17/06/2015 14:53
«Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ: Այս մասին հայտնում են Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժնից:
«The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը, որի պրեմիերան կկայանա հունիսի 23–ին, կկատարեն «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաև սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի և Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է և, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում:
«Ես չափազանց ուրախ եմ, որ երաժշտությունը մեզ այնքան ամուր կապեց, որ համագործակցությունը շարունակվում է նաև մրցույթից հետո. չէ՞ որ երաժշտությունը մեծ և ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները և փակում առկա ճեղքերը: Հուզմունքս այնքան մեծ է, որ կարծում եմ կբավականացնի բոլորիս: Անհամբերությամբ կսպասեմ հանդիսատեսի արձագանքին և կարծիքին: Հույս ունեմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»,- ասել է նա:
«The otherside» երգը խաղաղության և միասնության կոչ է, ինչպես նաև յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: