10/06/2015 14:19
Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հունիսի 4-13-ը ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացված է երեք ծանրորդներով Անդրանիկ Կարապետյան(77 կգ քաշային կարգ), Նորայր Ավետիսյան (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյան (գերծանր):
Հունիսի 9-ին, պայքարի էին դուրս եկել Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը: Հայ ծանրորդը հրաշալի ելույթ է ունեցել եւ երկամարտի 355կգ(155+180) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել:
Կարապետյանը պոկում վարժությունում 155 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալը նվաճեց: Սակայն 155 կիլոգրամը նա կարողացել է բարձրացնել միայն երրորդ մոտեցմամբ, հրում վարժությունում Կարապետյանը 180 կգ է բարձրացրել եւ փոքր արծաթ նվաճել: Այդ վարժությունում լավագույնը եղել է 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին, ով 332 կգ (150+182) արդյունքով դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Բրոնզե պարգևը նվաճել է ռումինացի 18-ամյա ծանրորդ Իլիե Ստոյանն, ով երկամարտում արձանագրել է 326 կգ (148+178) արդյունք:
Ավելացնենք, որ Նորայր Ավետիսյանը պայքարի է դուրս գալու այսօր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ հունիսի 13-ին: