11/06/2015 14:52
«Քեզ հետ, Հայաստան». Աշխարհի ամենահայտնի բեմերից երաժիշտները խոսում են Հայոց ցեղասպանության մասին
«Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակներում արդեն կայացել է 4 համերգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Ծրագրր շրջանակներում աշխարհի ամենահայտնի բեմերում հայտնի կատարողներ ելույթներ են ունենում՝ դրանք նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Այս ծրագրով աշխարհի տարբեր բեմերից առանց վախենալու ներկայացվում է հայկական ուժը, գենետիկ հզորությունը: «Քեզ հետ, Հայաստան» ծրագիրն արդեն իրականացվել է Երուսաղեմում, Տալինում, Բրյուսելում, Նյու Յորքում: Առաջիկա ամիսներին համերգներ են կայանալու Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Վիենայում»,- ասաց կոմպոզիտորը:
Նրա խոսքով՝ կայացած 4 համերգներին ներկայացվել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալեքսանդր Իրադյանի, Ստեփան Ռոստոմյանի, Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի ստեղծագործությունները:
«Ամեն համերգից հետո ստացված արձագանքներն ուղղակի փառահեղ էին»,- ասաց Ստեփան Ռոստոմյաննը՝ նշելով.
«Նախագծին արդեն մասնակցել են Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Կամերատաս Զալցբուրգ» նվագախումբը, Զալցբուրգի երգչախումբը, Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբը, «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դիրիժորներ և մենակատարներ՝ դիրիժոր և ջութակահար Պինկաս Ցուկերմանը, Անդրես Մուստոնենը, դիրիժորներ Դանիել Հարգինգը, Վալերի Գերգիևը, Ջոն Աքսելորդը, դաշնակահար Եվգենի Կիսինը և այլոք: Ապրիլի 26-ին Բրյուսելում տեղի ունեցած համերգին մասնակցել են Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովր, իսկ Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարեց հայազգի մեծանուն դիրիժոր՝ Ջորջ Փեհլիվանյանը»:
Նշենք, որ «Քեզ հետ, Հայաստան» նախագիծն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: