11/06/2015 20:24
Հարություն Մովսիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը՝ «Որոգայթում». Մանրամասներ նկարահանման հրապարակից
Տարիներ առաջ «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացրեց առաջին, ժողովրդի խոսքով, «կրիմինալ» հեռուստասերիալը: Թեև տևական ժամանակ է անցել, սակայն հեռուստադիտողը դեռևս հիշում է «Որոգայթը»:
Հավանաբար, այդ հանգամանքը չվրիպեց սերիալի ստեղծագործական խմբի աչքից. «Որոգայթ». այսպես է կոչվում սերիալի մոտիվներով նկարահանված նոր գեղարվեստական ֆիլմը: Դերասանական և սյուժետային փոփոխության, սցենարական վերափոխման մասին Aysor.am-ը զրուցեց ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ:
-Ինչպե՞ս ծնվեց միտքը՝ «Որոգայթ» սերիալը վերածել գեղարվեստական ֆիլմի:
-Նախ նշեմ, որ այն լինելու է ոչ թե սերիալի խտացրած տարբերակը, այլ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված «Որոգայթ» սերիալի հիման վրա: Մենք փորձել ենք այնպես անել, որ սերիալը չդիտած մարդն անգամ տեսնի աավարտուն գեղարվեստական ֆիլմ: Ֆիլմն ու սերիալը բոլորովին այլ պատմություն ունեն, պետք չէ զուգահեռներ անցկացնել:
-Փաստորեն, սյուժետային փոփոխություննե՞ր կան ֆիլմի մեջ:
-Այո, գեղարվեստական ժանրի առանձնահատկություններին համապատասխան է ստեղծված այս ֆիլմը: Եթե սերիալում գործողությունները բավական երկար էին տևում, տարբեր հերոսների առանձին գծեր էին, ապա այստեղ պատմությունն ավելի շատ կենտրոնացած է գլխավոր հերոսի՝ Հովիկի շուրջ:
-Ճի՞շտ է, որ ֆիլմը պատրաստվում եք վաճառքի հանել: Այսինքն, այն հայ հանդիսատեսի համար չէ՞:
-Չէ, ինչո՞ւ ոչ, նաև հայ հանդիսատեսի համար է: Բայց իսկապես, կլինի վաճառք նաև դրսի շուկայի համար:
-Ռոման, «Որոգայթ» սերիալում կան դերասաններ, ովքեր որոշ պատճառներով մեր կողքին չեն. ցավոք, սերիալի նկարահանման շրջանում ավտովթարի զոհ դարձան երկու առանցքային կերպարներ ներկայացնող դերասանները՝ Գոքորին մարմնավորող Գեղամ Խանդիլյանը և Գարիկի դերակատար Արամ Միսկարյանը: Ովքե՞ր են լրացնելու տղաների բացակայությունը:
-Գոքորի կերպարը մարմնավորել է դերասան Սոս Ջանիբեկյանը, Գարիկինը՝ Գրիշա Աղախանյանը: Այս կերպարները, դժբախտաբար, սերիալում իրենց դերը կիսատ թողեցին: Սակայն, ֆիլմում կլինեն մինչև վերջ: Ստեփան Ղամբարյանը նկարահանվել է Տիկոյի կերպարում… Ֆիլմում կընդգրկվեն կերպարներ, որոնք սերիալում ընդհանրապես չեն եղել, կան կերպարներ, որոնց մարմնավորող դերասաններն են փոխվել…Օրինակ Զավենի կերպարում Արամ Հովհաննիսյանի փոխարեն նկարահանվել է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, Բորիս Պեպանյանը մարմնավորում է Վիգեն անունով հերոսի, որը սերիալում չի եղել: Հովիկի գլխավոր հակառակորդի՝ Միրոյի կերպարում նկարահանվել է Արթուր Դարբինյանը, ով ԱՄՆ-ից եկել է հատուկ նկարահանման համար. Փայլուն դերասան, ով հրաշալի կերտեց այդ դերը: Ֆիլմում ընդգրկված են նաև Մարջան Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը… Էպիզոդիկ դերերում նույնպես նկարահանվել են հայտնի դերասաններ…Մի խոսքով, դերասանական հսկա աստղաբույլ է նկարահանվել այս ֆիլմում:
-Իսկ կրկնվող կերպարներին մարմնավորող դերասանների փոփոխությունը ինչո՞վ է պայմանավորված:
-Տարբեր հանգամանքներով. նկարահանման ընթացքում դերասաններից ոմանք հանրապետությունում չէին, ոմանք էլ նկարահանման հետ կապված չեն կարողացել պլանավոել իրենց ժամանակը:
-Գլխավոր դերակատարի՝ Հովիկի կերպարում նորի՞ց Հարություն Մովսիսյանին կտեսնենք:
-Այո, գլխավոր հերոսը նա է: Իր կերպարով հանդես կգա նաև դերասան Գարիկ Չեփչյանը: Ի դեպ, ֆիլմը բաղկացած է երկու պատմությունից. Ընդգրկել ենք Հովիկի երիտասարդությունը, որը սերիալում չի եղել, և հասուն տարիքը: Երիտասարդ Հովիկին մարմնավորում է դերասան Սարգիս Գրիգորյանը: Բավականին հետաքրքիր կերպարով և նոր ոճով հանդես է եկել Ռուդոլֆ Ղևոնդյանը, նաև Սուրեն Թումասյանը, Սաթենիկ Հախնազարյանը…
-Բայց Սարգիսը սերիալում մարմնավորում էր Հովիկի եղբոր որդուն՝ Գոռին: Գոռը դո՞ւրս է մնում սցենարից:
-Ֆիլմի ֆորմատը բոլորովին այլ է: Քանի որ մեզ համար ավելի ֆունկցիոնալ էր ներկայացնել, թե ինչպե՞ս է ճակատագրի բերումով երիտասարդ խոստումնալից սպորտսմենն ու նկարիչը, այլ ելք չունենալով, հայտնվում քրեական աշխարհում, որոշեցինք, որ հերոսի կյանքի այդ դրվագը կարևոր է ներկայացնել: Ճիշտն ասած՝ և ես, և՛ սցենարիստ Հարություն Ղուկասյանը, և՛ պրոդյուսեր Հունան Սողոյանը ի սկզբանե միտված էինք, որ այդ կերպարում Սարգիսը խաղա, բայց մտածում էինք, որ անհամատեղություն կառաջանա, քանի որ Սարգիսին մարդիկ սերիալում այլ կերպարով էին տեսել: Ի վերջո կանգ առանք այն մտքի վրա, որ իրենից լավ ոչ-ոք չի կարող խաղալ այդ դերը: Այնպես որ Գոռի կերպարը դուրս է գալիս ֆիլմից:
-Նշեցիք Մարջան Ավետիսյանի մասին: Արդյոք նա փոխարինում է Անժելա Սարգսյանին, ով Հովիկի կնոջ դերում էր:
-Ոչ, թեև Անժելան ևս չի նկարահանվել ֆիլմում, քանի որ նկարահանումների հետ կապված՝ չկարողացանք հարմարեցնել: Կերպարային այդ գիծը դուրս է մնացել ֆիլմից, բայց նրան փոխարինելու է եկել մի նոր կերպար, որում հանդես կգա Ելենա Բորիսենկոն. իհարկե, նա ընդգրկված է Հովիկի սիրային պատմությունների էջերում՝ ապագա կնոջ դերում է:
-Ռոման, ֆիլմը էկրաններ ե՞րբ կբարձրանա և քանի՞ ժամ տևողություն ունի:
-Պրեմիերան կլինի աշնանը: Քանի որ այն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է, կլինի մոտավորապես երկու ժամ տևողությամբ: Այժմ արդեն մոնտաժային աշխատանքների փուլում ենք, որը տեղի է ունենում Ուկրաինայում: Շուտով ես էլ նրանց կմիանամ:
-Սերիալի ընթացքում երբեմն խոսում էին, որ այն «ռոմանտիզացնում» է քրեական աշխարհը: Այժմ նման մտավախություն չկա՞:
-Այս ժանրի մեջ առաջին անգամ շատ լուրջ քայլ է արվում հայկական կինոարտադրությունում: Նման բան չկա, այստեղ բացարձակ ռեալիստական, իրատեսական պատմություն է՝ հենված անձնական դրամայի վրա: Մարդու ուղղի է, ով ճակատագրի բերումով անընդհատ հայտնվում է որոգայթների մեջ ու չի կարողանում դուրս գալ: Հետաքրքիր է իր ժանրի, տեսակի մեջ, և ինձ թվում է, հանդիսատեսին այն շատ դուր կգա:
-Արդյոք ֆիլմը նույնպես սերիալին համանուն «Որոգայթ» վերնագրով էկրան կբարձրանա:
-Դեռևս նման խոսակցություն չի եղել, սակայն, կարծում եմ, վերնագիրը կպահպանվի: