորս հերթով գնանք, վերջում ի՞նչ կլինի:
-Բայց դա Ձեր առաջընթացի համար է, նաև` երկրին կարող եք օգտակար լինել:
-Չգիտեմ… Թեև, շատ կցանկանայի ստեղծագործել հենց Սանկտ Պետերբուրգում, որովհետև այն արվեստի քաղաք է, բացօթյա թանգարան: Սակայն դուրս գնալու, Հայաստանից հեռանալու ցանկություն չունեմ:
-Ի դեպ, այնտեղ հարազատներ, ըկերներ ունե՞ք, Հայաստան վերադարձից հետո նրանց հետ կապ պահպանո՞ւմ եք, այցելո՞ւմ եք:
-Իհարկե, ես այնտեղ հարազատներ ունեմ. հորեղբայրս գրեթե 30 տարի է, այնտեղ է ապրում, եղբայրներ, ընկերներ ունեմ…Ամեն տարի այցելում եմ նրանց, միայն նախորդ տարի չեմ գնացել:
-Արդեն հանգստյան մեկնելու շրջանն է մեկնարկում: Որոշե՞լ եք, ամառային հանգիստը որտեղ կանցկացնեք:
-Դեռ ոչ… Իմ կյանքում ամեն ինչ միշտ պատահական է լինում: Հունաստան և Բուլղարիա մեկնելու առաջարկներ ունեմ ավագ ընկերներիս կողմից, բայց դեռ չգիտեմ` ինչպես կլինի:
-Փաստորեն, Ձեր ընկերները Ձեր հասակակիցները չեն: Դժվար չէ՞ ոչ տարեկիցների հետ ընկերություն անել, սերունդների տարբերությունը չի՞ խանգարում:
-Ես շատ քիչ ունեմ հասակակից ընկերներ…Դժվար չէ, քանի որ աշխարհի ամենալավ բանն է, երբ կարողանում ես «տարիքով» մարդկանց հետ ընկերություն անել և նրանցից «լիքը» բան սովորել: Ճիշտ է, ես ընդամենը 26 տարեկան եմ, բայց «հին» մարդ եմ:
-Դա ընտանեկան դաստիրակությա՞ն արդյունքն է:
-Իհարկե. դաստիարակվել եմ այն երաժշտությամբ, որն իմ տնեցիք են լսել, այն ֆիլմերով, որոնք իմ ընտանիքն է նայել… Ծնողի դաստիարակությունն ամենակարևոր բան է:
-Դրանից գո՞հ եք, թե երբեմն ծնողներին «մեղադրում» եք հասուն դաստիարակության համար:
-«Գոհ»-ը մեղմ է ասված. ես երջանիկ եմ դրա համար:
-Ես որքան հասկանում եմ, Ձեր մեջ Աբրահամյանների գենն ավելի ուժեղ է գտնվել:
-Հա, նման բան կա (ժպտում է):
-Ասում են, Խորեն Աբրահամյանը սիրել է քաղաքում զբոսնել. Դուք սիրո՞ւմ եք զբոսնել Երևանում:
-Հա, հաճախ եմ դուրս գալիս, քայլում, նստում «Երևան» գրառմամբ նստարաններին ու խորհում: Հաճախ ծանոթեր են հանդիպում, որպիսությունս հարցնում, զրուցում ու գնում:
-Որոշ երիտասարդ դերասանների պես չե՞ք «վախենում», որ Ձեզ կմոտենան, կցանկանան շփվել:
-(Ծիծաղում է)Ես աստղ չեմ, սովորական դերասան տղա եմ, և ամենակարևորը` երևանցի: Մաքուր, հին երևանցի եմ: Նույնիսկ երբեմն «ոտաբոբիկ» եմ քաղաքում քայլում:
-Որպես բնիկ երևանցի, շա՞տ եք սրտնեղում, երբ բոլոր նրանք, ովքեր Երևանում են ապրում, այսօր իրենց երևանցի են համարում:
-Որոշ չափով` այո: Ամեն մեկը չպետք է իրեն երևանցու տեղ դնի, դա բոլորովին այլ հասկացողություն է: Դեմ չեմ, եթե այստեղ են ծնվել-մեծացել, կարող են երևանցի լինել: Բայց ինձ համար երևանցի լինելը մի քիչ այլ բան է. կոլորիտ է, ճաշակ է, քայլվածք է, ամեն ինչ է… Միայն այստեղ ապրելով չես դառնա երևանցի:
-Արսեն, մեծերն ասում են` ժամանակի երևանցին այլ տեսակ ուներ, այսօր այլ են…
-Շա~տ են տարբերվում թե́ այդ նույն ճաշակով, թե́ խոսելաձևով: Երբեմն հանդիպում եմ մարդկանց, ովքեր այնպես են խոսում, որ երկու վայրկյան ավել չեմ ցանկանում մնալ իրենց շրջապատում, այդ միջավայրում:
-Փաստորեն, Երևանի «համ ու հոտը» չի պահպանվել:
-Փառք Աստծո, կան այնպիսի մարդիկ, որ գոնե ինչ-որ չափով այդ համն ու հոտը պահպանում են:
-Դուք Երևանո՞ւմ եք ծնվել, թե՞ Ռուսաստանում:
-Երևանում եմ ծնվել, հետագայում գնացել ենք, այնտեղ երեք տարի ենք ապրել և նորից վերադարձել:
-Կցանկանայի նորից վերադառնալ սերիալների խնդրին. Ձեր եղբորը` Խորեն Լևոնյանին, մենք սերիալներում չենք հանդիպում: Արդյոք նա Ձեր սերիալային զբաղվածությանը քննադատաբար չի վերաբերում:
-Մենք նման բաներից առանձնապես չենք խոսում: Ավելի շատ քննարկում ենք` որ կտորն ինչպես խաղացինք: Նա աշխատում է ինձ որոշ խորհուրդներ տալ, որոնք ես ընդունում եմ հպարտորեն: Երջանիկ մարդ եմ, որ այդպիսի եղբայր ունեմ: Նա էլ ինձ է հաճախ հարցնում, թե ինչպե՞ս խաղաց այս կամ այն տեսարանը: Նա սիրում է լսել իմ կրծիքը, իր ֆիլմերի ժամանակ միշտ ինձ կանչում և իր կողքին է նստեցնում: Մասնագիտականից բացի, առաջի հերթին իր եղբոր կարծիքն է հետաքրքիր: Մենք մարդկային, և ոչ թե մասնագիտական արժեքներով ենք առաջնորդվում: Մեզ մեր պապն այդպես է դաստիարակել:
-Թեև գիտեմ, որ չեք սիրում անձնական հարցերի շուրջ ծավալվել, բայց, ամեն դեպքում, միգուցե փորձե՞նք տարածված որոշ խոսակցություններ լուսաբանել. վերջին շրջանում հաճախ էին լուրեր տարածվում, որ ամուսնացել եք: Նման բան կա՞:
-Ոչ, նման բան չկա, պարզապես ես սիրած աձնավորություն ունեմ, մենք միմյանց սիրում ենք… Այդքան բան:
-Փակագծերն ավելի չե՞ք բացում:
-Ոչ (ժպտում է):
-Ինչպե՞ս կավարտեք մեր զրույցը:
-Ցանկանում եմ, որ մեր ազգը երջանիկ լինի, սիրով լցված: Մարդկանց մեջ չարություն եմ նկատում, ուզում եմ շատ-շատ բարություն ցանկանալ բոլորին: