05/06/2015 20:24
Մենք ունենք այն, ինչ ունենք. բոլորը կամ դերասան են, կամ երգիչ. Կարո Հովհաննիսյան
Aysor.am-ի զրուցակիցը ռեժիսոր-դերասան Կարո Հովհաննիսյանն է, ում մասնագիտական ընտրության հարցում մեծ դեր են խաղացել արվեստագետի գեներն ու ընտանեկան մթնոլորտը:
-Կարո, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հետո, կարծեք, թե էկրանային լռություն եք պահպանում, այո՞:
-Այո, «Դժվար ապրուստը», որպես դերասան, եղավ իմ վերջին աշխատանքը: Այնուհետև զորակոչվեցի ծառայության: Վերադարձից հետո որոշեցի ամեն ինչ սկսել նորից ու զրոյից…Այժմ դեռ չեմ մտածում դերասանական կարիերայի մասին: Այս պահին ինձ համար առաջնային է իմ հիմնական մասնագիտությունը…
-Եվ ինչո՞վ եք հիմա զբաղվո՞ւմ:
-Մասնագիտությամբ ռեժիսոր եմ ու դրանով էլ զբաղվում եմ: Նկարահանում եմ կարճամետրաժ ֆիլմեր, տեսահոլովակներ: Երկու ընկերներիս հետ հիմնել ենք «Friends film» փրոդաքշնը: Ասեմ, որ իմ մասնագիտությամբ աշխատում եմ նաև պետական համակարգում. մասսայական միջոցառումների ռեժիսոր եմ:
-Որպես ռեժիսոր, ի՞նչ թեմայի կցանկանայիք անդրադառնալ:
-Միշտ էլ ցանկացել եմ տարբեր թեմաների անդրադառնալ` սկսած հայոց մեծ եղեռնից մինչև մի հասարակ, բայց հաճելի սիրո պատմության: Բայց չեմ կարող նման հաճույք ինձ թույլ տալ, քանի որ մեր երկրում կինոոլորտում մի մեծ անդունդ է…
-Բայց վերջերս հաճախ են ֆիլմեր նկարահանվում:
-Այո, բայց եթե ուշադիր եք եղել, դրանք միայն կոմերցիոն բնույթ, նպատակներ են հետապնդում, և ոչ թե գաղափարային: Ինչի՞ մասին է խոսքը, եթե մեր Արցախյան հաղթանակին վերաբերող միայն մեկ ֆիլմ ունենք: Ֆիլմ, գոնե որով կարելի է մի քիչ ներկայանալ աշխարհին: Սա շատ լուրջ հարց է, որը հիմա ծառացած է հայ կինոմատոգրաֆիայի առջև, ինչու ոչ, նաև երկրի առջև: Այսօր կինո նկարահանվում է միայն գումար աշխատելու նպատակով:
-Ընտրել եք Ձեր հայրիկի ճանապարհը` դերասան-ռեժիսոր… Ծնողական թելադրա՞նք էր, թե՞…
-Նախ ասեմ, որ հայրիկս ոչ միայն դերասան-ռեժիսոր է, այլ նաև հաղորդավար, հրաշալի պարող… Այսպես կարող եմ երկար թվել: Ինչ վերաբերում է իմ ընտրությանը, ապա այն ոչ թե թելադրանք էր, այլ այն էր, ինչ տեսել, ինչի մեջ եղել եմ մանկուց: Ես մեծացել եմ արվեստի բնագավառի ամենատարբեր ճյուղերի մարդկանց շրջապատում, բնական էր, որ արդյունքն այս էր լիելու: Այդ ամենը նպաստեց իմ ձևավորմանը, արվեստն ինձ էլ կլանեց: Արվեստի, կինոյի միջոցով պետք է փորձել կրթել սերունդների, մարդկանց տանել քո հետևից: Սա դժվար առաքելություն է, ինչին հասնելու համար պետք է միայն ու միայն սովորել, նաև, ի վերուստ արվեստի կրողը լինել:
-Հաճա՞խ եք հետևում հայրիկի մասնագիտական խորհուրդներին:
-Միշտ եմ հետևել ու կհետևեմ հայրիկիս թե́ խորհուրդներին, թե́ քայլերին: Հայրս իմ թիկունքն է, իմ ուժը և ինձ ոգեշնչողը: Իհարկե, ես ունեմ իմ մտածելակերպը, իմ աշխարհն ու կյանքի նկատմամբ հայացքները, որը մեկ-մեկ, հիմա առավել հաճախ, չի համընկնում հայրիկիս հետ, բայց դա մեզ չի խանգարում, քանի որ լրացնում ենք միմյանց և́ աշխատանքում, և́ առօրյայում: Առաջի հերթին մենք ընկերներ և գործընկերներ ենք:
-Ասացիք, որ հետևում եք նրա խորհուրդներին: Ո՞ր խորհուրդն է առավել շատ հնչում իր կողմից:
