15/06/2015 18:15
Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, 2015թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 4-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը: Այս մասին հայտնում են հիմնադրամ լրատվական բաժնից:
2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Հունիսի 17-ին, ժ. 12.00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա Փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն փառատոնի համերգային ծրագրերը:
Հունիսի 18-ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը:
Ծրագրում` Ջ. Բ. Պերգոլեզիի «Ստաբատ մատեր» և Յ. Ս. Բախի Ռե մինոր BWV 1052 դաշնամուրային կոնցերտ:
Ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան:
Փառատոնի մեկնարկի համերգը նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին: