08/06/2015 20:00
ԱՄՆ դատարանը պատմական վճիռ է կայացրել. Կոնգրեսը պետությունների ճանաչման հարցում իրավունքներ չունի
ԱՄՆ Գերագույն դատարանը հունիսի 8-ին պատմական վճիռ է կայացրել առ այն, որ միայն երկրի նախագահը իրավունքներ ունի օտարերկրյա պետությունների ճանաչման հարցում, սահմանելով, որ Երուսաղեմում ծնված անձանց չի թույլատրվում անձնագրերում գրանցել Իսրայելը իբրև իրենց ծննդյան երկիր և այդ հարցում Կոնգրեսի ջանքերը հանդիսանում են երկրի Սահմանադրության խախտում:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, ԱՄՆ Գերագույն դատարանը այս վճիռը կայացրել է Զիվատովսկին ընդդեմ Քերրիի գործում (Zivotofsky v. Kerry):
Նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը և Բարաք Օբաման նախկինում հայտարարել են, որ անձնագրերի մասին 2002թ ընդունված օրենքի շրջանակներում Երուսաղեմը կարող է մեկնաբանվել, իբրև Իսրայելին պատկանող տարածք, մինչդեռ այս հարցը պետք է լուծում գտնի ոչ թե ամերիկյան օրենսդրությամբ, այլ հակամարտող կողմերի միջև համաձայնության արդյունքում: Երկու նախագահներն էլ արգելել են Պետքարտուղարությանը քաղաքացիների նման դիմումներին ընթացք տալ:
Վճռի կայացումից հետո ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Էնթոնի Քեննեդին ասել է, թե Կոնգրեսը դերակատարում ունի պետության արտաքին հարաբերությունները կարգավորելու, բայց ոչ այլ պետությունների և կառավարությունների ճանաչման հարցում:
«Ճանաչումը այն հարցն է, որի առնչությամբ պետությունը պետք է խոսի մեկ ձայնով: Եվ այդ ձայնը պետք է լինի Նախագահը», - իր կարծիքում գրել է դատավոր Քեննեդին:
Դատավորները իրենց վճիռը կայացրել են 6/3 հարաբերակցությամբ:
Այս գործը դատարանին ներկայացվել է 2002թ ծնված Մենախեմ Բինյամին Զիվատովսկիի անունից, իսկ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներում բնակվում են ևս 50.000 մարդ, ովքեր ունեն նույն խնդիրը: Նախագահ Բուշը ստորագրել էր օրենքը 2002-ին, բայց հայտարարել էր, որ կիրառության մեջ չի դնի այն, քանի որ դա կհակասի չեզոքության ամերիկյան քաղաքականությանը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում: Օբամայի վարչակազմը նույն դիրքորոշումն ունի:
Հիշեցնենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը նահանգային օրենսդրի տարբեր մակարդակներում ճանաչել են ԱՄՆ Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Ռոդ Այլընդ, Մեյն և Լուիզիանա նահանգները: