15/06/2015 14:48
Այս տարի «Ոսկե ծիրանի» մեխը կլինի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունը
Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեխերից է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն՝ ընդգծելով, որ «Ոսկե ծիրանն» այս 12 տարիների ընթացքում դարձել է Երևանի այցեքարտերից:
«Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ անցկացվելու են կինոսիրահարների և ուսանողների համար նախատեսված վարպետության դասեր, իսկ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին մասնակցելու են մի շարք երկրների մշակույթի նախարարներ»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ «Ոսկե ծիրանն» այս տարի բացի մրցութային ծրագրից հարուստ է նաև արտամրցութային ծրագրով.
«Երկու ծրագիր կա՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ «Մենք կանք» և «Այլևս երբեք»: Բացի այդ, կներկայացնենք նոր ֆրանսիական և նոր գերմանական կինոն»,- ասաց Մ. Ստամբոլցյանն՝ ավելացնելով, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի ընթացքում կցուցադրվեն խոշորագույն փառատոնների մասնակցած և տարվա ընթացքում աչքի ընկած ֆիլմերը:
Նշենք, որ «Ոսկե ծիրանի» բացումն այս տարի կլինի հուլիսի 12-ին: 105 երկրից ստացվել է փառատոնին մասնակցելու 1600-ից ավելի հայտ: