17/06/2015 20:15
Ամուսնական ճամփորդությունից՝ մինչև նոր գաղափարների փնտրտուք. Ինչպե՞ս են հանգստանում հայտնիները
Aysor.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել հայ հայտնիների ամառային հանգստյան տեղացույցը:
Դերասան Վիգեն Թադևոսյանի համար այս տարի ոչ միայն հաճելի հանգիստ կլինի, այլ նաև հարսանեկան ճամփորդություն: Արդեն իսկ որոշված է օրը, վայրը և մնալո ժամկետը: «Հուլիսի երկրորդ կեսին կայանալիք հարսանիքից անմիջապես հետո սիրելիիս հետ 12 օրով կմեկնենք Հունաստանի Կրետե կղզի: Ես և ակտիվ, և պասիվ հանգստի սիրահար եմ, չեմ սիրում օրերս պլանավորել: Իհարկե, գեղեցիկ հանգիստ կազմակերպելու համար ֆինանսը մեծ նշանակություն ունի, բայց կարևոր է նաև տրամադրվածություն ու շրջապատող մարդիկ»,-նշեց մեր զրուցակիցը:
Վիգենը սիրում է շրջագայել նաև Հայաստանի տեսարժան վայրերում: Միշտ հետաքրքիր ու հիշարժան պատմությունների մեջ է ընկնում, սակայն վստահ է, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է. «Այս պահին չեմ կարող մտաբերել, բայց կարծում եմ, հետաքրքիր դեպքերի մասին կխոսեմ արդեն օգոստոս ամսին, քանի որ ամենահիշվողն ու հետաքրքիրը կլինի հարսնացուիս հետ ճամփորդության ընթացքում»,-ժպիտով եզրափակեց նա:
Կրկեսի արտիստ, ակրոբատ Թինա Քեյը, թեև երբեք նախապես չի պլանավորում իր հանգիստը, սակայն միշտ հանգստանում է ծովափնյա որևէ երկրում: «Այս տարի ևս, քանի որ ամուսինս գտնվում է գործուղման մեջ` Ուկրաինայում, հանգստի կմեկնեմ դստերս և մայրիկիս հետ: Ես ավելի պասիվ հանգստի սիրահար եմ, քանի որ տարվա ընթացքում ակտիվ առօրյա եմ ունենում»,-նշեց մեր զրուցակիցը:
Նա սիրում է հաճելին և օգտակարը համատեղել: Կարևոր չէ, թե որքան գումար կծախսի, կարևորը` լիաթոք հանգստանա և նոր մտքերով վերադառնա: «Հանգստի մեկնելիս ծանոթանում եմ տվյալ երկրի պատմությանն ու մշակույթին: Միգուցե այնտեղ ինձ մոտ նոր մտքեր, պարային նոր համարներ ծնվեն: Իսկ ֆինանսը շատ հարաբերական է. շատ ունենաս` շատ կծախսես, քիչ ունենաս` քիչ կծախսես: Նայած` ով իչքան է նախատեսել»,- եզրափակեց Թինա Քեյը:
Ըստ դերասան Էմիլ Գալստյանի, ինքն ամեն տարի ինքնատիպ հանգիստ է վայելում, սակայն առավել կարևորում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեպես հանգիստը: «Ինձ համար կապ չունի ֆինանսական հնարավորություններն ու հանգստի վայրը: Կարևորը հոգեպես հանգստությունն է, որը կարող ես ձեռք բերել ընդամենը Աստվածաշունչ կարդալով: Երբ հոգիդ հանգիստ է, բնականաբար, հանգիստ ես նաև արտաքին աշխարհում, ուրախ ես ու լցված սիրով և երջանկությամբ: Իմ կարծիքով աշխարհիկ հանգիստը` ծովի ափին, տարբեր գայթակղություններով լի շքեղ հյուրանոցում, ավելի շատ անհանգստություն է պատճառում: Քանի դեռ մարդն իր երջանկությունն ու հանգիստը ստնում է շքեղությունից ու աշխարհիկ հաճույքներից, ապա լիաթոք հանգիստ չի վայելի… Ամեն դեպքում նշեմ, որ ֆիզիկական հանգիստս դեռ չեմ որոշել, թե որտեղ պետք է անցկացնեմ: Բայց մի բան հաստատ է` ընտանիքիս հետ կլինեմ այնտեղ, որտեղ Աստված կկամենա»,-վստահեցրեց նա: