08/06/2015 20:39
Դեռ նշանդրեքից հետո միշտ ասել եմ՝ միմյանց պետք է հասկանանք ինչպես կինը կնոջը. Անի Զախարյան
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրադյանը երեկ ամուսնության, սիրո և հավատարմության երդում տվեցին: Aysor.am-ը զրուցել է նորահարսի հետ` հետաքրքրվելով, թե որտե՞ղ են ապրում նորապսակները, ինչպե՞ս են անցկացելու «ամենաքաղցր» ամիսը և ո՞րն է նորահարսի ամենամեծ երազանքը:
-Շնորհավորում եմ ամուսնության կապակցությամբ: Ինչպե՞ս անցավ հարսանեկան արարողությունը, որքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները:
-Շնորհակալ եմ: Շատ լավ անցավ: Ամենակարևորն այն էր, որ մթնոլորտը հրաշալի էր, տիրում էր բարձր տրամադրություն: Ներկա էին մեր հարազատները, գեղեցիկ ու բարի ընկերերը: Եկեղեցուց անմիջապես իջել ենք «Ուսանող» սրճարան, որտեղ ֆուրշեթ էինք կազմակերպել: Երեկոյան երիտասարդներով, ընկերներով հավաքվեցինք «Առագաստ» սրճարանում, ժամանակակից երաժշտության ներքո պարեցինք, ժամանակ անցկացրեցինք: Ճիշտն ասած` ինձ համար կարևորը մեր ներքին երջանկությունն է, քան այն մթնոլորտն ու իրադարձությունները, որոնք այդ միջոցառման հետ կապված են լինում: Բայց շատ գեղեցիկ ժամանակ ենք անցկացրել, մինչև գիշերվա ժամը 3-ը Օղակաձև այգում զբոսնել ենք, խենթություններ ենք արել: Մեր մեջ կուտակված լիցքերը, ուրախության զգացումը հնարավորինս դրսևորել ենք (ծիծաղում է): Երբ ներքուստ երջանիկ ես, մնացած ամեն բան ավելորդ է դառնում: Ամեն ինչ կարելի է ավելի թեթև, սիմվոլիկ կերպով անցկացնել: Ամուսնությամբ ամեն ինչ սկսվում է…
-Դուք Ձեզ երջանիկ կին համարո՞ւմ եք, թե՞ դեռ շուտ է այդ մասին խոսելը:
-Այն, որ ես երջանիկ եմ որպես կին, միանշանակ է:
-Դեռևս չե՞ք մտածում «մեղրամիսը» որևէ տեղ անկացնելու մասին:
-Իսկապես, շատ կցանկանայինք գոնե մեկ շաբաթով մեկնել որևէ երկիր` էկզոտիկ մթնոլորտում մեր մեղրամիսը վայելելու: Սակայն, ցավոք, աշխատանքը թույլ չի տալիս: Պատրաստվում ենք օգոստոսի վերջին գեղեցիկ մեկ շաբաթ նվիրել երկուսիս` մեկնելով Իտալիա: Այդ երկիրը ես շատ-շատ եմ սիրում, քանի որ այն արվեստի, մշակույթի, հին քաղաքակրթության օրրան է, շատ եմ ցանկանում այնտեղ լինել և հենց այնտեղ վայելել իմ երջանիկ պահերը:
-Անի, նշեցիք, որ հարսանիքի օրը այգում շատ խենթություններ եք արել: Կհիշե՞ք մեզ համար:
-Ես մանկուց սիրել եմ պարելով քայլել լճակների եզրագծերի վրայով: Ոչ մի եզրագիծ բաց չէի թողնում… Ճիշտն ասած` միշտ երազել եմ բալետի պարուհի դառնալու մասին, համապատասխան «տապչկաներ» ունեի և Գյումրիում նույնիսկ նման փորձեր էի անում. դպրոցի ճանապարհին մի շատ հետաքրքիր ու վտանգավոր տարածություն կար, բայց քանի որ ես և́ արվեստ էի սիրում, և́ ռիթմ,ամեն անգամ այդ ահավոր բարակ ձողի վրայով քայլում էի, պարային շարժումներ էի անում… Երեկ էլ մանկությունս էի հիշել: Կարծում եմ, ամեն մարդու մեջ պետք է միշտ մնա այդ երազկոտ աղջակը կամ պատանին: Եթե մարդու մեջ չկան երազանքներ, ապա կարող է խեղդվել: Հատկապես այսօրվա մեր կյանքում ամեն ինչ շատ գորշ ու միօրինակ է դարձել, նոր իրադարձությունների, տպավորությունների կարիք ունի յուրաքանչյուրս: Եթե քո ներսում կա այդ խենթ թրթիռը, պետք է դրսևորես` անկախ նրանից, թե որքան լուրջ գործունեությամբ ես զբաղվում: Փառք Աստծո, ես իմ ներսում երբեք չեմ կորցնում այդ էակին:
-Իսկ կարելի՞ է ասել` ավանդական հարսանիք էր. մեղր, լավաշ, ափսե կոտրել… ամեն ինչ առկա՞ էր:
-Բնականաբար, ունեինք հարսանքույր և «ազապ բաշի», նաև` խաչեղբայր, քանի որ մեր հայ առաքելական եկեղեցու օրենքով` խաչեղբայրը պետք է անպայման ներկա լինի և նրա ներկայությամբ էլ պետք է օրհնվի ամուսնությունը: Հայկական հարսանեկան մշակույթի մի մասն ինձ շատ հոգեհարազատ է, գեղեցիկ, սակայն դրան մեկտեղ` ես նաև շատ ժամանակակից մոտեցումներ ունեմ. պահպանելով ընտանիքի դերը, հայ ընտանիքի ավանդույթները` ցանկանում եմ մի քիչ ավելի ժամանակակից հարսանեկան մշակույթ ձևավորել: Ընկերներիցս մեկը կատակով ասաց. ««Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը Հայաստանում ձևավորեց «Նոր հարսանեկան մշակույթ»». Մեր այսօրվա անբարենպաստ սոցիալական պայմաներում շատերը վարկ են վերցնում, պարտքերի տակ ընկնում, որպեսզի ավանդական բոլոր «ճոխ» ձևաչափերով անցկացնեն հարսանիքը: Բայց մի՞թե դա է կարևորը, թե՞ այն երջանիկ պահերը, որ դու կարող ես այդ օրն ունենալ և հիշարժան դարձնել: Այսօր կյանքը փոխվել է, այն լիառատ ժամանակաշրջանում չենք ապրում… Ինչ վերաբերում է Ձեր նշած ավանդույթներին, պետք է ասեմ, որ որքան էլ ցավալի է, բայց մեղր չեմ սիրում: Իսկ փոքր ժամանակ այնքա~ն ճենապակի եմ կոտրել, որ կարելի է ասել` այդ փորձությունները հաղթահարել եմ, ու, կարելի էր և ձերծ մնալ դրանից (ծիծաղում է):
-Ի դեպ, այսօր Ձեզ համար աշխատանքայի՞ն օր է:
-Ճիշտն ասած` ես այսօր ժամը 11-ին հանդիպում էի պլանավորել, բայց, անկեղծ ասած, քնած մնացի (ծիծաղում է): Զանգահարեցի և մեր հանդիպման օրը տեղափոխեցի: Այսօր նաև զագս ենք գնալու` ամրագրելու մեր ամուսությունը: Երեկոյան հարազատներով նորից պետք է հավաքվենք գեղեցիկ սեղանի շուրջ, նշենք, ուրախանանք: Նաև, ներկայացման ենք հրավիրված… Մի խոսքով, դեռ շարունակվում է խրախճանքը:
-Անի, Ձեր միասնական կյանքը որտե՞ղ եք սկսել. ապրում եք առանձի՞ն, թե՞ Արսենի ծնողների հետ:
-Միանշանակ, ես հարգում եմ իրենց ընտանիքին և սկզբնական շրջանում, հավանաբար, միասին կապրենք, այնուհետև` կառանձնանանք: Կարծում եմ, այդպես ավելի ճիշտ կլինի, որպեսզի նաև իմ քաղաքական գործունեությունը առավել լիարժեք կարողանամ իրականացնել: Ի վերջո, ծնողները երեխաների հետ կապված անընդհատ մտավախություններ են ունեում, անհանգստանում են: Որպեսզի այդ ամենից զերծ մնանք և իմ ինքնուրույն քաղաքական գործունեությունը կարողանամ ավելի լիարժեք իրականացնել, անընդհատ ստիպված չլինեմ հարազատներին հանգստացնել, ինչի ժամանակը, ցավոք, չի մնում, ապա առանձանալն ամենաճիշտ տարբերակն է: Նաև, այդ տարիքից արդեն դուրս ենք եկել: Այնպես որ նախընտրելի է ինքնուրույն ապրելը:
-Նորահարսի կարգավիճակում առաջին օրը ինչպե՞ս եք Ձեզ զգում, սկսեսուր-մայրիկի հետ լա՞վ են հարաբերությունները:
-(Ծիծաղում է) ճիշտն ասած` ի սկզբանե, երբ մենք դեռ նշանված էինք, զրույցների ընթացքում միշտ նշել եմ, որ լավ կլինի, եթե մեկս մյուսին ընկալենք որպես անհատականություններ, միմյանց հասկանանք, ինչպես կինը կնոջը կհասկանա: Մեր մեջ առայժմ հարաբերություններն այդ ձևաչափով են… Եվ հետո, ես 17 տարեկան չեմ, որ «հարսի» կարգավիճակի մեջ մտնեմ: Հարգում եմ դիմացինին և նույնը պահանջում եմ իրենցից:
-Անի, արդեն իսկ մտածո՞ւմ եք մայրանալու մասին:
-Ճիշտն ասած` շատ, ամենայն պատասխանատվությամբ պատրաստ եմ մայրանալուն: Նույնիսկ բոլոր ներքին հույզերը, զգացողությունները, ապրումները ուղղված են դեպի այդ առաքելությունը, մայրության բերկրանքն ապրելու նշանակետը: Ուզում եմ գեղեցիկ, գանգրահեր արու զավակ ունենալ:
-Հուսանք, Ձեր երազանքը շուտ կկատարվի:
-Շնորհակալ եմ, հավատում եմ…