-Միշտ ասում է` գլուխդ կախ մի քայլիր փողոցում, նայիր մարդկանց աչքերին ու սովորիր ինֆորմացիա ստանալ: Լսիր մարդկանց, դու ռեժիսոր ես, իսկ նրանք կամ քո ապագա սյուժեներն են, նրանց հերոսները, կամ էլ քո հանդիսատեսն են լիելու…
-Կայացրած որոշումների համար հաճա՞խ եք զղջում:
-Ոչ, երբեք իմ կատարած քայլերի համար չեմ փոշմանել: Կարծում եմ, չեմ էլ փոշմանի…
-Կարո, դերասանի աշխատնքն այսօր Հայաստանում ամենահասանելին է դարձել: Արդյոք դրանում վտանգ չեք տեսնում:
-Ես ինձ դերասան չեմ համարում: Փորձեցի ինձ այդ ոլորտում, կարծում եմ` ստացվեց, բայց ես չեմ կարող ասել, որ դերասան եմ, կամ ռեժիսոր: Ուղղակի դեռ այդ «ճանապարհներին» եմ: Բայց մի բան հաստատ կասեմ. մեր օրերում մարդիկ շատ չեն հասկանում` ինչ է նշանակում դերասան լինել, ու շատ հաճախ մտածում են. «Հա լավ դե ինչ են անում որ, կամերայի առաջ «զավզակում» են»… Սա սխալ մտածելակերպ, պատկերացում է:
-Միգուցե այսօր մարդիկ հենց այդ էլ տեսնո՞ւմ են էկրաններին:
-Իհարկե, ոչինչ անհիմն չի լինում: Իրականում, մեր էկրաններին հայտնվում են մարդիկ, ովքեր իսկապես «զավզակում» են, նրանց ուղղակի ամոթ է թողնել եթեր: Մենք ունենք այն, ինչ ունենք. բոլորը կամ դերասան են, կամ երգիչ: Պատճառն այն է, որ դաշտը չի վերահսկվում, ինչը շատ վտանգավոր է: Գնացեք Թատերական, մատների վրա կհաշվեք խելացի, բանիմաց ուսանողների, ովքեր կինոյից կամ թատրոնից բան են հասկանում: Պետք է անպայման հետևել, ուշադրություն դարձնել «պրոդուկտներին», որպեսզի մեզանում չնսեմանա, չնվազի ո́չ կինոյի, ո́չ թատրոնի, ո́չ էլ դերասանի արժեքը:
-«Դժվար ապրուստ» և «Վերադարձ» սերիալներում Ձեր մասնակցությունից հետո առավել ճանաչելի դարձաք: Որպես երիտասարդ դերասան` դա ի՞նչ տվեց Ձեզ:
-Ինչպես նշեցիք, ինձ տվեց ճանաչում, նաև նոր շրջապատ: Նոր մարդիկ ավելացան իմ և́ կյանքում, և́ կարիերայում: Նաև փորձ ձեռք բերեցի և հրաշալի ու անմոռանալի օրեր ապրեցի…Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցեցին այդ հարցում. Օգնեցին իմ առաջին քայլերում…
-Կարո, մի փոքր «շեղվենք» ստեղծագոծական զրույցից. մոտ երկու տարի առաջ շշուկներ տարածվեցին, որ պատրաստվում եք նշանադրվել: Այժմ ո՞ր փուլին եք հասել:
-Իմ անձնականի մասին առհասարակ չեմ ցանկանում բարձրաձայնել: Բայց միայն մեկ բան կասեմ. այդ շշուկները սխալ են, նման բան գոյություն չունի: Հարաբերությունները ոչ մի փուլում էլ չեն…
-Դերասան-ամուսնու համար կարևո՞ր է կնոջ մասնագիտությունը:
-Իհարկե, շատ կարևոր է, բայց այդ հարցին հիմա լիարժեք չեմ կարող պատասխանել, քանի որ այդ ուղղությամբ չեմ մտածել: Ամեն ինչ կհասկանանք իր ժամանակին (ժպտում է):
-Կպատմե՞ք ընտանիքի մյուս անդամների մասին:
-Ունեմ զույգ քույրեր` 19-ամյա Աստղիկն ու Լիլիան, ովքեր սովորում են Թատերական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում: Ինձանից հազար անգամ տաղանդավոր և խելացի են: Երգում են, նվագում կիթառ, դհոլ, շվի, քանոն… Ինչ ուզեք (ժպտում է): Նաև Երգի պետական թատրոնում են սովորել:
Մայրս նախկին պարուհի է, «Կռունկ» պարային համույթում է պարել և այնտեղ էլ ծանոթացել է հայրիկիս: Երկար տարիներ պարի դասեր էր տալիս, այժմ զբաղվում է իր հոբբիով` վարսահարդար է… Շատ ու շատ քույրեր ու եղբայրներ ունեմ, բայց բոլորի մասին պատմել չեմ կարող (ծիծաղում է)…