13/06/2015 19:25
Հաս, քեզ շատ եմ կարոտել... Կարգին Հասոն 35 տարեկան է
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը` Կարգին Հասոն, այսօր կդառնար 35 տարեկան: Հեշտ չէ խոսել լավ մարդու և ընկերոջ մասին այն ժամանակ, երբ նա ֆիզիկապես կողքիդ չէ, հեռացել է` անվերադարձ:
Aysor.am-ը Հասմիկի գործընկերների հետ փորձեց վերհիշել անցած-գնացած ուրախ օրերը:
Անդրանիկ Հարությունյան
Մինչ Հասմիկի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելը, նրա հայաստանյան վերջին ծննդյան տարեդարձը միասին ենք անցկացրել: Շատ գեղեցիկ ընկերական հավաքույթ էր: Հասմիկն այդ օրը շատ ուրախ էր, լիաթոք ուրախանում ու տոնում էր իր ծնունդը: Ընդհանրապես, նա սիրում էր իր ծննդյան օրը:
Հայաստանում մի քանի հոգի են, որ Մայքլ Ջեքսոն շատ են սիրում, տպավորված են նրա արվեստով: Հասմիկը նրանցից մեկ էր: Այդ օրը Ռաֆոն (Ռաֆայել Երանոսյան) Հասմիկին Ջեքսոնի նկարով շապիկ նվիրեց, վրան գրված` «Հատուկ Հասմիկի համար»: Շա~տ ուրախացավ Հասոն, իր համար այդ նվերն ամենակարևորն էր:
Իր ամուսնու` Նիկ Աբրահամյանի հետ բավական մտերիմ ենք: Ճիշտ է, նա Հայաստանում չի, բայց միշտ խոսում ենք, գրվում: Կինս` Մերին, այսօր նրան արդն շնորհավորել է Հասմիկի ծննդյան կապակցությամբ, ես էլ շուտով կգրեմ: Շատ կցանկանայի այսօր Հասմիկը մեր կողքին լիներ, ուրախանայինք` իր ձևով: Կապ չունի` կնշեինք ծնունդը, թե ոչ, կարևորը միասին կլինեինք:
Ռաֆայել Երանոսյան
Այնպես է ստացվել, որ Հասմիկի հետ կապված շատ հիշողություններ ունեմ, բոլորն էլ դրական… Իր հայաստանյան վեջին ծննդյան միջոցառմանը պետք է ներկա լինեի, սակայն այդ օրը և́ ներկայացում, և́ նկարահանում ունեի` չկարողացա: Բայց հետո նրան անակնկալ արեցի և իր սիրելի Ջեքսոնի «մայկան» նվիրեցի…Դրանից հետո նա մեկնեց ԱՄՆ` մշտական բնակության…Եվ ես եմ միշտ իրենց տանը եղել, և նա` մեր, շատ խնջույքների ենք միասին մասնակցել: Կենսախինդ աղջիկ էր Հասմիկը շատ, և կյանքն էլ շատ էր սիրում, ապրում էր ամեն օրով:
Այսօր նրան բոլորն են շատ կարոտում` թե́ ընկերները, թե́ հանդիսատեսը: Անհավատալի է, որ այդպիսի պարզ ու մաքուր մարդը, սիրուն, պոզիտիվ ու տաղանդավոր աղջիկն այսօր մեր կողքին չկա: Նա մարդկային բոլոր չափանիշներն ուներ: Հումորի անսպառ զգացում ուներ:
Այժմ միշտ կապ ենք պահպանում Հասմիկի ամուսնու հետ: Երբ գալիս է Հայաստան, անպայման հանդիպում ենք` թեկուզ մեկ գավաթ սուրճի շուրջ, երբ մենք ենք գնում ԱՄՆ` նորից տեսնվում ենք:
Ես չեմ ցանկանա ասել «Հասմիկի շիրիմին հանգստություն»… Ուղղակի կասեմ` Հաս, քեզ շատ եմ կարոտել…
Արմեն Վարդանյան
«7,5» ներկայացման շրջանակներում շատ ենք աշխատել միասին: Անհասկանալի, բայց հաճելի գույն ուներ Հասմիկը: Էմոցիոնալ, բայց աշխատասեր ու տաղանդավոր անհատականություն էր: Ճանապարհի լավ ընկեր էր, գործընկեր: Չկարծեք թե հերթական շաբլոն խոսքեր եմ շռայլում, իսկապես նա այդպիսին էր: Կան մարդիկ, որ անկախ քո տվյալ պահի տրամադրությունից` մեծ էներգիա են գողանում քեզանից: Նա հակառակն էր. շատ կենսուրախ, հումորով և զվարթ մարդ էր, էներգիա ու աշխուժություն էր փոխանցում:
Բառիս և՛ բուն, և՛ փոխաբերական իմաստով անդառնալի է Հասմիկի կորուստը: Ես այսօր աշխատում եմ ներկայացումների ժանրում և զգում եմ, որ այդպիսի դերասանուհինների խիստ պակաս կա. մարդ, ով և́ էստրադային է, և́ «շկոլա» ունի, քո գրած հումորը ոչ թե փչացնում, այլ ընդհակառակը` մի բան էլ ծաղկացնում է:
Անձամբ ես ամեն օր զգում եմ նրա և́ մարդկային տեսակի կորուստը, և́ մասնագիտական:
Զրույցի ընթացքում հուզված էին բոլորը: Թեև հիշելիս մի պահ ժպտում էին, սակայն զգացվում էր, որ կարոտ, թախծոտ կարոտ կա խոսքերում, ձայնում: Իսկ Հասմիկի մտերիմ ընկեր ու գործընկեր Ալեն Սիմոնյանը միայն մեկ նախադասությամբ փոխանակվեց. «Անկեղծ ասած` ես չեմ կարող խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ ինձ համար շատ դժվար է, շատ ծանր: Իրեն շատ եմ սիրում, շատ եմ կարոտում, բայց խոսել չեմ կարող»:
Ծնունդդ Շնորհավոր լուսավոր ու ԿԱՐԳԻՆ աղջիկ: