08/06/2015 11:42
Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը վաճառվել է 8 տարի առաջ. Պարզաբանում
Տեղեկատվությունն այն մասին, որ Իրան-Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար Aysor.am-ը դիմեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
Նախարարությունից պատասխանեցին, որ գազատարի Մեղրի- Քաջարան հատվածի վաճառքի գործարքը կայացել է 8 տարի առաջ, սակայն զարմանալիորեն դա բուռն քննարկումների առարկա է դարձել վերջին օրերին:
Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի գործարքը ՀՀ Կառավարության և Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ միջև տեղի է ունեցել դեռևս 2007 թվականին, որի շրջանակներում վճարվել է 30 մլն. ԱՄՆ դոլար կանխավճար:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկացանք նաև, որ անկախ նրանից, թե հանրապետության էներգետիկ որ կառույցի սեփականատերը ով է, որ երկիրն է ներկայացնում, նրա գործունեությունը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքով:
«Տարատեսակ մեկնաբանությունները, թե գազատարի Մեղրի - Քաջարան հատվածի վաճառքի պարագայում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունը կարող է կամայականությունները դրսևորել անհիմն է, քանի որ տվյալ դեպքում դաշտը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի 53-րդ հոդված 1,2 մասերով:
Գազատարն առայժմ գտնվում է «ԲԷՑ» ՓԲԸ-ի հաշվեկշռում և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այն շահագործում է վարձակալությամբ: Ներկայումս գազատարի Մեղրի - Քաջարան հատվածի վաճառքի գործարքը գտնվում է ավարտական փուլում:
Գազատարի վերջնական արժեքը կորոշվի անկախ աուդիտի եզրակացությունից հետո, ինչի արդյուքում կկատարվեն մնացած վճարումները և գազատարը կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որը մասնագիտացված կառույց է և կարող է իրականացնել այդ ծառայությունները»,- ասեցին նախարարությունից: