09/06/2015 10:03
ՀԾԿՀ վաղը նիստ է հրավիրել, սակայն էլեկտրաէներգիայի հարցը չի քննարկվելու
«Հայկական Ժամանակը» գրում է. «Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե չնայած հայտի քննարկման համար ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր, սակայն «կարծում եմ մենք մեկ շաբաթ հետո, ամսի 9-ին կամ 10-ին (հունիսի-խմբ.) արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք»: Բայց հունիսի 10-ին նշանակված հանձնաժողովի նիստի՝ հրապարակված օրակարգում էներգիայի սակագնի հետ կապված որևէ հարց ներառված չէ: Թե ինչպե՞ս է հանձնաժողովը այդ օրը «դիրքորոշում հայտնելու» ներկայացված հայտի վերաբերյալ առայժմ անհայտ է:
Չի կարելի բացառել, որ հանձնաժողովը, իրոք, նախատեսած է եղել ՀԷՑ-ի հայտը քննարկել հենց այս շաբաթ, սակայն ինչ-ինչ պատճառներով հարցը հետաձգվել է:
Մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀԾԿՀ-ն սակագնի վերանայման հարցը օբյեկտիվորեն պատրաստ կլինի քննարկել միայն հունիսի երրորդ տասնօրյակում, բայց քանի որ հունիսի 19-ին նախատեսված է բողոքի ցույց՝ ընդդեմ սակագնի բարձրացման, հանձնաժողովը կփորձի որոշումը կայացնել մինչ այդ»: