12/06/2015 19:16
Հայաստանը ՄԻԴԵՄ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնի պատվավոր երկիր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով, «Երաժշտության հայկական տարրերը» խորագիրը կրող հայեցակարգով մասնակցել է ՄԻԴԵՄ միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացրել է «ՊրոԱրտ» ընկերությունը:
ՄԻԴԵՄ-2015 փառատոնին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ֆրնասահայ երգչուհի Ռոզի Արմենը, ֆրանսահայ անվանի ռեժիսորներ Ալեն Թերզյանն ու Ռոբեր Գեդիկյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երաժշտագետ Աննա Արևշատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
ՄԻԴԵՄ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը հիմնադրվել է 1966 թ. Կաննում և համարվում է ոլորտում առաջատար փառատոներից մեկը: Փառատոնին մասնակցում են աշխարհի ձայնագրման հեղինակավոր ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ, երաժշտական հրատարակչություններ, հայտնի մենակատարներ և երաժշտական խմբեր:
Որպես ՄԻԴԵՄ-2015 փառատոնի Հայաստանի խորհրդանիշ ընտրվել էր ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս գույնով` խորհրդանշող չորս տարերքները` հողը, օդը, ջուրը և կրակը:
Հատուկ ՄԻԴԵՄ-2015 փառատոնի համար պատրաստվել էր «Մենք հայ ենք» խորագրով տեսահոլովակը, որը մշտապես ցուցադրվում էր տաղավարում և բացօթյա տարածքներում: Չորս օրերի ընթացքում Կաննում թևածում էր հայկական շունչը. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում հնչում էր հայ դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ երաժշտությունը:
Հունիսի 5-ին, «Պալե դե ֆեստիվալի» «Ռիվերա» սրահում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը նախորդող մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանը, «Հայհեղինակ» կազմակերպության ղեկավար Ս. Ներսիսյանը, «Կատուներ» ջազ համույթի ղեկավար Վ. Հայրապետյանը, «ՊրոԱրտ» ընկերության տնօրեն Ռ. Տոնիկյանը, «Տաշիր գրուպ» ընկերության ներկայացուցիչը: Մասնակիցները ներկայացրեցին հայաստանյան տաղավարի հայեցակարգն ու բաղադրիչները: Նախարարի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում Հայաստանը ՄԻԴԵՄ երաժշտական փառա-տոնին ներկայանում է հզոր երաժշտական ներուժով: «Հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում, վերածնունդ» կարգախոսի համապատկերում ՄԻԴԵՄ-ը հրաշալի հարթակ է ոչ միայն ներկայանալու վերածնված Հայաստանի ողջ ստեղծագործական ներուժով, այլև իր արժանի տեղը զբաղացնելու միջազգային երաժշտական տարածքում:
Հունիսի 6-ին, «Պալե դե ֆեստիվալի» հիմնական ցուցադրության հատվածում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը: Հայաստանյան տաղավարը բաղկացած էր երաժշտարվեստի ոլորտում ստեղծված տեսա, ձայնա և մուլտւմեդիա սկավառակների, երաժշտական գրականության, Հայաստանը ներկայացնող ալբոմային գրականության, հայկական երաժշտական դաշտում գործող բոլոր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների, երաժշտագիտական գրականության և այլ բաժիններից: Տաղավարում ներկայացված էր նաև Ռ. Անգալադյանի «Երևան-Փարիզ 1915-1940 թթ.» գիրք-ալբոմը, Ա. Սիրանոսյանի «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» գիրքը:
Բացմանը Հայաստանի տաղավար է այցելել Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար Ֆլյոր Պելլերենը: Երեկոյան Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարը Ֆրանսիայի արվեստի ու գրականության շքանշանով պարգևատրել է Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Ապա, Ֆրանսիայի մշակույթի նախարարին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Փառատոնային օրերի ընթացքում ելույթ են ունեցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ ու «Կատուներ» համույթները, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Ամբասադոր», «Դորիանս» և «Ակուստիկ հոլլ» խմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Վերջինիս համերգին ներկա էր լեհ անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց երգչախմբի կողմից: «Դեբյուսի» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Համերգը հեռարձակվել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով, զուգահեռաբար, ցուցադրվել Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրաններին:
Այս օրերին «Պալե դե ֆեստիվալի» սրահներից մեկում անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայկական երաժշտարվեստին: Դասախոսություններով հանդես են եկել Ծովինար Չալոյանը «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը», Ա. Սիրանոսյանը «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում», Մ. Նավոյանը «Հայ մոնոդիկ երաժշտությունը», Ն. Կոստանդյանը «Կոմիտասի ժառանգությունը և Կոմիտասի թանգարանը», Կ. Բրուտյանը «Հայ ժողովրդական նվագարանները», Գ. Դաբաղյանը «Դուդուկը և նրա երաժշտությունը» թեմաներով:
Հունիսի 5-7-ը յուրօրինակ ցուցադրությամբ ներկայացվել են նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու նոր մեծամասշտաբ գեղանկարները և կատալոգը, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները:
ՄԻԴԵՄ-2015 փառատոնի շրջանակում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման և հայապահպանության համար Ռոզի Արմենը և Ռոբեր Գեդիկյանը՝ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են «Պատվո շքանշանով»:
Կաննում Հայաստանը լիարժեք ներկայացված էր նաև վիզուալ առումով. այդ օրերին քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված էր Հայաստանին: