17/06/2015 17:09
Արժանի դիմավորում՝ Բաքվից վերադարձած ըմբիշներին. Ծառուկյանը խոստացել է
Հայ մարզասերներն ուրախ են Եվրոպայի մարզական առաջին խաղերում Հայաստանի հունառոմեական ոճի ըմբիշների հաջող մրցելույթների համար: Այդ առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել «Փարավոն» համալիրում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:
Հաղորդագրության մեջ ասված է.
«Պատվիրակությանը դիմավորել են մարզաշխարհի հարյուրավոր մարդիկ: Տպավորիչ էր մրցուղերթից վերադարձած հոգնատանջ տղաների տեսքը: Ըմբիշների տրամադրությունը թեև բարձր էր, բայց նրանց դեմքերին արտացոլված կապտուկներն ու այտուցները հուզեցին ներկաներին: Բոլորը գիտակցում էին, որ մարզիկները հիրավի դաժան փորձություն են անցել, որ ուժերի անմնացորդ նվիրումով են գոտեմարտել, անտեսել, արհամարհել են մարզասերների վայնասունը, կողմնակալ մրցավարությունը, տարաբնույթ ճնշումները և այլն :Այդ մասին վկայում են նաև նրանց հետ ունեցած զրույցները:
Հուզիչ էր Գագիկ Ծառուկյանի խոսքը: Նա ընդգծել է, որ տղաների մարտունակությունն ու հայրենասիրական ոգին դրոշմված է նրանց դեմքերին: Պետք է արժանին մատուցել նաև նրանց ծնողներին ու հարազատներին: Մարդիկ ոչ միայն չեն խանգարել մրցուղերթի հարցում, այլ ոգևորել, հաղթելու մաղթանքներով են ճանապարհել իրենց զավակներին: Ըմբիշները եղել են համախմբված, կազմակերպված, հավասարակշռված, և կենտրոնացել են միայն իրենց մրցելույթների վրա: Անկարելի է չնկատել ու չգնահատել այս ամենը: Նրանց նկատմամբ մեր ուշադրությունը շարունակական կլինի և նրանք կարժանան համապատսախան վերաբերմունքի: Գ. Ծառուկյանը հույս է հայտնել,որ հաղթելու վճռականությամբ ասպարեզ կելնեն նաև մեր մյուս ներկայացուցիչները և համառ ու անզիջում պայքար կմղեն խաղարկվող մեդալների համար:
Խաղերից վերադարձած ըմբիշներ Ռոման Ամոյանը, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը,Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանը, վաստակավոր մարզիչներ Սամվել Գևորգյանը, Էդվարդ Սահակյանը և Արթուր Պետրոսյանը նշել են,որ մեր հավաքականը այժմ արդեն կսկսի նախապատրաստվել առաջիկայում կայանալիք տարվա գլխավոր ստուգատեսին` աշխարհի առաջնությանը, որտեղ կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր: