16/06/2015 19:45
ՄԻԵԴ. Oնլայն ԶԼՄ-ները պատասխանատվություն են կրում օգտատերերի մեկնաբանությունների համար
2006 թ. հունվարին Բալթյան երկրներում առաջատար Դելֆի (Delfi) օնլայն պարբերականը մի հոդված էր հրապարակել երկրում գործող մի լաստանավային ընկերության վերաբերյալ, որից հետո կայքում հատուկ մեկնաբանությունների համար նախատեսված բաժնում շատ օգտատերեր կատարել էին ծայրահեղ վիրավորական և սպառնալից գրառումներ՝ ընկերության և դրա ղեկավարի հասցեին:
Այնուհետև այդ ընկերության իրավաբանների ահազանգից հետո կայքից հեռացվել էին խնդրահարույց մեկնաբանությունները, սակայն 2006թ ապրիլին ընկերությունը դատի էր տվել Դելֆիին, իսկ Ազգային դատարանը որոշել էր, որ կրած վնասների համար Դելֆին ընկերությանը պետք է վճարի 320 եվրոյին համարժեք գումար:
«Սույն գործը (Դելֆին ընդդեմ Էստոնիայի) վերաբերում է ինտերնետային նորությունների կայքերի «պարտականություններին և պատասխանատվությանը» այն դեպքերում, երբ ինտերնետային նորությունների կայքերը տնտեսական նպատակներով տրամադրում են օգտատերերի կողմից հրապարակվող մեկնաբանությունների հարթակ իրենց նախկինում հրապարակված նյութերի համար, և երբ որոշ օգտատերեր – անանուն կամ իդենտիֆիկացված – ներքաշվում են ակնհայտորեն անօրինական ելույթների մեջ, որը խախտում է այլոց իրավունքները և նմանվում է ատելության խոսքի կամ նրանց դեմ հրահրում է բռնություն», - ասվում է ՄԻԵԴ վճռում:Դատարանը գտել է, որ թեև Դելֆին՝ դիմումատուի փաստաբաններից ահազանգ ստանալուն պես անմիջապես հեռացրել է խնդրո առարկա մեկնաբանություններն իր կայքից, երկրի Գերագույն դատարանի կողմից համապատասխան օրենքի կիրառմամբ օնլայն պարբերականի նկատմամբ տուգանքի նշանակումը, այնուամենայնիվ, եղել է իրավաչափ և «անհրաժեշտ միջոց ժողովրդավարական հասարակությունում»: