18/06/2015 16:33
Պարոն Միրումյան, ո՞նց եք մի բան ասում, որի վրա դուք էլ վստահ չեք. Արծվիկ Մինասյան
«Այս նախագծի տրամաբանությունը մեր տնտեսությանը հակասում է: Թե ինչու եք բերել այս բեռը, չեմ հասկանում: Ես ձեզ մեղադրանք եմ ներկայացնում: Ընդունեք, որ դուք սպասարկում եք բենզին ներկրողների շահերը, խրախուսում դրանց իրացումը»,- ԱԺ-ում Ակցիզային հարկի մասին օրենքի քննարկման ժամանակ ասացց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե այդ դեպքում ինչո՞ւ չի թանկանում նաև գարեջուրը:
«Ինչո՞ւ այն չի թանկանում, թե այն մեր ռազմավարական ոլորտներից է, դրա համար չեք ներառել: Այս նախագիծը առհասարակ չպետք է քննարկման առարկա դարձնել, քանի որ բացասական սպասումներ են ձևավորվում»,- ասաց նա՝ ընդգծելով, թե չպետք է բոլոր բացերը ԵՏՄ-ով հիմնավորել. «Ասում էիք՝ օգուտներ ենք ստանալու ԵՏՄ-ից, հիմա հակառակ գործընթացն է սկսվում, բա՞ ուր են այդ օգուտները»:
ՀՀ Ֆինանսների փոխանարար Վախթանգ Միրումյանն էլ իր հերթին ասաց, որ Հայաստանում գարեջրի դրույքաչափն ավելի բարձր է, քան՝ ԵՏՄ-ում, ի պատասխան Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ պնդելով, թե Միրումյանը մի բան ասում է, այլ բան՝ հիմնավորում: «Պարոն Միրումյան, ախր դուք լավ տնտեսագետ եք ու գիտեք, թե մեր տնտեսության մեջ հարկային բեռ մտցնելն ինչ է նշանակում: Ո՞նց եք մի բան ասում, որի վրա դուք էլ վստահ չեք»:
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ իր հերթին հայտարարեց, թե այս օրենքը որևէ կապ չունի ԵՏՄ-ի հետ: «ԵՏՄ-ն ակցիզային հարկի մասին օրենքի հետ մի կապեք: Դրանք հարկատեսակներ են և ամեն մի երկիր ինքն է որոշում իր հարկատեսակը»,- հայտարարեց նա: Այնուհետև դիմելով փոխնախարարին՝ նշեց, որ կառավարությունը պետք է համապատասխան ծրագիր ներկայացնի: «Այսօր ժամանական է ոչ ստանդարտ լուծումներով իրականացնել տնտեսական քաղաքականություն: Եկեք վեր կանգնենք սովորական ընթացակարգերից ու բյուջեն գերնպատակ չդարձենենք»,- հայտարարեց պատգամավորը՝ հստակեցնելով, որ այսօր բոլորի նպատակն է ՀՀ քաղաքացու համար արժանավոր կյանք ապահովելը: Նա շեշտեց նաև, որ չպետք է վախենան բյուջեի թերկատարումից:
Պատգամավորը հայտարարեց, որ իրենք բախտ չեն ունեցել իրենց հանձնաժողվում քննարկելու այս հարցը և ըստ այդմ, ուզում է հասկանալ՝ շրջանառության ի՞նչ ծավալ կարող է կրճատվել.
«Ես վստահ եմ, որ այս նախագիծն ազդելու է գների բարձրացման վրա: Լավ եք անում՝ հարկային բեռ եք ավելացնում, սակայն որտե՞ղ եք ծախսելու այս գումարները, այդ ինը միլիարդ դրամ հավելյալ մուտքը պետական բյուջե ո՞ր ուղղություններով ենք դնում այն: Չի կարելի այս ցնցումերով գնալ: Այսօր ոչ ստանդարտ լուծումների ժամանակահատված է և ամբողջ աշխարհում է լուրջ տնտեսական ճգնաժամ»: