18/06/2015 10:54
Բաքվում ելույթ են ունենում մեր ազատ ոճի ըմբշամարտիկները. Արդեն երկրորդ հաղթանակն ունենք
Բաքվում այսօր արդեն երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանի ներկայացուցիչ 86 կգ քաշային ազատ ոճի ըմբշամարտիկ Մուսա Մուրթազալիևը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Մեր ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող, ազգությամբ օս Նասկիդաևի հետ: Ու կրկին ամեն ինչ վճռվեց վերջին վայրկյաններին: Մուսան իր բացառիկ մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը կգոտեմարտի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:
61 կգ քաշային կարգում պարտություն կրեց Վոլոդյա Ֆրանգուլյանը: Աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին մի դրվագում Վոլոդյան փոխադրեց, սակայն մրցավարները չգնահատեցին հնարքը: Վոլոդյան ամենայն հավանականությամբ դեռ կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Մի քանի րոպե հետո էլ կկայանա Լևան Բերիանիձե (Հայաստան) - Հաջիմուրադ Գացալով (Ռուսաստան) գոտեմարտը»,- գրել է նա: