05/06/2015 13:31
Ա. Մանուկյանը՝ Վ. Այվազյանին. Դուք ո՞վ եք, որ ինձ թույլ տաք ելույթ ունենամ, թե՝ ոչ
ԱԺ մի խումբ պատգամավորներ առաջարկում են գազի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժոցղովի նիստում այսօր թեժ էր` քննարկվում էր հենց այս հարցը:
«Եզրակացությունը տեղադրված է կայքում, եթե դատախազությունը գտնի, որ այնտեղ կան թերություններ, ապա կարող է քննել, էլ ի՞նչ կարիք կա դիմելու: Ես, օրինակ, դեմ եմ, դա անիմաստ գործընթաց է»,- նախևառաջ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով` առավել ևս ՀԱԿ խմբակցության քարտուղար, նախագծի համահեղինակ Արամ Մանուկյանի հիմնավորումներն իր համար հիմք չի, որ «մի հատ էլ կողմ լինենք եզրակացությունը դատախազություն ուղարկելուն»:
Ա.Մանուկյանն էլ արձագանքեց.
«Որպես ՀԱԿ պատգամավոր կարող եմ ու ուղարկելու եմ եզրակացությունը դատախազություն: Հարցը նրանում է, որ երբ կա Ազգային ժողովի միասնական որոշում, ապա այդ ժամանակ հարցը մեծ հնչեղություն է ունենում ու տարբերությունը հենց դրանում է»,- բացատրեց նա:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` միասնական դիրքորոշման դեպքում պատկան մարմինները ավելի հստակ են ներկայացնում պահանջվող փաստաթղթերը: Ավելին` Ա.Մանուկյանը հայտարարեց, որ իր համար ներկայացված հիմնավորումները համոզիչ չեն, ինչին Վ.Այվազյանն արձագանքեց, թե ցավում է, որ ԱԺ-ում 25 տարի աշխատող աշխատակցի հիմնավորումը Մանուկյանի կողմից կասկածի տակ են առնվում.
«Ձեզ էլ 25 տարի գիտեմ, բայց ձեր ասածները բացարձակ չեմ ընդունում»,- եղավ Ա.Մանուկյանի պատասխանը Վ.Այվազյանի ռեպլիկին:
Վերջինս հորդորեց շոու սարքելու փոխարեն ծանոթանալ փաստաթղթին, որ դրված է կայքում. «Վերցրու»,- ասաց նա
Ա.Մանուկյանին դուր չեկավ դիմելաձևը.
«Ինձ հետ հոգնակիով խոսեք, ես ձեզ հետ նման տոնով չեմ խոսում: Ու ի՞նչ շոու: Ես նման բառեր կիրառո՞ւմ եմ, դուք ո՞վ եք, որ ինձ թույլ տաք ելույթ ունենամ, թե՝ ոչ, դեռ չի եղել մի մարդ, որը ինձ թույլ չտա խոսել»,- ավելի բորբոքվեց ՀԱԿ պատգամավորը:
Ի վերջո, նախագիծը չընդգրկվեց քառօրյա: