16/06/2015 20:10
Թե ինչպես Էրիկ Անթառանյանը փրկեց անծանոթ աղջկա կյանքը. Արձակուրդային հուշեր
Վերջապես եկավ բոլորի կողմից շատ սպասված ամառային արձակուրդի շրջանը: Շատերը նախընտրում են հանգիստը վայելել թանկարժեք Հայաստանում, շատերը` արտերկրում:
Ինչպիսի՞ հանգիստ են իրենց համար պլանավորել հայ հայտնիները, որտեղ և ո՞ւմ հետ են վայելելու ամառային արձակուրդները` Aysor.am-ը կփորձի ներկայացնել խորագրի տեսքով:
Հաղորդավար Էրիկ Անթառանյանը այս տարի հանգստի կմեկնի կնոջ և ավագ որդու` Սերգեյի հետ` փոքրիկ Դավիթին վստահելով տատիկներին: «Կլինենք Ֆրանսիայի Պրովանս գավառում, հիմնականում` Մարսել քաղաքում: Կայցելենք նաև Նիցցա և Կանն քաղաքներ, որտեղ անցյալ տարի մեր հարսանիքն էր»,- ժպիտով մանրամասնեց Էրիկ Անթառանյանը:
Մեր զրուցակցի խոսքերով` հանգստի իդեալական տարբերակը ընտանիքի հետ անցկացնելն է: Էրիկի համար սա հրաշալի հնարավորություն է` երկարատև ու անշտապ ժամանակ անցկացնել ավագ որդու հետ. «Հանգիստ, նշանակում է աշխատանքային, առօրյա եռուզեռից տարբերվել, վերջապես հնարավորություն ունենալ շփվելու քո հարազատների հետ: Նպատակ ունեմ անպայման որդուս տանել Իֆ ամրոց և Փարիզի Դիսնեյլենդ. այն, ինչն իմ մանկության տարիներին, երբ ապրում էի Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքով՝ երազանք էր»:
Մեր այն հարցի, թե արդյոք «ֆրանսիական» հանգիստը ծանր «հարված» չի հայ աշխատավորի գրպանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երևի չհավատաք, բայց Ֆրանսիայի հանգիստը կարժենա գրեթե այնքան, որքան կարժենար հարևան Վրաստանի լավ հյուրանոցներից մեկում հանգստանալը: Պարզապես ավիատոմսը և հյուրանոցի ամրագրումը պետք է անել ինքնուրույն ու շատ վաղուց»:
Յուրաքանչյուր հանգիստ հետագայում հիշվելու առիթներ է ընձեռում: Այդպիսի հիշարժան մի դեպք տեղի ունեցավ նախորդ տարի, որի մասին օրեր առաջ «հիշեցվեց» Էրիկին: «Ընտանիքով հանգստանում էինք Աջարիայի Շեկվետիլի հանգստավայրում: Մի օր ծովն ալեկոծ էր և ափի փրկարարները բարձրացրեցին կարմիր դրոշակ` ի նշան այն բանի, որ վտանգավորր է, և լողալ չի կարելի: Դե իհա~րկե, մեզ համար «ծովը ծնկներից» է. մի քանի հոգի, այնուամենայնիվ, ջրում էին: Չնայած ես լողորդ եմ և նույնիսկ ժամանակին եղել եմ Հայաստանի չեմպիոն՝ ջուրը չմտա: Պարզապես նստել էինք ափին և տղայիս հետ ավազե ամրոց էինք պատրաստում: Հանկարծ մարդիկ սկսեցին վազվզել, գոռգոռալ ու ինչ որ բան ցույց տալ ջրի մեջ: Հասկացա, որ ինչ որ մեկը խեղդվում է: Առանց մտածելու` նետվեցի օգնելու: Ինձնից մի քանի վայրկյան անց ջրում էր նաև փրկարարը: Արագ հասանք խեղդվողներին, որոնք երկուսն էին` աղջիկ ու տղա: Տղայի հայացքից հասկացա, որ պետք է հանել աղջկան, ինքը դեռ ինչ-որ կերպ կպայքարի: Մինչ ես աղջկան փորձեցի հանել ափ, փրկարարը տղային ջրից հանեց: Մի պահ ուզում էինք շունչ քաշել ես ու փրկարարը. նայեցինք իրար երեսի, տեսնենք` փրկվածները չկան, չքվել են: Վրացին մի քիչ փնթփնթաց, իբր` փոխանակ շնորհակալություն հայտնեն, դեռ մի բան էլ փախան: Ես էլ մտածեցի` երևի պարզապես վախեցել էին, դրա համար փախան: Հաջորդ մի քանի օրերին լուրի էի սպասում, ուզում էի իմանալ, որ ամեն ինչ կարգին է: Սակայն` ապարդյուն… Մի քանի օր առաջ մեր հեռուստաընկերության ճաշարանում ընդմիջում էի անում, երբ ինձ մոտեցավ մի երիտասարդ ու ասաց. «Շնորհակալ եմ»: Հարցիս, թե ինչի՞ համար, պատասխանեց. «Չե՞ք հիշում, դուք անցյալ տարի ինձ ու քրոջս փրկեցիք, մենք այնքան վախեցած էինք, որ փախանք»: Մի լավ ծիծաղեցինք, պարզվեց հիմա մեր հեռուստաընկերությունում պրակտիկա է անցնում` աշխատանքի ընդունվելու նպատակով: Նրան հարցրեցի, թե ա՞յս տարի որտեղ է հանգստանալու: Պատասխանեց, որ «Էլի նույն տեղում»: « Ինձ վրա հույս չդնեք, այս տարի այնտեղ չեմ լինելու» զգուշացրեցի նրան»,- Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով վերհիշեց Էրիկ Անթառանյանը: