18/06/2015 15:01
Միքայել Մելքումյան. Այսօր մարդիկ մտածում են ոչ թե բիզնեսը զարգացնելու, այլ՝ լուծարելու մասին
Այսօր Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ իր մասնագիտական վերլուծությունը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ ինչպես միշտ, խոսելու է թվերով ու փաստերով:
Դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին՝ պատգամավորը հուշեց, որ պետք է նման օրենքը ներկայացնելուց առաջ նախևառաջ ուսումնասիրել Հայաստանի տնտեսության պատմությունը՝ հասկանալու համար, մարդիկ թե ինչ ջանքերով են բիզնես ստեղծել ու պատերազմի տարիներին անգամ պահպանել:
«Եթե մարդիկ իրենց բիզնեսը պահպանել են այդ տարիներին, ուրեմն բիզնեսի համար ունեցել են ակնհայտ լավ տարիներ, իսկ այս տարին բիզնեսի համար բարենպաստ չէ, հետևաբար մարդիկ չեն կարող պահպանել իրենց բիզնեսը»,- հայտարարեց պատգամավորը՝ նկատելով, որ այսօր մարդիկ մտածում են ոչ թե բիզնեսը զարգացնելու, այլ՝ լուծարելու մասին:
«Հիմա այն ժամանակները չեն, որ մենք բիզնեսի վրա մի հատ էլ նորից բեռ դնենք»,- հայտարարեց պատգամավորը՝ նկատելով, որ օրենքի նոր նախագծով չի երևում, թե բիզնեսների կապիտալիզացիան ուր է գնալու:
Պատգամավորի խոսքով՝ առանց այդ էլ դեկտեմբերին փոխարժեքի տատանումները մեծ վնաս հասցրեցին փոքր ու միջին բիզնեսին, մինչդեռ ոչ ոք մատը մատին չտվեց դրանք փրկելու ուղղությամբ: «Որ օրենքներ եք բերում այստեղ, պետք է այս օրենքների մեջ մի փոքր էլ հոգի դնեք, որպեսզի մակրոանալիզներից իջնենք և օրենսդրությունը մարդակենտրոն դարձնենք»,- հայտարարեց պատգամավորը:
Մ. Մելքումյանն առաջարկեց նաև համապատասխան ուսումնասիրություններ անել՝ հասկանալու համար, թե ինչ կերպ են նոր օրենքներն անդրադառնում բիզնես միջավայրի վրա: «Եկեք վերցնենք մի հատ բենզալցակայան, մի հատ էլ գազալցակայան ու հաշվարկենք: Այստեղ միայն հայտարարություններ հնչեցնելով չէ, որ պետք է հարցին լուծում տանք»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա մյուս դիտարկումը վերաբերում էր ինդեքսավորմանը: «Ասում ենք ԵՏՄ-ում սենց ա, միջազգայինում՝ սենց: Բա բերեք ինդեքսավորումը կապենք սրա հետ, ի՞նչն է խնդիրը, որ չեք անում, ինչի այս օրենքի հետ չեք բերել նաև ինդեքսավորման օրենքը»,- հետաքրքրվեց պատգամավորը՝ խոսելով նաև հարկերից, որոնք նույնպես ներառված չեն:
«Հարկերի մասով նշված չէ, թե դրանք ֆիսկալ բնույթ են կրում, թե կարգավորում են: Ես չգիտեմ, թե սա ինչ է՝ սոցիալական, թե ուրիշ որևէ բան, բայց այս մասին որևէ բան ներառված չէ այս նախագծում»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց նաև, որ այսօր Հայաստանում ոչ մի բան չեն կարողանում վաճառել, իսկ չվաճառել նշանակում է, կապիտալի տեղարաժերից ու ինովացիաներից զրկվել: «Կխնդրեի կառավարությանը ամփոփիչ ելույթում դրանք հաշվի առնել»,- եզրափակեց պատգամավորը: