12/06/2015 18:12
Ես որևէ կռվի մասնակից չեմ եղել. Արման Նշանյանը մեկնաբանում է իր անվան շուրջ տարածված լուրերը
Համացանցում այսօր տեղեկություն է տարածվել, որ երգիչ-դերասան Արման Նշանյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, երեկ կեսգիշերն անց իր գինովցած ընկերների հետ Սարյան փողոցի գինետներից մեկի հարևանությամբ ծեծկռտուքի մասնակից է դարձել` խանգարելով բնակիչների անդորրը և հայտնվելով ոստիկանության բաժանմունքում:
Aysor.am-ը կապ հաստատեց դերասանի հետ` ճշտելու տեղեկատվության հավաստիությունը: «Չեմ հասկանում ինչու, բայց վերջին շրջանում նման անհեթեթ լուրեր են փորձում տարածել` սևացնելու, վարկաբեկելու միտումով: Բայց, կարծում եմ, սխալ մարդու են ընտրել… Պատմությունը բոլորովին այլ կերպ է եղել. ես և 7 մտերիմ աղջիկներ սրճարանում նստած էինք, ունկնդրում էինք Տիգրան Համասյանի համերգը: Հեռվից միմյանց հայհոյելով, կռվելով` երիտասարդներ էին մոտենում: Ես, բնականաբար, պետք է փորձեի տղաներին հանդարտեցնել. նախ, չէ՞ որ ես աղջիկների շրջապատում եմ, և հետո, չեմ սիրում, երբ մարդիկ կռիվ են անում, վիճում, միմյանց ծեծում: Ինքս հաճախ եմ հաշտեցնողի դերում հայտնվել, քանի որ մարդիկ ինձ ճանաչում են, հարգում, գուցե դրանից ելնելով` զսպվածություն դրսևորում և դադարեցնում կռիվը: Երեկ էլ նմանատիպ դեպք էր. «խառնվեցի», երիտասարդներին հանդարտեցրեցի, ճանապարհեցի և վերադարձա աղջիկների մոտ: Այդպես կվարվեր յուրաքաչյուր նորմալ տղամարդ… Կարծում եմ…»,- վրդովված` մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Իհարկե, Արմանը չհերքեց, որ րոպեներ անց ժամանել է ոստիկանությունը, սակայն նա փոխանցել է, որ չի ճանաչում և չի հիշում տղաներից ոչ մեկին: Նրանց մասին որևէ տեղեկություն տալ չի կարող: Ի դեպ, դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք ճիշտ է այս թեմայի շուրջ նաև այն գրառումը, որ նա պարբերաբար բղավել է, թե ինքը վաստակավոր արտիստ է. «Նախ, ես վաստակավոր արտիստ չեմ, և հետո`խելագար չեմ, որ փողոցում ման գալով` գոռգոռամ, թե ես վաստակավոր արտիստ եմ: Այստեղ նույնպես ամեն ինչ խեղաթյուրված է ներկայացվել. երբ ոստիկանները եկան, նրանց ասացի, որ վիճաբանող տղաներին չեմ ճանաչում: Որպեսզի ոստիկանների մոտ տարակուսանք չառաջանա, ասացի, որ ծնողներս վաստակավոր արտիստներ են, ինքս քիչ թե շատ ճանաչված մարդ եմ, չեմ կարող սուտ խոսել և չեմ էլ սիրում ստել: Եվ իսկապես, տղաներին չեմ ճանաչում:Պարզապես, հերթական անգամ պատահականորեն ականատես եղա վիճաբանության և փորձեցի հաշտեցնել: Այնպես որ, տարածված տեղեկությունը սուտ է. ես որևէ կռվի մասնակից չեմ եղել, ես անծանոթներին հաշտեցնողի դերում եմ եղել»:
«Լրագրության արվեստը միայն գրելու մեջ չէ: Թող զանգահարեն, ճշտեն, ինֆորմացիային լիովին տիրապետեն նոր գրեն: Չէ՞ որ ամեն մի բառը կարող է վնասել մարդուն: Եթե ինձ ոստիկանություն տարած լինեին, ես պետք է ցուցմունք գրած լինեի, նույնիսկ` որպես ականատես… Բայց ես չեմ եղել ոստիկանությունում, չեմ առընչվել ցուցմունք տալ-չտալու խնդրին»,-նշեց նա:
Արման Նշանյանը փոքր-ինչ հիասթափված ավելացրեց, որ արդեն սկսել է մտածել, որ այս առումով Հայաստանում ամեն ինչ շատ ավելի վատ է, անվերահսկելի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամեն դեպքում, փորձում է ուշադրություն չդարձնել, հնարավորության դեպքում` նույնիսկ չբարկանալ: