08/06/2015 19:20
Լևոն Հովսեփյան. Ընտրություններից հետո Թուրքիայում բուռն զարգացումներ են սպասվում
Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման 13 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ այս ուժը պարտություն կրեց: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանն՝ ընդգծելով՝ այս ընտրությունների արդյունքներն իսկապես պարտություն էին ԱԶԿ-ի համար:
«Այս ուժը չկարողացավ ապահովել բացարձակ մեծամասնություն ու կազմել միակուսակցական կառավարություն»,- ասաց Լևոն Հովսեփյանը:
Միևնույն ժամանակ, ըստ թուրքագետի, Էրդողանի ուժի պարտության ֆոնին հաղթանակ ու ձեռքբերում գրանցեց քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը:
«Փաստորեն այս ուժը խորհրդարանում ապահովեց 80 մանդատ: Սա աննախադեպ է ու այսպիսով Թուրքիայում իրավիճակը, քաղաքական միջավայրը փոխվեց: Առաջիկայում հարևան երկրում բուռն զարգացումներ են սպասվում, քանի որ կոալիցիայի կազմման մեխանիզմները դեռևս անորոշ են: Նաև չի բացառվում, որ կրկին արտահերթ ընտրություններ կլինեն: Իրավիճակը, կարելի է ասել, ինչ-որ տեղ փակուղային է»,- ասաց Լևոն Հովսեփյանը:
Անդրադառնալով հնարավոր հրաժարականներին՝ Լևոն Հովսեփյանն ասաց.
«Մասնավորապես Ահմեդ Դավութօղլուն ընտրություններից առաջ հայտարարել էր՝ եթե միակուսակցական կառավարություն չկազմվի՝ ինքը հրաժարական կտա: Սակայն անմիջապես ընտրություններից հետո իր ունեցած ելույթում Դավութօղլուն, կարծես թե, ընդհանրապես չանդրադարձավ այդ հայտարարությանը»: