09/06/2015 15:52
Վարչապետ. Էլեկտրաէներգիան կթանկանա 6, 93 դրամով
Կառավարությունը հաշվարկում է տնտեսության վրա էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման ազդեցությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական եզրակացության է եկել, որ էլեկտրաէներգիան կթանկանա, բայց ոչ թե 17 դրամով, այլ 7: Ավելին՝ ոչ թե 7 դրամով կթանկանա, այլ՝ 6, 93»,- ասաց երկրի վարչապետը:
Շարունակելով խոսքը՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ փորձելու են նաև մեր նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի նրանք այդ բեռը չզգան: «Ամեն դեպքում, հիմա հաշվարկներ ենք անում համապատասխան նախարարությունների կողմից: Սպասում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը հաստատի թանկացումը, որից հետո մենք այդ մասին բարձրաձայն խոսելու ենք»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Նա հավելեց, որ հունիսի 12-ին Խորհրդարանում նախատեսված են լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ և ընդգծեց, որ լսումներին կներկայանան նաև նախարարությունները, որոնք բացատրություն կտան հանրությանը:
«Մենք էլ ենք մասնակցելու այդ լսումներին, և բաց ու թափանցիկ ներկայացնեու ենք ողջ ճշմարտությունը, որպեսզի հասարակության համար հարցեր չմնան, թե ինչ է տեղի ունենալու: Մեր պատկան մարմինները օրենքի բոլոր կետերը պաշտպանում են, և ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կլինի»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ՀԷՑ-ի թույլ տված շքեղություններն ու չարաշահումները, որոնց մասին այդքան խոսվում է մամուլում, չեն արդարացվելու:
«Այդ մասին հայտարարել է նաև հանձնաժողովը, և կարծում եմ՝ կառավարությունը հետամուտ կլինի այդ գործընթացին»,- ասաց վարչապետը:
Դիտարկմանը, թե Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ում գողության դեպքեր են արձանագրվել, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Ես չեմ լսել, որ նա ասել է գողություն: Նա հայտարարեցլ է, որ որ բացթողումներ են եղել, բայց, ամեն դեպքում, ես հետամուտ կլինեմ, կհասկանամ, ինչի մասին է խոսքը: Եթե կա նման բան, հարկավոր է դիմել պատկան մարմիններին»,- հավելեց Հ. Աբրահամյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հենց ինքը դիմի դատարան, վարչապետը հավաստիացրեց, որ ինքը որևէ փաստ չունի, իսկ ունենալու դեպքում կդիմի: